Հայաստանում հաճախ են համեմատում սեփական ճակատագիրը Իսրայելի և հրեա ժողովրդի պատմության հետ։ Թեև իրականում, մենք շատ ենք տարբերվում և տարբերություններն ավելի շատ են, քան նմանությունները։ Միևնույն ժամանակ կան մի շարք առանձնահատկություններ, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Այդ առանձնահատկությունները կարող են ծառայել և՛ որպես դաս, և՛ որպես մոտիվացիա Հայաստանի և Արցախի համար։
Դաս 1. Ռազմավարական տեսլականի պլանավորում
Իսրայելի արտաքին և պաշտպանական քաղաքականությունը հիմնվում է մի շարք ռազմավարական հրամայականների առկայության վրա, որոնք իրենց հերթին ձևավորում են հետագա գործողությունները։ Առաջին հերթին՝ դա այն ընկալումն է, որ ցանկացած պատերազմում պարտությունը կարող է դառնալ աղետ։ Սա ենթադրում է, որ ցանկացած հակամարտություն գնահատվում է որպես գոյաբանական սպառնալիք անվտանգությանը։ Այդպիսով, Իսրայելի վրա ցանկացած հարձակում կարող է հանգեցնել ինչպես պետության, այնպես էլ բնակչության ոչնչացմանը։ Այդ ըմբռնումը ընկած է կանխարգելիչ հարված հասցնելու սկզբունքի հիմքում։ Դա թույլ է տալիս ինչպես խափանել հակառակորդի պլանները, այնպես էլ չեզոքացնել նրա հնարավորությունները նախապատրաստվող հարձակումից առաջ։ Այս մոտեցումը որդեգրվել է Իսրայել պետության հիմնադրման պահից և արդիական է առ այսօր։ Եթե նախկինում Իսրայելը փորձում էր կանխարգելիչ հարվածներ հասցնել արաբական պետությունների դիրքերին, որոնք պատրաստվում էին հարձակման, ապա այսօր այս մոտեցմը կիրառվում է Իրանի հանդեպ քաղաքականության մեջ։ Այսպես, Իսլամական Հանրապետությունից եկող սպառնալիքը (միջուկային և հրթիռային ծրագրեր, ինչպես նաև տարածաշրջանում ազդեցությունը մեծացնելու քաղաքականություն) Իսրայելի կողմից դասվում է գոյաբանական սպառնալիքների շարքին։ Այդկերպ, այսօր Իսրայելը կանոնավոր կերպով հարվածներ է հասցնում Սիրիայի տարածքին՝ ոչնչացնելով ժամանակակից սպառազինությունը և Իրանի, ինչպես նաև Արաբական Հանրապետության տարածքում վերջինիս հավատարիմ խմբավորումների դիրքերը։ Դա կապված է նրա հետ, որ Իսրայելը Սիրիային դիտարկում է որպես իրանական հարձակման պլացդարմ։ Հենց այդ պատճառով, որպեսզի թույլ չտա այդ պլացդարմի ստեղծումը, Իսրայելը պարբերաբար հարձակվում է՝ չեզոքացնելով Իրանի հնարավորությունները։
Երկրորդը, պատերազմ վարելու իսրայելական հայեցակարգը հիմնվում է նրա վրա, որ ռազմական գործողությունները պետք է իրականացվեն բացառապես թշնամու տարածքում։ Դա կապված է այն բանի հետ, որ Իսրայելի տարածքը չունի ռազմավարական խորություն, որը թույլ կտար մանևրել։ Խոշոր քաղաքները փաստացի գտնվում են արաբական պետությունների սահմաններից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա։ Հետևաբար, Իսրայելի վերածումը ռազմական գործողությունների թատերաբեմի կարող է աղետ դառնալ։ Ելնելով դրանից՝ համարվում է, որ գոյապայքարում ողջ մնալու միակ տարբերակը պատերազմը բացառապես արաբական պետությունների տարածքում վարելն է։
Տվյալ երկու մինիմալ ընկալումները ընկած են ռազմավարական պլանավորման հիմքում։ Հակառակ դեպքում, Իսրայելը գոյատևելու որ մի հնարավորություն չէր ունենա։ Կարևոր է նշել, որ Իսրայելը իր առջև խնդիր չէր դրել լիակատար հաղթանակի, ինչը ենթադրում է թշնամու լիակատար ոչնչացում և վերջինիս կապիտուլյացիա։ Իսրայելի համար կաևոր էր ավարտել պատերազմը թշնամու տարածքում՝ ստիպելով նրան նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Հաղթանակն իր ամողջական իմաստով հնարավոր չէր բնակչության թվաքանակի, տարածքի և տնտեսական հնարավորությունների հսկայական անհամաչափության պատճառով։
Այս առումով տվյալ մոտեցումը արդիական է նաև Հայաստանի համար։ Հնարավորությունների համանման անհամաչափություն է նկատվում մի կողմից Հայաստանի, մյուս կողմից Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Սակայն եթե Երևանում ելնում են այն դիրքորոշումից, որ այս առումով մենք դատապարված ենք կապիտուլյացիայի, ապա ինչպես նշեցինք վերևում, Իսրայելում մոտեցումը միանգամայն այլ է։
Այսօր՝ Արցախի մեծ մասի հանձնումից հետո, Հայաստանի մի շարք բնակավայրեր հայտնվել են ճակատամերձ գոտում, և այս տարվա սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումը ցույց տվեց, որ պարտության դեպքում մենք ոչ միայն կկորցնենք տարածքներ, այլև կզրկվենք բնակչությունից, որը այստիճանաբար լքում է իր բնակավայրերը։ Այդ պատճառով անհրաժեշտ է խուսափել Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների իրականացումից՝ դրանք տեղափոխելով թշնամու վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Եվ այս առումով կարևոր է կանխարգելիչ քայլերի իրականացումը՝ չսպասելով հերթական հարձակմանը։ Միևնույն ժամանակ, դա պետք է բխի ռազմավարական պլանավորումից, որն այդ թվում թույլ կտա արագ ավարտել կոնֆլիկտը, որովհետև Հայաստանը, ինչպես Իսրայելը 20-րդ դարում, իրեն չի կարող թույլ տալ երկարատև պատերազմ, որը արագ կհանգեցնի ռեսուրսների սպառման։
Դաս 2. Արդիականացում, ադապտացիա և առավելությունների օգտագործում
Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այն ելակետային դիրքերին, որոնք գոյություն ունեին պետության ձևավորման պահին։ 1948 թ․-ին Իսրայելի բնակչությունը մոտ 872 հազ․ մարդ էր (նրանցից շուրջ 150 հազ․-ը արաբներ էին)։ Առաջին պատերազմի սկսվելու պահին արաբական երկրների բնակչության պատկերը մոտավորապես հետևյալն էր․ Եգիպտոս՝ 19 մլն․, Սիրիա՝ 3,5 մլն․, Հորդանան՝ 430 հազ․։ Առաջին հայացքից սա կարող էր հանգեցնել նույն ընկալմանը, որը գերակայում է այսօր Հայաստանում․ դիմադրությունը անհեռանկարային է։ Սակայն այս դեպքում ևս կան մի շարք հնարավորություններ, որոնք կարելի է օգտագործել՝ ելնելով սեփական առավելություններից։
Բնակչության անհամաչափության գլխավոր առավելությունը մարտական ստորաբաժանումների օպերատիվ համալրումն է փորձ ունեցող պահեստազորայիններով։ Նման տարբերության բալանսավորման պատկերավոր օրինակ էր, երբ Իսրայելը հաշված օրերի ընթացքում կարողացավ մոբիլիզացնել մոտ կես միլիոն զորք՝ դրանով ստեղծելով զինվորական անձնակազմի դիսբալանս՝ արդեն իսկ իր օգտին։ Մոբիլիզացվածները սովորական քաղաքացիական բնակչություն չեն․ գրեթե բոլորը անցել են պարտադիր ծառայություն կամ ունեն մարտական գործողություններին մասնակցության փորձ։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ սա անհնար էր առաջին աշխարհամարտի ժամանակաշրջանում։ Սակայն դեռևս այն ժամանակ արաբական երկրներին դիմակայում էին մարտական միավորներ, որոնք պարբերաբար մասնակցել էին տեղային կոնֆլիկտներին` ինչպես արաբական ուժերի, այնպես էլ այլազգիների, առաջին հերթին՝ բրիտանացիների դեմ։ Ասպիսով, շարունակական փորձը հանդիսանում է այս հարցում հաջողության գրավականը։ Սրա օրինակը մշտական զորավարժությունները և մոբիլիզացիոն հավաքներն են։ Վերջինը չպետք է իրականանա «զորակոչի տարիքի բոլոր տղամարդկանց» հավաքելու սկզբունքով, ինչպես դա տեղի է ունենում Հայաստանում։ Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ նոր զորակոչիկների հաշվին ոչ միայն չտուժեն հները, այլև համալրվեն ստորաբաժանումներ` հիմնվելով յուրաքանչյուր զինվորի փորձառության վրա:
Ավելին, Ադրբեջանի կողմից մշտական սպառնալիքի ֆոնին Հայաստանն առավելություն ունի` օպերատիվ համալրման և զինվորներին առաջնագիծ ուղարկելու հնարավորության տեսքով։ Այս առումով առավելությունը հենց օպերատիվությունն է։ Ադրբեջանն ունի պահեստազորի համալրման հնարավորություն, սակայն նրանք միմյանցից աշխարհագրորեն հեռու են տեղակայված։ Հետևաբար, մենք կարող ենք բավական արագ, թեկուզև ժամանակավորապես, մեր օգտին ապահովել որակական և քանակական առավելություն։ Սա ընդամենը երկուսն է առավելության հնարավություն տվող այն մեծաթիվ օրինակներից, որոնց վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։
Արդիականացումը և ադապտացիան վերաբերում են ինչպես ռազմական մտքին, այնպես էլ սպառազինությանը և զինտեխնիկային։ Հայաստանը պատրաստվում էր ավանդական և կոնվենցիոնալ պատերազմի՝ ուշադրություն չդարձնելով ռազմական մտքի և ռազմավարության ամենուրեք նկատվող փոփոխություններին։ Սակայն անգամ սա պահանջում է ադապտացիա հայկական իրողություններին՝ կարողություններին, հնարավորություններին, ռելիեֆին և այլն։ Օրինակ՝ հրահանգման համակարգի փոփոխությունը, որը թույլ կտա ապահովել հորիզոնական կապեր տարբեր տեսակի զորքերի միջև և մարտի դաշտում օպերատիվ որոշումներ կայացնել։
Ինչ վերաբերում է սպառազինությանը և զինտեխնիկային, Իսրայելը հարմարեցրել է ամեն ինչ իր կարիքներին, իսկ հեռանկարում ձեռնամուխ է եղել սեփական սպառազինության ստեղծմանը՝ ելնելով անհրաժեշտությունից։ Եվ այս ամենի հիմքում հիմնական առաջնահերթությունն է՝ փրկել զինվորի կյանքը։ Հաշվի առնելով սակավաթիվ մարդկային ռեսուրսները՝ յուրաքանչյուր զինվորի կյանք ունի մեծ գին։ Այդ պատճառով տանկերի և զրահամեքենաների ստեղծման ընթացքում գլխավոր առաջնահերոթությունը անվտանգությունն է։ Ավելին, տեխնիկան պարբերաբար արդիականացվում է, ընթանում է նոր լուծումների ակտիվ փնտրտուք, որոնք թույլ կտան օպերատիվ կերպով կատարել մարտական առաջադրանքները՝ սպառելով նվազագույն ռեսուրսներ։ Հենց այդ պատճառով իսրայելական արտադրողներն ունեն ԱԹՍ-ների բավական լայն տեսականի, որը պարբերաբար արդիականացվում է։
Չկա մի զենք, որն ամբողջությամբ երաշխավորում է հաղթանակ մարտի դաշտում։ Այս առումով անհրաժեշտ է օգտագործել բոլոր առկա միջոցները։ Հայաստանն այս առումով առավելություն ունի, որը չի օգտագործվում: Խոսքը մեր դաշնակիցների մասին է: Օրինակ, հետախուզության ժամանակակից միջոցների (տիեզերական) բացակայությունը կարող է լրացվել դաշնակիցների կամ շահակից երկրների հետ գործողությունների կանոնավոր համակարգմամբ և աշխատանքով:
պ.գ.թ., արևելագետ, Սերգեյ Մելքոնյան