Օգոստոսի 24-ին կայացել է հանդիպում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև: Հանդիպման արդյունքում ստորագրվել են մի շարք պայմանագրեր երկու երկրների կառավարությունների միջև:
Երկու երկրների ղեկավարներն ստորագրել են ռազմավարական հարաբերությունների ամրապնդման և դաշնակցային փոխգործակցության խորացման մասին հռչակագիր: Ինչպես նաև Ադրբեջանի կողմից ժամանակավորապես օկուպացված Շուշի քաղաքն ու ղազախական Թուրքեստան քաղաքը ճանաչվել են քույր քաղաքներ:
Ի թիվս այլ պայմանավորվածությունների՝ ստորագրվել են պայմանագրեր մշակութային, տնտեսական ոլորտներում համագործակցության, ԱԳ նախարարությունների մակարդակով փոխգործակցության, ինչպես նաև թվային, տրանսպորտի, առևտրի, բիզնեսի և այլ ոլորտների առնչվող համաձայնագրեր:
Հետաքրքրական է վերջին ժամանակներում Ղազախստանի և Ադրբեջանի այսչափ սերտ համագործակցությունը: Օգոստոսի սկզբին տարածվել էին լուրեր, որ ղազախական պետական «ԿազՄունայԳազ» նավթային ընկերությունը նախնական բանակցություններ է վարում ադրբեջանական պետական SOCAR ընկերության հետ՝ ստանալու թույլտվություն տարեկան շուրջ 1.5 մլն տոննա նավթը ադրբեջանական խողովակաշարի միջոցով վաճառելու համար, որով այն մատակարարվում է թուրքական Ջեյհան նավահանգիստ[1]։ Սակայն Ղազախստանի էներգետիկայի նախարար Բոլատ Ակչուլակովը հերքել էր այս լուրը:
Առհասարակ, Կենտրոնական Ասիայում նկատվում է հետաքրքիր միտում` Թուրքիայի և Ադրբեջանի հետ համագործակցության առավել սերտացման: Նման դրսևորումները հատկապես ավելի ցայտուն են դարձել ռուս-ուկրաինական ճգնաժամի ֆոնին: Թյուրքական պետությունների միջև այսչափ սերտ համագործակցությունը` Թուրքիայի դիրիժորությամբ, վաղեմի թուրքական երազանքն է, որի շնորհիվ պետք է բացվեն Կենտրոնական Ասիայի դարպասները պանթուրանիզմի առջև: Ռազմավարական մակարդակի համագործակցությունն Ադրբեջանի և Ղազախստանի միջև այդ ծրագրի մի մասն է կազմում, և չարժե անլուրջ մոտենալ այս իրադարձությանը։
[1] Կենտրոնական Ասիայի դարպասները բացվում են պանթուրանիզմի առջև, https://hayaliq.com/turkeykazakhstan/ (հղվել է 25.08.2022 թ.):