Օգոստոսի 6-ին հրապարակվել է Լաչինի միջանցքի շուրջ ծավալված վերջին իրադարձությունների վերաբերյալ Արցախի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի տված հարցազրույցը։ Անդրադառնալով եռակողմ գրավոր կապիտուլյացիոն փաստաթղթով պարտադրված ճանապարհին` վերջինս նշել է. «Միջանցքով անցնող ճանապարհի Հայաստանից սահման, Հին Շեն, Մեծ Շեն, Կանաչ Թալա ճանապարհահատվածը պատրաստ է։ Սահմանից դեպի Կոռնիձոր 11 կմ-անոց հատվածը դեռևս պատրաստ չէ։ Օգոստոսի 1-ին նոր տենդեր է եղել Հայաստանում, որտեղ 3 ընկերություններ կսկսեն իրենց հատվածների կառուցումը։ Ենթադրվում է, որ ժամանակավորապես գործող ճանապարհի փակվելուց հետո Հայաստանի սահմանից 3-4 կմ-անոց հատված կա գրունտային, որով կփորձենք միանալ արդեն Հայաստան տանող մայրուղուն։ Այս ձևով ժամանակավոր լուծում կլինի մինչև հայաստանյան հատվածում ճանապարհը կառուցվի»։
Փաստորեն, կապիտուլյացիոն փաստաթղթով մեզ պարտադրված, այսպես կոչված, «այլընտրանքային» ճանապարհի հայաստանյան հատվածը դեռ պատրաստ չէ։ Ավելին՝ ճանապարհի հարևանությամբ պետք է կառուցվեն Արցախը սնուցող ենթակառուցվածքները, քանի որ Լաչինի միջանցքի հանձնմամբ Հայաստանի Հանրապետությունը Արցախին կապող բոլոր ենթակառուցվածքները (էլեկտրա- և այլ հաղորդալարեր, գազատար և այլն) կհայտնվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ինչպես փոխանցում է նախարարը, եռակողմ գրավոր կապիտուլյացիոն փաստաթղթով պարտադրված ճանապարհն ամբողջապես պետք է գործի ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում։ «Դա միջանցքի տրամաբանությամբ է գործելու։ 5 կմ-անոց հատվածը ամբողջովին գտնվելու է ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ, այնտեղ ադրբեջանական զորքեր կամ այլ ծառայողներ չեն լինելու։ Դա լինելու ա նույն միջանցքի տրամաբանությամբ, ոնց որ գործում է էսօրվա Բերձոր, Աղավնո միջանցքը»,- ասել է վերջինս։
Եզրափակելով հարցազրույցը Հ. Խանումյանը նշել է. «Թշնամին բավականին մոտ է մեր կենսական ենթակառուցվածքներին, մոտ է մեր բնակավայրերին, մոտ է մեր ճանապարհներին և այլն։ Դե մտավախություն միշտ էլ կա։ Բայց, այնուամենայնիվ, որոշակի սցենարներին պատրաստվելու գործ ևս արվել է»։
Փաստացի, նախարարը չի ժխտում Ադրբեջանի կողմից սադրանքների հավանականությունը, սակայն պարզ չէ, թե այս պայմաններում ինչպես է նախապատրաստվել հայկական կողմը, երբ նույնիսկ կառուցված չէ, այսպես կոչված, «այլընտրանքային» ճանապարհի հայկական հատվածը։ Իսկ փաստը, որ Ադրբեջանը նպատակադրված կերպով փորձում է Արցախը լիարժեք կտրել ՄայրՀայաստանից և ինտեգրել իր տարածքի մեջ, անհերքելի է։ Ըստ այդմ՝ Լաչինի միջանցքի օկուպացումն ադրբեջանական կողմին մոտեցնում է այդ նպատակին։ Իսկ սա իր հերթին հղի է մի շարք վտանգներով[1]`
- Բերձորի ու շրջակա գյուղերի հայկական ողջ ժառանգությունը կոչնչացվի ադրբեջանցիների կողմից,
- ՀՀ «Լաչինի միջանցքի»-ն սահմանակից հայկական գյուղերը կդառնան սահմանային և կգտնվեն Ադրբեջանի ԶՈՒ ուղիղ նշանառության տակ,
- Հայաստանը կանի իր հերթական միակողմանի զիջումն Ադրբեջանին, որն առիթ կդառնա թշնամական կողմի համար է՛լ ավելի մեծ պահանջներ ներկայացնելու հայկական կողմին։
[1] Բոլորը խոսում են Բերձոր (Լաչին) քաղաքը Ադրբեջանին հանձնելու մասին: Ինչո՞ւ է դա կարևոր, https://hayaliq.com/berdzorexplained/ (հղվել է 07.08.2022 թ.):