The Wall Street Journal-ը դեռ հուլիսի 14-ին անդրադարձել էր Իտալիայի վարչապետ Մ. Դրագիի հրաժարականի հիմնական պատճառներին, սակայն այդ ժամանակ Իտալիայի նախագահը չէր ընդունել կառավարության հրաժարականը։ Հուլիսի 21-ին Դրագին, այնուամենայնիվ, հրաժարական տվեց։ «Հայկական ալիք» պարբերականը թարգմանաբար ներկայացնում է WSJ-ի վերոնշյալ հոդվածի որոշ հատվածներ։
Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին հինգշաբթի օրը հրաժարական տվեց այն բանից հետո, երբ նրա կոալիցիան փլուզվեց ուկրաինական պատերազմի հետևանքներին արձագանքելու հարցում տարաձայնությունների պատճառով՝ թողնելով եվրոգոտու երրորդ ամենախոշոր տնտեսությունը քաղաքական ճգնաժամի մեջ: Իտալիայի վարչապետը ասաց, որ հրաժարական կտա, երբ իր կոալիցիայի առանցքային կուսակցությունը դադարեցրեց աջակցությունը Դրագիի կառավարությանը այն բանից հետո, երբ խմբերի միջև վիճաբանություններ եղան, թե արդյոք զենք ուղարկեն Ուկրաինա և որքան ֆինանսական աջակցություն տրամադրեն իտալական ընտանիքներին, որոնք հանկարծակիի են եկել են բարձր գնաճից:
Քաղաքական ճգնաժամը ցույց է տալիս, թե ինչպես է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը, միանալով էներգակիրների և ապրուստի գնաճին, թուլացնում քաղաքական համախմբվածությունը Եվրոպայի որոշ հատվածներում՝ էլ ավելի դժվարացնելով կայուն իշխող մեծամասնության ձևավորումը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս կորցրեց իր խորհրդարանական մեծամասնությունը ընտրություններում, ինչը պայմանավորված էր ընտրողների մտահոգություններով՝ կապված գնաճի հետ: Մեծ Բրիտանիայում վարչապետ Բորիս Ջոնսոնը մի շարք սկանդալների հետևանքով հրաժարական տվեց անցյալ շաբաթ Պահպանողական կուսակցության օրենսդիրների ճնշման տակ, ովքեր անհանգստանում էին, որ այդ սկանդալները կարող են բարդացնել կառավարության առջև ծառացած մարտահրավերները բարձր գնաճին արձագանքելու հարցում:
Դրագին Մոսկվայի դեմ տնտեսական պատժամիջոցների և Ուկրաինային զենքի մատակարարման օգտին հանդես եկող ամենաազդեցիկ եվրոպական առաջնորդներից էր: Դրագին նաև հանդես է եկել Եվրամիությանն անդամակցելու համար Ուկրաինայի թեկնածության օգտին․ այս դիրքորոշումն այժմ պաշտպանում են նաև նախկինում թերահավատ Ֆրանսիան և Գերմանիան: Բայց նա ստիպված է եղել գործ ունենալ այլախոհների հետ իր մեծ կոալիցիայի ներսում, որը ներառում է երկրի բոլոր հիմնական քաղաքական կուսակցությունները՝ բացառությամբ մեկի: Անվստահություն հայտնողների շարքում գլխավոր ուժը «5 աստղերի շարժումն» է, որը ճգնաժամի պատճառ դարձավ՝ հինգշաբթի օրը խորհրդարանական քվեարկության ժամանակ չաջակցելով Դրագիին: Դրագիին աջակցող կոալիցիայի փլուզումն արտացոլում է իտալացի քաղաքական գործիչների նախընտրական պատեհապաշտությունը կուսակցական անկայուն միջավայրում, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ զգալի տարաձայնությունները:
«5 աստղերի շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջուզեպպե Կոնտեն վիճարկել է Ուկրաինա զենք ուղարկելու կառավարության քաղաքականությունը՝ պնդելով, որ դա խոչընդոտում է պատերազմի դիվանագիտական կարգավորմանը: Կոնտեի դիրքորոշումը վերջերս պառակտեց կուսակցությունը, երբ արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոյի շուրջ համախմբված մեծ խմբակցությունը հեռացավ և հայտարարեց իր հավատարմությունը պատերազմի վերաբերյալ Դրագիի արևմտամետ քաղաքականությանը: «5 աստղերի շարժման» մնացած հատվածը կոչ է արել ավելացնել կառավարական աջակցությունը իտալական տնային տնտեսություններին, որոնք տուժել են էներգակիրների գնաճից։ Այս դիրքորոշումը կոչված է գրավելու ավելի ցածր եկամուտ ունեցող ընտրողներին՝ հատկապես Իտալիայի ավելի աղքատ հարավում, ովքեր նախկինում քվեարկում էին կուսակցության օգտին:
Դրագիի գլխավորած ազգային միասնության կառավարության ավարտը կարող է նաև սրել Եվրոպայի առջև ծառացած մեկ այլ երկարատև ճգնաժամ՝ Իտալիայի քաղաքական դասի անկարողությունը՝ վերափոխումներ իրականացնելու տնտեսության մեջ, որը շատ փոքր աճ է գրանցել 1990-ականների սկզբից ի վեր: Իտալիայի աճի բացակայությունը և մեծ պարտքը լայնորեն դիտարկվում են որպես ամենամեծ երկարաժամկետ սպառնալիքը եվրոյի կենսունակությանը: ԵՄ քաղաքականությունը մշակողներից շատերը հույս ունեին, որ Դրագին՝ Եվրոպական կենտրոնական բանկի՝ մեծ հարգանք վայելող նախկին նախագահը, կարող է հաջողության հասնել այնտեղ, որտեղ ձախողել են իտալացի շատ այլ առաջնորդներ: Սակայն Դրագիի կարճատև պաշտոնավարումը, ընտրողների կողմից մանդատի բացակայությունը և գաղափարապես մասնատված կոալիցիան միշտ խանգարել են նրան արմատական բարեփոխումներ իրականացնել։