Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական բանակը հերթական անգամ հարձակվեց Հայաստանի Հանրապետության տարածքի վրա։ Մարտական գործողությունները տևել են 2 օր։ Գրավվել է շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, զոհվել է 225 հայ զինծառայող։ Բաքվի պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 77 ադրբեջանցի զինծառայող (տվյալները նվազեցված են):
Ադրբեջանական զորքերի հիմնական հարվածն ուղղված էր Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա։ Քաղաքը ենթարկվել է հրետակոծության։ Ադրբեջանական զորքերը գրոհել են նաև Սոթքի, Վարդենիսի, Արտանիշի, Գորիսի, Կապանի և Իշխանասարի ուղղությամբ։ Բացի այդ, ադրբեջանական զորքերը գնդակոծել են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերի ուղեկալը։
Համատեքստը
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախյան երրորդ պատերազմն ավարտած համատեղ հայտարարության ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանը հազարավոր քառակուսի կիլոմետր տարածքներ է հանձնել Ադրբեջանին։ Արդյունքում Վայոց ձորի մարզը, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի մի մասը Ադրբեջանի հետ նոր ճակատամերձ գոտի ստացան։
Հողերը հանձնելով՝ Հայաստանի դե ֆակտո իշխանություններն առաջ էին տանում «խաղաղության օրակարգը», քննարկում բանակում ծառայության ժամկետները կրճատելու տարբերակները և այլն։ Բուն հայկական բանակում փոխվում էին պաշտպանության նախարարներն ու գլխավոր շտաբի պետերը, ամիսներ շարունակ ընդհանրապես չկար ԳՇ պետ, մասնավորապես՝ 2022 թվականի փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում։ Բանակը չի վերազինվել և չի պատրաստվել վերահաս նոր պատերազմին։ Ադրբեջանը, ընդհակառակը, զինվում էր՝ փոխհատուցելով պատերազմում կրած կորուստները, և պատրաստվում էր նոր ագրեսիայի։
Ռուսաստանը, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, 2022 թվականի փետրվարից մարտական գործողություններ էր իրականացրում Ուկրաինայում, որտեղ ներգրավված է եղել ՌԴ ԶՈՒ գրեթե ողջ անձնակազմը, որ հնարավոր էր ներգրավել այդ գործողությանը։ 2022 թվականի սեպտեմբերի 7-13-ը Ուկրաինայի զինված ուժերը Խարկովի ուղղությամբ հարված հասցրին ռուսական զորքերին։ Անձնակազմի պակաս ունեցող ռուսական զորքերը պարտություն կրեցին և ստիպված եղան նահանջել՝ զիջելով մոտ 8000 քառակուսի կիլոմետր։ Համեմատության համար նշենք, որ սա ավելին է, քան Հայաստանի Սյունիքի և Վայոց ձորի մարզերը միասին վերցրած։ Այս իրավիճակում Ռուսաստանը ռեսուրսներ չուներ Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսմանը արձագանքելու համար։ Ավելին, Ռուսաստանի ռեսուրսները չէին բավարարում նաև ուկրաինական ուղղությամբ։ Արդյունքում՝ սեպտեմբերի 21-ին Ռուսաստանում մասնակի զորահավաք հայտարարվեց։
Հայաստանի տարածքը օկուպացնելու Ադրբեջանի պլաններին վճռականորեն դեմ հանդես եկավ պաշտոնական Թեհրանը, սակայն Իրանում սկսվեցին զանգվածային անկարգություններ։ Սեպտեմբերի 16-ին գլխաշոր չկրելու համար ձերբակալված Մահսա Ամինին մահացավ։ Դա դարձավ Իրանում զանգվածային անկարգությունների պատճառ։ Մինչև սեպտեմբերի վերջ Իրանի իշխանությունները զբաղվում էին հանրահավաքները ցրելով և փորձում էին կայունացնել իրավիճակը։ Սակայն Իրանի միջամտության վտանգն, այնուամենայնիվ, զսպում էր Ադրբեջանին։
Պատերազմի արդյունքները․ ներքին ուրվագիծը
Ադրբեջանը մասամբ հասավ իր նպատակներին։ Գրավվեցին ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներ, խոցվեցին ՀՀ Զինված ուժերի ՀՕՊ համալիրներն ու զորամասերը։ Հրադադարից հետո Հայաստանի դե ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռուստատեսությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ պատրաստ է ստորագրել փաստաթղթեր, որոնց պատճառով իրեն կարող են դավաճան անվանել: Փաշինյանի հայտարարությունը բողոքի զանգվածային ալիք առաջացրեց։ Տասնյակ հազարավոր քաղաքացիներ հավաքվեցին Հայաստանի խորհրդարանի մոտ՝ պահանջելով իշխող ուժից չստորագրել նման փաստաթուղթ և հրաժարական տալ: Փաստաթուղթը, որի մասին խոսում էր Փաշինյանը, չստորագրվեց։
Պատերազմի արդյունքները․ արտաքին ուրվագիծը
Հայաստանը դիմել Է ՄԱԿ-ին և ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ը առաքելություն է ուղարկել Հայաստան, առաջարկել ռազմատեխնիկական օգնության ծրագիր և մշտական դիտորդական առաքելություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Հայաստանի դե ֆակտո իշխանությունները մերժել են այդ առաջարկը ՝ հայտարարելով, որ ակնկալում են «քաղաքական գնահատական»։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին հայտարարել է, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է Իրանի համար։ Նա ընդգծել է տարաձայնությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։ Ավելի ուշ՝ 2022 թվականի սեպտեմբերի 17-ին, Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ անընդունելի է համարել Հարավային Կովկասում սահմանների փոփոխությունը։ Մասնավորապես, Ռաիսին անընդունելի է համարել տարածաշրջանի միջազգային, պատմական և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխություն:
Սեպտեմբերի 18-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Հայաստան կատարած այցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության վրա իրականացված անօրինական և մահաբեր հարձակումը:
«ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, վաղուց և հստակ հայտարարել է, որ հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին և ցանկանում ենք ձգտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային, խաղաղ և կայուն լուծման»,-ընդգծել է Փելոսին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևից տեղեկատվություն է ստացել Հայաստանի հետ սահմանին «ռազմական գործողության» ավարտի մասին: «Մեր ադրբեջանցի եղբայրներն ապահովել են իրենց անվտանգությունը», – ասել Է Էրդողանը:
Ֆրանսիան՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ խորհրդի նիստ է հրավիրել ՄԱԿ-ում։ Չինաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումն անբաժան է Ղարաբաղյան հարցից: Նրա խոսքով՝ Չինաստանն աջակցում է քաղաքական երկխոսության վրա հիմնված լուծմանը և հույս ունի, որ կողմերը հնարավորինս շուտ լուծում կգտնեն՝ միջազգայնորեն ճանաչված իրավական նորմերին համապատասխան: Չինաստանն աջակցել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարի մասին եռակողմ հայտարարությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների հետագա առաջընթացին։
ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչ Ռուչիրա Կամբոջան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում կոչ է արել ագրեսոր կողմին դադարեցնել ռազմական գործողությունները: Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի աջակցությամբ հրադադարը, ինրպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի և ԵՄ-ի միջնորդությամբ խաղաղության գործընթացը, օգտակար մեխանիզմներ են մնացած հարցերի կարգավորման համար։
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները միահամուռ արտահայտվել են կրակի շուտափույթ դադարեցման և իրավիճակը քաղաքական-դիվանագիտական միջոցներով կարգավորելու օգտին: Նա նշել է, որ Մոսկվան պնդում է, որ մամուլի հաղորդագրություններում անպայման հղում լինի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս անդրադարձել է էսկալացիային՝ նշելով, որ այն հաջողվել է տեղայնացնել ՌԴ ազդեցության շնորհիվ:
2022թ. նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Սենատն ընդունել է բանաձև, որով Ֆրանսիայի կառավարությանը առաջարկվում է եվրոպական գործընկերների հետ համագործակցությամբ որպես պատիժ Ադրբեջանի ագրեսիայի համար նախատեսել դիվանագիտական և տնտեսական միջոցներ, այդ թվում ՝ պատժամիջոցների կիրառում, որոնք ուղղված կլինեն Ադրբեջանի իշխանությունների ակտիվներին։
Սակայն, նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ Ֆրանսիայի խորհրդարանի պալատների բանաձևերը, որոնք Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու կոչ են պարունակում, Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը չեն:
Եվրախորհրդարանը հունվարի 18-ի իր բանաձևում դատապարտել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ:
Կարեն Իգիթյան, կովկասագետ