Այսօր` օգոստոսի 24-ին թուրքական օկուպացիոն ուժերի անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Թալ Ռիֆաթի շրջանում[1]: Հարձակման հետևանքով կա 3 զոհ և 9 վիրավոր` այդ թվում նաև կանայք և երեխաներ:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ` օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգի՝ Սիրիային սահմանակից Քարքամըշ շրջանի որոշ մզկիթներից հայտարարություն էր հնչել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ռազմական գործողության մեկնարկի մասին[2]։ Թեև «պաշտոնական ռազմական գործողությունը» չի մեկնարկել, սակայն Թուրքիան «ահաբեկչության դեմ պայքարի» քողի տակ պարբերաբար և տարբեր ինտենսիվությամբ զինված հարձակումներ է իրականացնում Սիրիայի օկուպացված հյուսիսային շրջաններում` էլ ավելի ապակայունացնելով իրավիճակը: Այս հարձակումը վերջին մեկ ամսվա կտրվածքով առնվազն 3-րդն է: Մինչ այդ` օգոստոսի 6-ին թուրքական ԱԹՍ-ը թիրախավորել էր մեքենա սիրիական Ղամիշլո քաղաքում. պայթյունի հետևանքով զոհվել էր 4 մարդ, այդ թվում` 2 երեխա[3]: Իսկ դրանից ընդամենը օրեր առաջ Թուրքիայի կողմից հովանավորվող ահաբեկչական ուժերը հարձակում էին գործել Սիրիայի Համա նահանգի Սուքայլաբիա քաղաքում` հույն օրթոդոքս Այա Սոֆիա եկեղեցու հարևանությամբ[4] :
Ինչպես տեսնում ենք, Թուրքիան կանգ չի առնում իր զավթողական քաղաքականության ճանապարհին` արդարացնելով իր ցեղասպան քաղաքականությունը կեղծ խաղաղասիրության օրակարգով, սեփական անվտանգության նկատառումներով և այդ նկատառումներից դրդված այլ պետությունների սուվերեն տարածքի նկատմամբ կատարված ոտնձգություններով: Այդ ոտնձգությունները թուրքական կողմն անվանում է անվտանգային «բուֆերային գոտի»:
Թուրքիան 2016 թվականից ի վեր Սիրիայում իրականացրել է ռազմական երեք խոշոր գործողություն («Եփրատի վահան», «Ձիթենու ճյուղ», «Խաղաղության աղբյուր»), որի արդյունքում թուրքական ԶՈՒ և դրա հետ փոխկապակցված զինված խմբավորումների փաստացի վերահսկողության տակ է գտնվում Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի ավելի քան 8800 քառակուսի կմ։ Նշված գրավյալ շրջաններում քաղաքացիական և ռազմական իշխանությունն իրականացվում է Թուրքիայի պետական տարբեր գերատեսչությունների կողմից։ Թուրքական օկուպացիայի արդյունքում փոխվել է նվաճված տարածքների ժողովրդագրական պատկերը, որոնց արդյունքում հիմնականում քրդաբնակ շրջանները զրկվել են իրենց բնիկ ժողովրդից։
[1] Death toll of the Turkish attack on Tal Rifaat has risen to 3, https://www.hawarnews.com/en/haber/death-toll-of-the-turkish-attack-on-tal-rifaat-has-risen-to-3-h32545.html (հղվել է 24.08.2022 թ.).
[2] Թուրքիայի մզկիթները ահազանգում են ռազմական գործողության մասին,https://hayaliq.com/turkishoperationinsyria/(հղվել է 24.08.2022 թ.):
[3] Թուրքական ահաբեկչություն Սիրիայում, https://hayaliq.com/turkeyattackssyria/ (հղվել է 24.08.2022 թ.):
[4] Ահաբեկիչները եկեղեցի են ռմբակոծել Սիրիայում, https://hayaliq.com/terroristsattackedchurchinsyria/ (հղվել է 24.08.2022 թ.):