Նորություններ

Ստամբուլյան ջարդերի տարելիցը

06 / 09 / 2022

1955 թվականի սեպտեմբերի 6-7-ը Թուրքիայում տեղի ունեցան էթնիկ հողի վրա փոքրամասնությունների հերթական բռնաճնշումները, որոնք պատմության մեջ մնացին «Ստամբուլյան ջարդ» անունով։ Ջարդերի հիմնական թիրախը տեղի հույն բնակչությունն էր, սակայն առիթն օգտագործվեց նաև տեղի հայ և հրեա համայնքներին ճնշելու համար։ Զանգվածային ջարդերն ուղեկցվում էին հայկական, հունական և հրեական թաղամասերի թալանով և ավերածություններով։

Հարկ է նշել, որ ջարդերն ուղղորդված էին թուրքական իշխանությունների կողմից և ուղեկցվում էին իշխանությունների ամբողջական աջակցությամբ։ Ջարդերի աշխարհագրությունը, չնայած անվանմանը, չէր սահմանափակվում միայն Ստամբուլով։ Իզմիր քաղաքում, որտեղ տեղակայված էին ՆԱՏՕ-ի զորքերը, ևս տեղի են ունեցել խաղաղ բնակչության հանդեպ ոտնձգություններ։ ՆԱՏՕ-ի զորքերը, սակայն, նախընտրել են չմիջամտել, իսկ միջազգային հանրությունը նպատակահարմար չի գտել հետամուտ լինելու փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ու ջարդարարներին արժանի պատիժ տալուն։ Օրինակ՝ ՆԱՏՕ-ի բրիտանացի ներկայացուցիչն «անցանկալի» է համարել ջարդերի հետաքննությունը, իսկ ԱՄՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ դաշինքի համար դեպքի ազդեցությունը չափազանցված է։ Ավելին, ըստ «Radical» թերթի, ջարդերը կազմակերպել էր Հատուկ գործողությունների վարչությունը (Özel Harp Dairesi), որը ՆԱՏՕ-ի կողմից ստեղծված մեխանիզմ էր՝ միտված կոմունիստական ​​սպառնալիքը կանխելուն։

Այսօրվա իրադրությունը Իրաքում և Սիրիայում գալիս է ապացուցելու, որ «խնդիրների» լուծման թուրքական մեթոդը չի փոխվել, և որ էթնիկ հողի վրա բռնությունն այդ պետության ներքին և արտաքին քաղաքականության բաղկացուցիչ մասն է։ Անցյալի այս դասը գալիս է նաև մեզ հիշեցնելու, որ միջազգային որևէ կառույց որևէ պարագայում չի վտանգելու իր տարածաշրջանային ազդեցությունն ու շահերը՝ հանուն մեկ այլ ժողովրդի անվտանգության և իրավունքների։ Սա վերաբերում է նաև Արցախին և Արցախի ժողովրդի առջև ծառացած սպառնալիքներին՝ ՀՀ դե-ֆակտո իշխանության կողմից նրանց իրավունքների պաշտպանությունից ի սպառ հրաժարվելու և, չնայած ՀՀ սահմանադրությամբ ամրագրված պարտավորության, արցախահայության իրավունքների իրացման ողջ պատասխանատվությունը ռուսական կողմի վրա բարդելու համատեքստում։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *