Շաբաթներ առաջ «Հայկական ալիք»-ը հարցազրույց էր վերցրել իրանագետ Արտյոմ Տոնոյանից` պարզելու Իրանի շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների, այն է` ԱԹՍ-ով հարձակմանը և Իրանում Ադրբեջանի դեպսանության աշխատակցի սպանությանը հաջորդած հանգամանքները: Իրանական տեսանկյունից խնդիրը դիտարկելուց հետո կարծում ենք տեղին կլինի նաև Իսրայելի դիտանկյունը ուսումնասիրել և հասկանալ, թե ի՞նչ շահեր ունի այս երկիրը մեր տարածաշրջանում և ի՞նչն է նրան մղում այս կամ այն գործողությունների: Այս առիթով «Հայկական ալիք»-ը վերցրել է հարցազրույց պ.գ.թ., արևելագետ Սերգեյ Մելքոնյանից:
–Ներկայումս ի՞նչ հռետորաբանություն է գերակշռում Իրան–Իսրայել հարաբերություններում:
Իրան-Իսրայել հարաբերություններում շարունակվում է պահպանվել թշնամական հռետորաբանությունը։ Այն երբեք չի էլ դադարել: Իսրայելը շարունակում է պնդել, որ Իրանը սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանի և միջազգային անվտանգության համար։ Իրանն էլ Իսրայելին մեղադրում է տարածաշրջանում անկայունության տարածման, ինչպես նաև Սիրիայում իրանական դիրքերին հարվածներ հասցնելու մեջ։
Սակայն այսօր մենք գտնվում ենք հերթական ավելի կտրուկ շրջադարձի վրա, որը կարող է էլ ավելի խորացնել առճակատումը Իրանի և Իսրայելի միջև։ Իրանի տարածքում տեղի ունեցածը, խոսքը պաշտպանության նախարարության օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին է, անպատասխան չի մնա։ Ակնհայտ է, որ Իրանը պատասխան հարված է պատրաստում, որը կարող է հասցվել ինչպես Իսրայելին, այնպես էլ տարածաշրջանի այլ հատվածներին, որտեղ կա իսրայելական ներկայություն, օրինակ՝ Իրաքյան Քրդստանը։
Իսկ ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում է ուժեղանալ։ Մի կողմից Իսրայելը «Հրե կառք»խորագրով լայնածավալ զորավարժություններ է անցկացնում, որոնց ընթացքում մշակվել են Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու հնարավորությունները, մյուս կողմից՝ Իրանը ներկայացնում է նոր բալիստիկ հրթիռ, որի վրա եբրայերենով գրված է «մահ Իսրայելին»:
–Ի՞նչ շահեր ունի Իսրայելը մեր տարածաշրջանում և ի՞նչ քայլեր է ձեռնարկում այդ շահերին հետամուտ լինելու համար:
Իսրայելի արտաքին քաղաքականության մեջ հիմնական հետաքրքրությունը կապված է ազգային անվտանգության ապահովման խնդրի հետ։ Կարևոր, բայց միևնույն ժամանակ առավել քիչ առաջնահերթ են էներգետիկ անվտանգության, տնտեսական զարգացման և այլ հարցերը: Այս առումով Հարավային Կովկասի տարածաշրջանը միանգամից մի քանի տեսանկյունից է հետաքրքրություն ներկայացնում: Նախ՝ այն փաստից, որ Իսրայելն աշխարհագրորեն մոտ է Իրանին, բխում է Իսրայելի անվտանգության հիմնական սպառնալիքը։ Հետաքրքրության հաջորդ կետը տարբեր ոլորտներում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսներն ու սպառազինության և ժամանակակից տեխնոլոգիաների սպառման շուկան են։
Իսրայելը ձգտում է ամրապնդել իր ներկայությունը Հարավային Կովկասում, որը զսպող գործոն կծառայի Իրանի համար։ Դա չի նշանակում նույն Ադրբեջանի տարածքը վերածել հարձակման հենակետի, բայց դիտարկել նման նպատակների համար հնարավոր է։ Իր ներկայությունն ամրապնդելու համար Իսրայելն Ադրբեջանին ռազմական և տեխնոլոգիական իմաստով բառացիորեն «սնում» է։ Ինչ վերաբերում է տարածաշրջանում օրակարգային հրատապ խնդրին՝ Իսրայելը սատարում է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» իրագործմանը։ Այս հեռանկարում նա կարող է սահմանափակել Իրանի հնարավորությունները և վերջինիս արգելափակել հյուսիսից։
Ավելին, Ադրբեջանի հետ սերտ համագործակցությունը Իսրայելի կողմից կներկայացվի որպեսմուսուլմանական այլ երկրների հետ համագործակցության մոդել։ Այս մոդելը պարունակում էկարևոր թեզ, որ «Իսրայելի հետ համագործակցությունը կբերի տնտեսական և տեխնոլոգիական զարգացում»։ Ուստի մյուս հարցերը, որոնք խոչընդոտ են հանդիսանում մերձեցման այս ճանապարհին, պետք է մղվեն երկրորդ պլան։
–Ի՞նչ ընկալումներ և տրամադրություններ կան Իսրայելում՝ կապված վերջերս Իրանում տեղի ունեցած ԱԹՍ–ով հարձակման հետ: Չէ՞ որ դեռևս պաշտոնապես հաստատված չէ, բայց իրանական կողմը պնդում է, որ հարձակման հետևում կանգնած է Իսրայելը:
Իսրայելն ավանդաբար չի մեկնաբանում տարածաշրջանում իր գործողությունները՝ չխոստովանելով կամ չհերքելով իր մասնակցությունը դրանցում։ Չնայած դրան, Իսրայելի առաջնորդ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը Իրանում սպառազինության արտադրության զարգացման դեմ քայլեր է ձեռնարկել։ Բայց նաև չի հաստատել կամ հերքել վերջին հարձակումների ժամանակ իր մասնակցությունը: Սակայն իսրայելական ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում էր, որ բոլոր անօդաչուները հաջողությամբ հասել են իրենց նպատակներին։ Նման հայտարարություններ արվել են` հղում տալով արևմտյան հատուկ ծառայություններին։
Ինչ վերաբերում է բուն իսրայելական հասարակությանը՝ հիմնական օրակարգը կապված է բարեփոխումների հետ, որոնք շատերի կարծիքով հակաժողովրդավարական բնույթ են կրում։ Դրա համար էլ պարբերաբար բազմահազարանոց հանրահավաքներ են տեղի ունենում։ Այս ամենի ֆոնին Իրանի խնդիրը հանրության համար մղվել է երկրորդ պլան։
–Ի՞նչ կարելի է ակնկալել այս տարի Իրանի և Իսրայելի հարաբերություններից` հաշվի առնելով Իրանի միջուկային համաձայնագրի հարցը: Ի՞նչ քայլերի է պատրաստ Իսրայելը միջուկային համաձայնագրի շուրջ համաձայնության գալու կամ չգալու պարագայում:
Կարելի է ասել, որ միջուկային գործարքը, այսինքն` Իրանի միջուկային ծրագրի համաձայնագիրն իրականում գոյություն չունի։ ԱՄՆ-ն դուրս է եկել դրանից և չի նախատեսում վերադառնալ կամ վերականգնել: Իրավիճակը վատթարացավ այն բանից հետո, երբ Իրանն, ըստ Արևմուտքի, ռուս-ուկրաինական ռազմական բախման մեջ դարձավ Ռուսաստանի դաշնակիցը։ Դրա գործնական դրսևորումը իրանական անօդաչու թռչող սարքերի մատակարարումն է, որոնք ակտիվորեն օգտագործվել են ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համար։
Կարելի է ասել, որ Իրանը սպասողական դիրք է ընդունել՝ ակնկալելով հանգուցալուծում Ռուսաստան-Արևմուտք առճակատման մեջ։ Միևնույն ժամանակ, Թեհրանը չի հավատում միջուկային գործարքին վերադառնալու Արևմուտքի պատրաստակամությանը և կարողությանը, ուստի արդեն իրականացնում է իր քաղաքականությունը՝ ելնելով այդ նկատառումներից: Միևնույն ժամանակ Իրանի համար ակնհայտ է, որ միջազգային համակարգը փոխվում է։ Սա ստեղծում է և՛ նոր սպառնալիքներ, ինչպիսին է, օրինակ, երկրի սահմանների երկայնքով ապակայունացումը, և՛ նոր հնարավորություններ՝ կապված ազդեցության գոտու ընդլայնման հետ։ Ստեղծվող հնարավորությունների օգտագործման օրինակ է Ռուսաստանից Սու-35 ինքնաթիռների գնումը։ Եթե նախկինում Իրանի հետ համագործակցության հարցում Ռուսաստանին հետ էր պահում Արևմուտքի կողմից պատժամիջոցների հեռանկարը, ապա այսօր այդ խնդիրն այլևս արդիական չէ։
Ինչ վերաբերում է Իրան-Իսրայել հարաբերություններին, ապա կարևոր է հետևել Թեհրանի պատասխանին։ Եթե պատասխանը համաչափ է, ապա էսկալացիայի մակարդակը կարող է նվազել։ Իսկ եթե այն անհամաչափ լինի, ապա կարելի է ակնկալել բախումների նոր փուլ, որը կարող է տեղի ունենալ Մերձավոր Արևելքի ցանկացած կետում, այդ թվում ՝ Հարավային Կովկասում։
Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը