Ուղիղ 29 տարի առաջ՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Արցախի պաշտպանության բանակը, ջախջախելով Մռավի լեռնաշղթան ճեղքած ադրբեջանական բրիգադներին, երկրորդ անգամազատագրում է Քարվաճառի շրջանը։
Նախապատմություն: Քարվաճառի ազատագրումը 1993 թվականի ապրիլին
1992 թվականի մայիսին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ազատագրում են Շուշի քաղաքը և բացում են Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը։ Սակայն այս ճանապարհը խոցելի էր, ադրբեջանական զորքերը բազմիցս հարձակվում էին միջանցքի վրա, ամեն անգամ երթևեկությունը դադարեցվում էր, մինչ Արցախի ՊԲ-ը հետ էր մղում հարձակումը և անվտանգություն ապահովում։
Արդյունքում, 1993 թվականի գարնանը Արցախի ղեկավարությունը որոշում է կայացնում ադրբեջանական զորքերից ազատագրել Քարվաճառի շրջանը, որը ընկած է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի և Արցախի միջև։
Մոնթե Մելքոնյանի գլխավորությամբ 1993 թվականի մարտի 27-ից ապրիլի 5-ը, ԼՂՀ ՊԲ-ն փայլուն իրականացված գործողության արդյունքում նվազագույն կորուստներով ազատագրում է Քարվաճառի շրջանը։ Արցախը Հայաստանին կապող Բերձորի ճանապարհը հյուսիսից լիովին անվտանգ էր։
Բացի այդ, Քարվաճառի հատվածում առաջնագիծը 220 կմ-ից կտրուկ կրճատվեց` հասնելով 30 կմ-ի։ Իսկ Արցախի ՊԲ-ն կարողացել էր օգտագործել ազատված ուժերը՝ ջախջախելու ադրբեջանական զորքերին Մարտակերտ-Աղդամ գործողության ընթացքում և հարավային ուղղությամբ (1993թ. ամառ-աշուն):
1993 թվականի ամռանը Ադրբեջանում իշխանության է գալիս ԽՍՀՄ ՊԱԿ-ի գեներալ, ԽՍՀՄ քաղբյուրոյի նախկին անդամ, Խորհրդային Ադրբեջանի նախկին ղեկավար Հեյդար Ալիևը։ Ադրբեջանը հույս ուներ, որ ՊԱԿ-ի գեներալ Ալիևի իշխանության գալը կփոխեր ռազմական գործողությունների ընթացքը, սակայն 1993-ի ամռանը Արցախի պաշտպանության բանակը շարունակում է հաղթանակները՝ ազատագրելով Մարտակերտը, Ակնան (Աղդամ), Վարանդան (Ֆիզուլի), Մեխակավանը (Ջաբրայիլ), Որոտանը (Ղուբաթլու)։ Սեպտեմբերին ամսին զինադադար է կնքվում։
1993-94 թվականներին Ադրբեջանի ԶՈՒ-ի ձմեռային հարձակումը
Հեյդար Ալիևը զորահավաք է իրականացնում Ադրբեջանում և բոլոր ռեսուրսները ներդնում է բանակն ուժեղացնելու և ռազմական հաղթանակի հասնելու համար։ Թուրքիայից կրկին ռազմական հրահանգիչներ, զինտեխնիկա է ժամանում։ Բացի 2500 աֆղան վարձկաններից, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը վարձկաններ է հավաքագրում Ռուսաստանից և Ուկրաինայից, որոնք նաև տանկեր էին մատակարարում։ Օգտվելով զինադադարից՝ թուրք մասնագետների օգնությամբ ադրբեջանական զորքերը մշտապես մարտական զորավարժություններ էին անցկացնում։
1993 թվականի հոկտեմբերի 3-ին Հեյդար Ալիևը՝ Ադրբեջանի նախագահ ընտրվելուց հետո, կոչ էանում ազգին. «միավորվել և հայերի վերջը տալ»:
Դեկտեմբերին ադրբեջանական զորքերը 1000 զրահամեքենայով շուրջ 70 հազար զինվոր են կենտրոնացրում Արցախի ուղղությամբ։ Արցախի ՊԲ-ը կազմում էր 20 հազարից մի փոքր ավելի մարդ՝ 400 զրահամեքենայով։
Ունենալով թվով ավելի քան եռաապատիկ գերազանցություն՝ ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակման է անցնում 4 հիմնական ուղղություններով։ Ադրբեջանական բանակի հրամանատարությունը հույս ուներ, որ հայկական կողմի զինուժը չէր բավականացնի ակտիվ պաշտպանության և բոլոր ուղղություններով հակահարձակումների համար։ Եվ նրանք գրեթե կռահել էին։
Երկու ուղղություններում ադրբեջանական բանակը կենդանի ուժի և տեխնիկայի մեծ կորուստներով, որոշակի հաջողություններ էր գրանցել։ Հարավային՝ Վարանդայի ուղղությամբ ադրբեջանական զորքերը ավիացիայի աջակցությամբ, հասնելով Հորադիզի երկաթուղային կայարան, հաջողել էին Արցախի ՊԲ-ը 26 կիլոմետր հետ շպրտել։
1994 թվականի հունվարին Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական զորքերի հարվածը բոլորովին անսպասելի էր։ Հայաստանում և Արցախում ձմռանը հարձակողական գործողությունը բարձրլեռնային գոտում համարում էին շատ քիչ հավանական։ Բաքվի հրամանատարությունը որոշել էր օգտվել դրանից։ Ադրբեջանական բանակի երկու բրիգադներին հաջողվում է ճեղքել Մռավի լեռնաշղթան։
Արցախի պաշտպանության բանակի ուժերը չէին բավականացնում բոլոր ուղղությունները պաշտպանելու համար։ Բաքվում արդեն կարծում էին,որ արժեր ճնշում գործադրել, և ռեսուրսների սղության պատճառով և առաջին հերթին՝ հենց կադրերի սղության պատճառով Արցախը կպարտվի։ Սակայն ադրբեջանական հրամանատարության ռազմավարական հաշվարկը խարխլվում է մարտիկների տոկունությամբ և հայկական կողմի հրամանատարության ճիշտ հաշվարկով։
ՊԲ-ն առաջնահերթությունը տվել էր Մարտակերտի ուղղության պաշտպանությանը, որտեղ, արդյունքում, ադրբեջանական հարձակողական գործողությունը ճահճանում է։ Եվ ադրբեջանական հրամանատարության պլանի համաձայն՝ այստեղ էր, որ անհրաժեշտ էր ջախջախել հայկական զորքերին ու միավորվել Քարվաճառի ուղղությամբ գործող բրիգադների հետ։ Դա հնարավորություն էր տալու Բերձորին հարվածելու, և հայկական զորքերը մեկ ճակատի փոխարեն երեք ճակատում ստիպված կլինեին դիմագրավել։ 1993 թվականի մարտին հենց այդպես է եղել։ Սակայն Մարտակերտի ուղղությամբ Արցախի պաշտպանության բանակի տարած հաղթանակը կանխորոշում է Քարվաճառի ճակատամարտի ելքը։
Քարվաճառի շրջանի հայկական ստորաբաժանումները վերախմբավորվում են և փետրվարի 12-ին Վիտալի Բալասանյանի և Յուրի Խաչատուրովի հրամանատարությամբ անցնում են հակահարձակման։
Անելանելի իրավիճակում հայտնված ադրբեջանական զորքերը չեն կարողանում դիմակայել հակահարձակմանը և փախուստի են դիմում։ Քարվաճառի գրոհն ադրբեջանական զորքերի համար աղետալի ավարտ է ունենում։ Ադրբեջանական բանակի մոտ 4000 զինվոր և սպա է զոհվում: Նրանցից շատերը Մռավից այն կողմ գտնվող Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներ վերադարձի ճանապարհին մահացու ցրտահարվում են։ Հարյուրավոր ադրբեջանցի զինվորներ հանձնվում են, իսկ ավելի ուշ փոխանակվում են «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով։
1994 թվականի փետրվարի 18-ին հայկական զորքերը Քարվաճառի շրջանը ամբողջությամբ մաքրում են ադրբեջանական զորքերից։
Եվ հենց Քարվաճառի մոտ կրած պարտությունից հետո՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Մոսկվայում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ ստորագրվում է ռազմական գործողությունների դադարեցման մասին ռազմատեխնիկական արձանագրությունը։ Հայաստանի անունից այն ստորագրում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, Արցախի անունից՝ Բակո Սահակյանը, Ադրբեջանի անունից՝ պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը։
Կողմերը պարտավորվում են դուրս բերել իրենց զորքերը, ստեղծել անվտանգության գոտի, որտեղ կտեղակայվեին դիտորդները և այլն: Ադրբեջանը կարծում էր, որ կարող է ավելիին հասնել մարտի դաշտում և շարունակում է ռազմական գործողությունները, պայմանավորվածությունը չի իրականացվում։
Պատերազմը շարունակվում է ևս 3 ամիս, որի ընթացքում ՊԲ-ը հակահարձակման է անցնում Մարտակերտի շրջանի հյուսիս-արևմուտքում՝ ազատագրելով Թալիշ գյուղը և հարակից տարածքները։ Ռազմական գործողությունների շարունակման անհնարինության պատճառով 1994 թվականի մայիսի 9-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարը ստորագրում է զինադադարի պայմանագիրը։ Հաջորդ օրը այն ստորագրում է Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ապա՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։
Կարեն Իգիթյան, կովկասագետ