Արդեն 3-րդ օրն է` Արցախը գտնվում է շրջափակման մեջ թշնամու կողմից: Դադարեցված է գազի մատակարարումը, իսկ թշնամական «ակտիվիստները» ոչ միայն չեն հեռանում, այլև նրանց շարքերը համալրվում են նորերով: «Հայկական ալիք»-ը ներկայացնում է 10 կետով այն կարևոր հետևությունները, որ պետք է արվեն այս իրավիճակում:
- Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այդ հարցը պետք է հանել բանակցային օրակարգից։
- Ադրբեջանը և Թուրքիան շարունակում են ցեղասպանական քաղաքականությունը․ պայմաններ են հարուցում, որոնց դեպքում տեղի բնակչությունը կա՛մ կմահանա, կա՛մ հարկադրված կլքի սեփական տները։
- Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը չի վերաբերվում որպես իր քաղաքացիների․ ձմռանը գազի անջատումը, մարդասիրական միջանցքի անօրինական փակումն անմարդկային քայլեր են, որ ոչ մեկը չի գործում սեփական «քաղաքացիների» հանդեպ։
- Ադրբեջանը չի ձգտում խաղաղության օրակարգին։ Սա փաստացի հրաժարում է բանակցություններից։ Միջանցքի անօրինական փակումը վկայում է այն մասին, որ Բաքուն ունակ չէ կատարելու ստանձնած պարտավորությունները։
- Անհրաժեշտ է հաղորդակցության այլընտրանքային ճանապարհ՝ Ստեփանակերտի օդանավակայանը կամ Քարվաճառի ճանապարհը։
- Առայժմ Արցախում հայերի դեմ էթնիկ զտումը խոչընդոտում են միայն խաղաղապահները։ Սակայն վերջիններս ամբողջությամբ գլուխ չեն հանում, ուստի՝ անհրաժեշտ է կոնկրետացնել և ընդլայնել խաղաղապահների մանդատը՝ այնտեղ ներառելով անվտանգությանն սպառնալիքի պարագայում ուժ կիրառելու հնարավորությունը։
- Միջանցքի անօրինական փակումը կազմակերպել են Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնք էլ տեղում կառավարում են իրավիճակը։ Ադրբեջանի բանակի և զինված ոստիկանության ներկայությունը վկայում են, որ սա խաղաղ ակցիա չէ, այլ պետականորեն կազմակերպված էթնիկ զտման ակտ։
- Եթե հիմա Ադրբեջանը խստիվ չպատժվի, ապա սա կդառնա վտանգավոր նախադեպ։
- Միջազգային հանրության կողմից սովորական հայտարարությունները չեն կարող կանխել հումանիտար աղետը։ Այդ պատճառով անհրաժեշտ են ճնշման այլ գործիքներ։
- Անհրաժեշտ են Արցախի հայերի անվտանգության լրացուցիչ երաշխիքներ։ Տասնամյակներ շարունակ այդ երաշխիքի դերն արդյունավետ կերպով իրականացնում էին Արցախի Պաշտպանության բանակը և Հայաստանի զինված ուժերը։
պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյան