Նորություններ

Դե-ֆակտո իշխանությունները` թրքահաճո մրցավազքի չեմպիոն

25 / 09 / 2022

Այսօր` սեպտեմբերի 25-ին, հայտնի դարձավ, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձեռամբ թուրքական հատուկ ծառայություններին են արտահանձնվել ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքը և Հուսեյն Յըլդըրըմը: Վերջիններս քրդական Ժողովրդական պաշտպանության ուժերի (Hêzên Parastina Gel, HPG) անդամ էին, որն իր հերթին Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) ռազմական թևն է:

Մասնավորապես` նրանց ձերբակալել էին դեռևս 2021 թ.-ի օգոստոսի 16-ին` մեղադրելով ՀՀ սահմանն ապօրինի հատելու և զենք կրելու մեջ: Սակայն ավելի ուշ` 2022 թ. փետրվարի 23-ին, դատարանի կայացրած վճռի համաձայն ազատ էին արձակել: Այժմ Հայաստան դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում արված գրառումից հայտնի է դարձել, որ Ա. Չիչեքին և Հ. Յըլդըրըմին առևանգել է ՀՀ դե-ֆակտո ԱԱԾ-ը և փոխանցել թուրքական հատուկ ծառայություններին (MIT):

«Անադոլու» լրատվականն` անդրադառնալով այս դեպքին` ներկայացնում է դա որպես թուրքական կողմի մեծ ձեռքբերում:

Իր հերթին քրդական «Ֆիրաթ» լրատվականն (Ajansa Nûçeyan a Firatê) անդրադառնալով այս դեպքին, նշում է, որ իրենց եղբայրներն արտահանձնվել են թուրքական իշխանություններին ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձեռամբ: Մասնավորապես` նշվում է դե-ֆակտո վարչապետի և նրա վարչախմբի դավաճանական գործելաոճը. «Շատ խորհրդանշական է, որ Հայաստանի կառավարությունը հանձնել է երկու քուրդ հեղափոխականների, որոնք պայքարել են քուրդ ժողովրդի ազատության համար և հեղափոխական առաքելությամբ մեկնել Հայաստան այն ժամանակաշրջանում, երբ հայկական հողերը օկուպացված էին թուրքական պետության սադրանքով և աջակցությամբ։ Այս իրավիճակը հստակ ցույց տվեց, որ Փաշինյանի կառավարությունը համագործակցում է ցեղասպան գաղութատեր թուրքական պետության և ֆաշիստական ԱԶԿ-ԱՇԿ (կառավարական կոալիցիա` Թուրքիայի իշխող Ազատություն և զարգացում կուսակցության և ծայրահեղական Ազգայնական շարժում կուսակցության միջև) կառավարության հետ։ Որպես Քրդական ազատության շարժում՝ մենք խստորեն դատապարտում ենք Փաշինյանի կառավարությանը, որը մեր երկու ընկերներին հանձնեց թուրքական պետությանը` ելնելով իր կոլլաբորացիոնիստական դիրքորոշումից»:

Այնուհետև ընդգծելով դե-ֆակտո կառավարության կոլլաբորացիոնիստական կեցվածքը, հավելում է. «Փաշինյանի կառավարության այս վերաբերմունքը հաստատեց նաև նրան ուղղված քննադատությունն ու մեղադրանքները՝ կապված հայկական հողերի օկուպացիայի հետ։ Այն փաստը, որ հայկական հողերը հանձնվել են թուրքական պետությանը՝ ցեղասպան գաղութատեր թուրքական պետության դեմ պայքարողներին աջակցելու փոխարեն, բացահայտում է իրականությունը։ Սա ևս դավաճանություն է ցեղասպանության դեմ հայ ժողովրդի պայքարի նկատմամբ։ Մեր երկու ընկերներին թուրքական պետությանը հանձնելը բացահայտեց Փաշինյանի կառավարության քողարկված համագործակցության և դավաճանության փաստը… Փաշինյանի կառավարության այս վերաբերմունքը մեծ վնաս է հասցնում հայ ժողովրդի դատին և նրա գոյամարտին. կարելի է լինել առաքինի ու ճիշտ ապրել՝ դիմադրելով ու պայքարելով, ոչ թե դիմելով կոլլաբորացիոնիզմի։ Որպես Քրդական ազատության շարժում՝ կոչ ենք անում Փաշինյանի կառավարությանը անհապաղ հրաժարվել ցեղասպան գաղութատեր թուրքական պետության հետ համագործակցությունից և ներողություն խնդրել հայ և քուրդ ժողովուրդներից այս միջադեպի համար»:

Խորհրդանշական է նաև այն, որ դե-ֆակտո իշխանություններն այս քայլով փորձեցին Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ: Պարզաբանենք, թե ինչպես. Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք օր առաջ ցանկանում են ՆԱՏՕ անդամ դառնալ, մինչ օրս հրաժարվում են արտահանձնել Քրդական աշխատավորական կուսակցության անդամներին Թուրքիայի պահանջով: Իսկ դե-ֆակտո խունտան` կորցրած ամեն կարմիր գիծ թրքահաճո իր այս մրցավազքում, նվերը նվերի հետևից է մատուցում թուրքական իշխանություններին` հպարտորեն առաջ անցնելով անգամ եվրոպական երկրներից:

Այսքանից հետո կասկած չկա, որ մի օր էլ հերթը հասնելու է ազգային ուժերի արտահանձնմանը:

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *