Նորություններ

Սերբիան չի ճանաչի Կոսովոն

16 / 06 / 2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հունիսի 10-ին Արևմտյան Բալկաններ կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Սերբիան պետք է ճանաչի Կոսովոյի անկախությունը, այլապես չի կարող դառնալ ԵՄ անդամ։ Պաշտոնական այցի մեկնարկը տրվել է Կոսովո այցելությամբ, որտեղ էլ կանցլերը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Սերբիայի և Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին անհնար է առանց Բելգրադի և Պրիշտինայի փոխադարձ ճանաչման։

Ի պատասխան այս հայտարարության` Սերբիայի նախագահ Ալեքսանդ Վուչիչը Օ. Շոլցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Մենք երբեք Եվրոպայում ոչ մեկից չենք լսել, որ փոխադարձ ճանաչում է պահանջվում։ Մենք լսել ենք, թե ինչ է պահանջվում, որը ներառված է ԵՄ-ի հետ Սերբիայի բանակցային հարթակում, և սա Բելգրադի և Պրիշտինայի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումն է։ Ոչ ոք երբևէ չի խոսել միջազգային ճանաչման մասին՝ բացի ԱՄՆ-ից, որը երեք տարի առաջ ընդունել է այս դոկտրինը։ Եվրոպայում նույնիսկ հիմա ոչ ոք պաշտոնապես չի պահանջում փոխադարձ ճանաչում։ Մենք դա լսեցինք այսօր Պրիշտինայում կայացած մամուլի ասուլիսում»[1]։ Այսպիսով՝ Սերբիայի նախագահն ընդգծել է, որ նման պահանջ ներկայացնելով՝ ԵՄ-ը ինքն է խախտում բանակցային սկզբունքները։ Ա․ Վուչիչը նաև ավելացրել է. «Ինչպես ձեզ համար է թանկ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այնպես էլ մեզ համար թանկ է Սերբիայի տարածքային ամբողջականությունը»։

Գերմանիան իր հերթին հիշեցրել է իր պահանջը Սերբիային` Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին միանալու վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Սերբիան մինչ օրս չի ճանաչում Կոսովոյի անկախությունը` համարելով այն Սերբիայի Հանրապետության մաս, ինչը և նշված է Սահմանադրության մեջ[2]։

2010 թ․-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը օրինական ճանաչեց Կոսովոյի անկախության հռչակումը, իսկ դրանից երկու տարի առաջ հանրապետության իշխանությունները միակողմանիորեն հայտարարեցին իրենց անկախությունը Սերբիայից[3]։

Ինչպես տեսնում ենք, անգամ Սերբիան, որ գտնվելով Եվրոպայում և հենց արևմուտքի ռազմական ճնշման արդյունքում զրկվելով Կոսովոյից՝ սկզբունքորեն հրաժարվում է ճանաչել վերջինիս անկախությունը՝ ըստ ամենայնի ակնկալիք պահելով երկարաժամկետ հեռանկարում վերականգնելու իր տարածքային ամբողջականությունը։ Իսկ մեր պարագայում, որտեղ ի տարբերություն Բալկանների՝ էթնիկ զտման քաղաքականությունը անցյալում չէ, և մինչ օրս կիրառվում է թշնամի Ադրբեջանի կողմից, ՀՀ դե-ֆակտո իշխանությունները փաստացի դիտարկում են Արցախն Ադրբեջանին հանձնելու առաջարկներ՝ ի հակառակ ՀՀ անկախության հռչակագրի, սահմանադրության և 1992 թ․ հուլիսի 8 ՀՀ ԳԽ որոշման[4]։

 


[1] Bundeskanzler Scholz trifft den serbischen Präsidenten Vucic, 10.06.2022, https://www.youtube.com/watch?v=ZlybZwly6HA (հղվել է 16.06.2022 թ․).

[2] Constitution of The Republic of Serbia, https://www.ilo.org/dyn/natlex/docs/ELECTRONIC/74694/119555/F838981147/SRB74694%20Eng.pdf (հղվել է 16.06.2022 թ․).

[3] Accordance with international law of the unilateral declaration of independence in respect of Kosovo, https://www.icj-cij.org/en/case/141 (հղվել է 16.06.2022 թ․).

[4] ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի մասին», Հ. Ն-0663-1, 08.07.1992 թ․, https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=3278 (հղվել է 16.06.2022 թ․)։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *