ԱՄՆ նախկին նախագահ Ռիչարդ Նիքսոնի օրոք պետքարտուղարի պաշտոնն զբաղեցրած 99-ամյա Հենրի Քիսինջերը հունիսի 19-ին «Բլումբերգ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ այսօր աշխարհաքաղաքականությունն ունի «նիքսոնյան ճկունության» կարիքը` ԱՄՆ-ի և Չինաստանի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպայի միջև հակամարտությունը մեղմացնելու համար:
Զգուշացնելով, որ Չինաստանը չպետք է դառնա համաշխարհային հեգեմոն՝ 1970-ականներին ԱՄՆ-Չինաստան հարաբերությունները վերականգնած գործիչն ասել է, որ Ջո Բայդենը չպետք է թույլ տա, որ ներքին քաղաքականությունը խոչընդոտ հարուցի Չինաստանի մշտատև աճի հետ հաշվի նստելու գործընթացին։
«Բայդենը և նախորդ վարչակարգերը մեծապես ազդված են եղել Չինաստանի վերաբերյալ հայացքների ներքին ասպեկտներով»,- ասել է Հ․ Քիսինջերը` հավելելով, որ դա «կարևոր է` Չինաստանի կամ մեկ այլ երկրի գերիշխանությունը թույլ չտալու նպատակով, բայց դրան հնարավոր չէ հասնել անվերջանալի առճակատումներով»: Ավելի վաղ նա ասել էր, որ ԱՄՆ-ի և Չինաստանի միջև աճող թշնամական հարաբերությունները կարող են առաջացնել համաշխարհային «աղետ, որը համարժեք կլինի Առաջին համաշխարհային պատերազմին»:
Նախկին նախագահ Ռ. Նիքսոնն իր քարոզարշավում 1960-ականներին հանդես էր գալիս որպես ծայրահեղ հակակոմունիստ, մինչդեռ հետագայում անակնկալ մատուցեց իր աջակիցներից շատերին` որոշելով հաստատել կապեր Մաո Ցզեդունի Չինաստանի հետ և այցելելով Պեկին 1972 թ.-ին: Այս այցելությունն էլ պատմական դարձավ երկու երկրների համար:
Աշխարհաքաղաքականությունը և գերտերությունների միջև հարաբերությունները կենտրոնական տեղ են գրավում Հ․ Քիսինջերի նոր` «Առաջնորդություն. վեց ուսումնասիրություններ համաշխարհային ռազմավարության մեջ» գրքում, որտեղ նա առանձնացնում է վեց կարևոր առաջնորդների` Գերմանիայի նախկին կանցլեր Կոնրադ Ադենաուերին, Ֆրանսիայի նախկին նախագահ Շառլ դը Գոլին, ԱՄՆ նախկին նախագահ Ռ. Նիքսոնին, Եգիսպտոսի նախկին առաջնորդ Անվար Սադաթին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Մարգարետ Թետչերին և Սինգապուրի առաջին նախագահ Լի Կուան Յուին:
Վերանայելով մերօրյա եվրոպական առաջնորդների վարքը` սկսած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, վերջացրած Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցով՝ Հ․ Քիսինջերն ասել է, որ նրան տխրեցնում է այն փաստը, որ ներկայիս «եվրոպական առաջնորդները չունեն պատկերացում իրենց ուղղության և առաքելության վերաբերյալ»` ի տարբերություն Կ․ Ադենաուերի և Դը Գոլի, որոնք իրենց դերի մեջ էին:
Անդրադառնալով ռուս-ուկրաինական դեպքերին` Հ․ Քիսինջերը թողել է նույն մեկնաբանությունները, ինչ նախկինում` ասելով. «Ղրիմի ապագայի շուրջ քննարկումները պետք է թողնել բանակցություններին, այլ ոչ թե լուծել մինչև հակամարտության դադարեցումը»: Չինաստանի մասով էլ նախկին պետքարտուղարն ասել է, որ չի տեսնում վերջինիս «ներխուժում»-ը Թայվան մոտակա տասնամյակում:
Բրեքսիթի վերաբերյալ Հ․ Քիսինջերը, մեջբերելով Դը Գոլի խոսքերն առ այն, որ «(Մեծ Բրիտանիան) երբեք էլ չէր լինելու եվրոպական համայնքի լիարժեք անդամ», նշել է, որ դա միանգամայն արդարացված հայտարարություն էր: