Արցախ

Ինքնիշխան հայկական երազանքի մասին

31 / 03 / 2023

1993 թ․ մարտի 31-ին ազատագրվեց Դադիվանքը։ Այդ օրերին ընթանում էր հայոց զորքի հաղթական արշավանքը դեպի Քարվաճառ։ Այն ուներ երկու հիմնական ուղղություն՝ Մարտակերտի շրջանի և Վարդենիսի։ Մարտակերտի ուղղությամբ հրամանատար էր Մոնթե Մելքոնյանը (Ավո), իսկ Վարդենիսի ուղղությամբ՝ փոխգնդապետ Յուրի Խաչատուրովը։ Դարավոր գերությունից և ավելի քան 300-ամյա հայաթափումից անց ազատագրվում էր պատմական Ծար աշխարհը։

2018 թ․ այս օրերին ընթանում էր օտարերկրյա թշնամական ուժերի օրակարգ սպասարկողների արշավանքը դեպի Երևան։ Այն ուներ մեկ ուղղություն՝ Գյումրիից։ Արշավանքի պարագլուխը նպատակ էր հռչակել «կասեցնել Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ պետության (sic!), ստահոդ կառավարության, ստահոդ իշխանության գործունեությունը» ։ Արշավանքի պատվիրատուների և բուն իրականացնող բինբաշիների համար Հայաստան պետությունը, այդ թվում՝ արյամբ ազատագրված Դադիվանքն ու Քարվաճառը, ստահոդ էին։ Բնավ պատահական չէ և ի սկզբանե էլ կանխատեսելի էր, որ նրանք պիտի քանդեն այդ պետությունը։ Եվ քանդեցին։

Այս հակադիր զուգադրությունը լավագույնս է ցույց տալիս, թե ինչ կարևոր է շարժման նպատակը, երազանքը, որ ընկած է այդ շարժման հիմքում, և որ ի սկզբանե ավերի ու թալանի նպատակ ունեցող շարժումը չի կարող ընթացքում կամ նպատակակետին հասնելուց հետո բարեփոխվել։ Ավելին՝ նա պիտի ավերի ու թալանի մեջ մեղադրի բոլոր նրանց, ում ստեղծածը պատրաստվում է քանդել…

Իսկ մեզ, որ ականատեսն ենք այս զույգ արշավանքների, դրանց հետևանքների և կերտողը մեր ապագա գալիք է, հարկ է այսօր ևս մեկ անգամ ըմբռնել երազանքի, դրա կառուցարկման, սնման, պահպանման, զարգացման և հաղորդակցելի դարձվելու կարևորությունը։ Մենք պետք է գիտակցենք, որ 1994 թ․-ին Արցախի ազատագրումը հետևանքը չէր այն բանի, որ 1988 թ․-ին մարդիկ որոշել էին ազատագրել «մերձակա» Արցախի մի մասը։ Այդ ազատագրումը հետևանք էր նրա, որ առնվազն 1960-ական թվականներից մարդիկ որոշել էին չհամակերպվել ցեղասպանության հետևանքների հետ և վերադարձնել Հայաստանի արևմտյան «հեռավոր» հողերը։

Ստեղծվել էր մի իրողություն, որ ԽՍՀՄ պայմաններում հնարավորություն կար հետապնդելու մեր բնիկ ազգային երազանքը, որի շնորհիվ դրա մի մասը կարողացանք կենսագործել, իսկ անկախ Հայաստանի պայմաններում, օտարներին հանձնելով հայկական երազանքի հանդեպ ինքնիշխանությունը, սկսվեց հետապնդվել «սահակաշվիլիզացիոն» երազանք։ Արդյունքում դա էլ ստացվեց՝ ասֆալտ, հղփացած, բայց «կաշառք չվերցնող» նոր ուժային համակարգ, դիկտատորական իշխանություն և, իհարկե, կորուսյալ հողեր։

Մոլորյալ կամ դիտավորյալ կեղծ մարգարե է ցանկացած մեկը, որ կասի, թե Հայաստանի գոյության գրավականը համակերպվելը, եղածով «յոլա գնալը» և մեծ երազանքներ չհետապնդելն է։ Դա գոյության գրավական չէ, դա ճանապարհ է դեպի վերջնական ցեղասպանություն։ Մենք այս տարածքից գնալու տեղ չունենք, ինչը նշանակում է, որ կա՛մ թուրքերն են մեզ կուլ տալու, կա՛մ մենք ենք հետևողականորեն քայլ առ քայլ իրականացնելու հայկական հողերի ազատագրումը։ «Եղածով բավարարվելու» քարոզը հակառակ է բնության օրենքներին, որոնք պարզ ասում են, թե չկա դադարի վիճակ, կյանքն անվերջ շարժում է։ Թուրքերը շարժվում են մեր դեմ, և եթե ի պատասխան դրա՝ մենք համակերպվում և բավարարվում ենք եղածով, ապա այդ եղածն էլ չի մնալու։

1993 թ․-ի այս օրերին մենք չէինք բավարարվում եղածով, հասկանում էինք, որ թուրքերը շարժվում են մեր դեմ, որ եթե մենք չազատագրենք Քարվաճառը, իրենք կգրավեն Վարդենիսն ու Մարտակերտը։ Դրա շնորհիվ էլ հաղթեցինք։

Որ պահին մեր թշնամիներին հաջողվեց հասնել իրենց նպատակին, այն է՝ մեզ զրկել ազգային մեծ երազանքից, հաշվե՛ք, որ Հայկի և Բելի կռիվն անդարձ կավարտվի՝ հօգուտ Բելի։ Իսկ դա տեղի չունենալու համար պետք է սրբորեն պահպանել հայկական երազանքի հանդեպ ինքնիշխանությունը։

Հեղ Էդգար Էլբակյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *