Հունիսի 5-ին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը հայտարարել է, որ զինված ուժերում համալրման համակարգի բարելավման նպատակով պաշտպանության նախարարությունը կառաջարկի Լատվիայում ներդնել համընդհանուր զինծառայության համակարգ:
Պաշտպանության նախարարը նշել է, որ ներկայիս համակարգն իրեն սպառել է: Նախատեսվում է համընդհանուր զինծառայության համակարգը ներդնել մոտակա 5 տարիների ընթացքում` աստիճանաբար: Իսկ 2023 թ.-ի հունվարի 1-ից կսկսվի առաջին փուլը, որի ընթացքում հնարավոր կլինի կամավոր կերպով մասնակցել զորակոչին:
Նախատեսվում է զորակոչ անցկացնել տարեկան 2 անգամ` հունվարի 1-ին և հուլիսի 1-ին: Զորակոչի ենթակա են 18-27 տարեկան տղամարդիկ: Կանանց ծառայությունը կիրականցվի կամավոր հիմունքներով:
Այսպիսով, Լատվիայի պաշտպանության նախարարության նպատակն է 5 տարվա ընթացքում ազգային զինված ուժերի քանակությունը պատերազմական պայմաններոում հասնցնել 50.000-ի:
Այս ամենը, Լատվիայի պաշտպանության նախարարի բնութագրմամբ, պատճառաբանված է ուկրաինական ճգնաժամով:
Հիշեցնենք, որ Լատվիայի Գերագույն խորհուրդը պարտադիր զինվորական ծառայության մասին օրենքը ընդունել է 1991 թվականի սեպտեմբերի 10-ին։ Առաջին զորակոչը տեղի է ունեցել 1992 թվականի ապրիլին, վերջինը՝ 2006 թվականի նոյեմբերի վերջին։ 2007 թվականից երկրում գործում է պրոֆեսիոնալ բանակային համակարգ, որը ենթադրում է միայն պայմանագրային զինծառայություն։ Սակայն առկա անվտանգային սպառնալիքներին հնարավոր չէ դիմագրավել առանց պարտադիր զինծառայությամբ համալրված կանոնավոր բանակի, ուստի նորից անցում է կատարվելու է մինչև 2006 թվականը գործող համակարգին։
Վերջին շրջանում այսպիսի միտում է նկատվում Եվրոպայի նաև այլ երկրներում, ինչը վերահաստատում է այն փաստը, որ աշխարհը գնում է դեպի ռազմականացում: Եվ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ լինելը բավարար երաշխիք չէ Լատվիայի համար, ուստի վերջինս որոշում կայացրեց աստիճանաբար վերականգնելու պարտադիր զորակոչը: