Հաջողության պատմություններ

Իսրայելի հաջողության պատմությունն ու դասեր Հայաստանի համար: Մաս 2-րդ

07 / 12 / 2022

Երբ մենք խոսում ենք Իսրայելի հաջողությունների մասին հայրենադարձության ոլորտում, կարևոր է հիշել, որ իրականում Իսրայելը պետություն է, որը հիմնադրվել է հայրենադարձների կողմից։ 20-րդ դարի սկզբին Պաղեստինի հրեական բնակչությունը կազմում էր մոտ 90 հազ․, ինչը կազմում էր ընդհանուր բնակչության 10%-ը: Իսրայել պետության առաջացման պահին հրեաների թիվը կազմել է ավելի քան 715 հազար կամ ընդհանուր բնակչության 80%-ը: Դա հնարավոր դարձավ հայրենադարձության ակտիվ ծրագրի շնորհիվ, որն առաջին հերթին կազմակերպում էին սփյուռքյան ինստիտուտները։ Կարևոր է նշել, որ նման մոդելը արդիական էր՝ հաշվի առնելով պետության բացակայության հանգամանքը։ Այսօր այդ կարևորագույն ֆունկցիան կատարում է հենց պետությունը։

Հիմնական դասը․ անվտանգ կարելի է լինել միայն տանը

Հայրենադարձության ակտիվ փուլը սկսվել է 20-րդ դարի առաջին կեսին։ Դա պայմանավորված էր մեծ թվով հրեական կոտորածներով, որոնց ալիքը տարածվել էր ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Ռուսական կայսրության տարածքը։ Շատ դեպքերում հրեաները անպաշտպան վիճակում էին, քանի որ չհաշված հազվադեպ բացառություններ՝ ինքնուրույն չէին կարողանում պատշաճ կերպով ապահովել իրենց անվտանգությունը։ Եվ այդ պահին ծնված գաղափարը՝ ստեղծելու սեփական պետություն, որը կլիներ հեռվում, գրավեց արդեն ոչ միայն նրանց, ովքեր տեղափոխվում էին՝ կրոնական նկատառումներից ելնելով, այլև նրանց, ովքեր ցանկանում էին ապահովել իրենց և իրենց ընտանիքի անվտանգությունը ։

Պաղեստինի տարածքում իսրայելական բնակավայրերի ընդլայնմանն անմիջապես զուգահեռ ևս մեկ անգամ անվտանգության ապահովման անհրաժեշտություն առաջացավ։ Սակայն այս անգամ յուրօրինակ ֆենոմեն դարձան հրեական ռազմականացված կազմավորումները, որոնք գործում էին արաբների, կենտրոնական իշխանությունների եւ որոշակի պատմական ժամանակահատվածներում՝ Մեծ Բրիտանիայի դեմ։ Այս դեպքում հիմնական տարբերությունն այն գիտակցումն էր, որ հրեական բնակչության ճակատագիրը հենց հրեաների ձեռքում է։ Հիմնական դասը կարելի է համարել այն գիտակցումը, որ միայն իրենց պատմական հողի վրա հրեաները կարող են ապահով լինել` հենց այն պատճառով, որ իրենք են տնօրինում իրենց ճակատագիրը։ Նման ըմբռնում Սփյուռքի շատ հայկական համայնքներում դեռևս չկա։ Ներկայիս միջազգային հարաբերությունների հեղհեղուկ վիճակը հանգեցնում է մի իրավիճակի, երբ ճգնաժամը զգացվում է բոլոր պետություններում: Ինչ-որ տեղ այն ձեռք է բերում տնտեսական բնույթ, ինչ-որ տեղ զգացվում են անվտանգության ապահովման խնդիրներ։ Այս ֆոնին, երբ քաոսի մեջ հնարավոր չէ “օազիս” գտնել, հայկական ինքնության պահպանման միակ հնարավորությունը պատմական Հայրենիքն է։

Դաս 2․ Պետությունը ձեզ տեր կկանգնի

Սակայն նման պետականակենտրոն կողմնորոշումն Իսրայելում ուղեկցվում է գործողությունների մի ամբողջ շարքով, որոնք հանգեցնում են այն գիտակցմանը, որ պետությունը պատրաստ է ապահովել ոչ միայն իր քաղաքացիների, այլև արտերկրում գտնվող հայրենակիցների անվտանգությունը։ Սրա վառ օրինակն Ուկրաինայի հակամարտությունն է։ Ճգնաժամի սկսվելուն պես Իսրայելի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ Ռուսաստանում և Ուկրաինայում բնակվող հրեաների հայրենադարձության և ինտեգրման հատուկ ծրագրի իրականացմանը։ Համապատասխան պետական ծառայություններն անհրաժեշտ տեղեկատվություն ունեին այդ պետությունների տարածքում իրենց հայրենակիցների մասին։

Օրինակ՝ Ուկրաինայում իսրայելական դիվանագիտական ներկայացուցչությունները հատուկ արտագնա թռիչքներ էին կազմակերպում նրանց համար, ովքեր իրավունք ունեին Իսրայել հայրենադարձվելու։ Ուկրաինայից համապատասխան ավտոբուսները ուղևորվում էին հարևան պետությունների սահմաններ, որտեղ նրանց դիմավորում էին դիվանագետներ և այլ պետական ծառայողներ: Մարդկանց այնուհետև ուղեկցում էին օդանավակայան՝ դեպի Իսրայել մեկնումը կազմակերպելու համար: Նրանք, ովքեր ենթակա են «Հայրենադարձության մասին» օրենքին, վեց ամսվա ընթացքում ստանում են «ինտերգրման զամբյուղ», որը նախատեսում է դրամական օգնություն տրամադրում սկզբնական ժամանակահատվածում՝ երկրում հաստատվելու համար: Զուգահեռաբար նոր հայրենադարձներն այցելում են պետության կողմից կազմակերպված «ուլպաններ», որոնք իրենցից ներկայացնում են եբրայերենի ուսուցման անվճար ուսումնական հաստատություններ։ Ընդհանուր առմամբ, այս տարվա առաջին 9 ամիսներին Իսրայել Է ժամանել արդեն 61 հազար հայրենադարձ աշխարհի տարբեր երկրներից , որոնցից 47 հազարը Ռուսաստանից և Ուկրաինայից են: Բնականաբար, այս ժամանակահատվածում կարելի էր նկատել կազմակերպչական լուրջ խնդիրներ, որոնք պայմանավորված էին նրանով, որ պետական ապարատը պատրաստ չէր նման մասշտաբների և չէր հասցնում բոլոր ժամանածներին ապահովել, օրինակ, ուսումնական հաստատություններում տեղերով։

Միևնույն ժամանակ, Հայաստանը Ուկրաինայից կամ Ռուսաստանից իր հայրենակիցների համար ոչ մի չվերթ չի կազմակերպել։ Արդյունքում մենք տեսնում ենք, թե ինչպես են հայերը, լինելով Ռուսաստանի կամ Ուկրաինայի քաղաքացիներ, մոբիլիզացիայի արդյունքում հայտնվում բարիկադների տարբեր կողմերում։ Հայաստան ժամանած հայրենադարձները ոչ միայն չեն ստացել պետության աջակցությունը, այլև բախվել են կենցաղային դժվարությունների, որոնք չեն կարողացել հաղթահարել (օրինակ ՝ բնակարանների պատմականորեն բարձր գները)։ Արդյունքում շատերը ստիպված են եղել լքել Հայաստանը և մեկնել Արևելյան Եվրոպայի երկրներ ։

Դաս 3․ ճիշտ նպատակներ, առաջադրանքեր և եղանակներ

Հայաստանի հայրենադարձության ձախողված քաղաքականությունը պայմանավորված է նաև նրանով, որ Հայաստանում այդ հարցերի համար պատասխանատու մարմինը վերակազմավորվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի։ Իսկ նույն Իսրայելում, օրինակ, գործում է հայրենադարձության և ինտեգրման մի ամբողջ նախարարություն։ Նրա մի շարք գործառույթներ իրականացնում են նաև այլ պետական գործակալություններ։ Իսկ Հայաստանում փոքր ապարատը ի վիճակի չէ կատարել նման մասշտաբի խնդիրներ:

Իսրայել պետության հիմնադրվելուց ի վեր՝ երկիր է տեղափոխվել ավելի քան 3 միլիոն հայրենադարձ ։ Շատերն ինքնուրույն են տեղափոխվել։ Սակայն աշխատանքի մեծ մասը կատարել է հենց պետությունը։ Որովհետև նախարարության խնդիրների մեջ է մտնում ինչպես հրեաների որոնումը, այնպես էլ նրանց տեղափոխման կազմակերպումը, և վերջում՝ նրանց ինտեգրումը։ Այս առաջադրանքների հիման վրա գործում է աշխատանքի այս ուղղության համար պատասխանատու պետական մեքենան, որը հետագայում ձեռք է բերում համապատասխան ձև և ինստիտուցիոնալացում։

Նման մոտեցմամբ պետությունը ցույց է տալիս, որ հետաքրքրված է արտերկրում գտնվող իր յուրաքանչյուր հայրենակցով և պատրաստ է ջանքեր գործադրել նրան հայրենիք վերադարձնելու համար։ Միևնույն ժամանակ, ստեղծվում են պայմաններ, որոնք թույլ կտան ոչ միայն հեշտորեն ինտեգրվել, այլև ստանալ մի շարք առավելություններ,օրինակ՝ քաղաքացիություն: Հայրենադարձության վառ օրինակ կարող է լինել Ռոման Աբրամովիչի` Իսրայելի քաղաքացիություն ստանալը: Վերջինս իր կապիտալի մեծ մասը տեղափոխեց Իսրայել՝ մեկ օրում դառնալով երկրի ամենահարուստ մարդը: Դրա դիմաց պետությունն ապահովում է նրա ակտիվների հուսալիությունը և թույլ է տալիս օգտվել քաղաքացիության առավելություններից։ Այսօր Իսրայելը կարող է իրեն թույլ տալ կենտրոնանալ ոչ միայն շարքային հրեաների, այլև բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձության կազմակերպման վրա, որոնք հավելյալ արժեք կներդնեն Իսրայելի տեխնոլոգիական զարգացման մեջ։ Հայրենադարձության նման ուղղությունը բավականին բարդ է, քանի որ պետությունից հատուկ ջանքեր է պահանջում մասնագետների համար համապատասխան պայմաններ ստեղծելու հարցում։ Սակայն հենց այս մոտեցումն է հեռանկարային մոտեցումներից մեկը ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ելնելով առկա կարիքներից, տվյալ ուղղությունը չպետք է լինի առաջնային։ Երկրի տարածքի անվտանգության ապահովման և բնակեցման օբյեկտիվ խնդիրները չեն կարող լուծվել բացառապես բարձր որակավորում ունեցող մասնագետների հայրենադարձության միջոցով:

պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *