Անվտանգություն, Աշխարհում

Իսրայելը կարող է հաղթել Գազայի ճակատամարտում և պարտվել պատերազմում

11 / 10 / 2023

 

Ի տարբերություն Փոլ Փոաստի, ես այս պատերազմը չեմ դիտարկում որպես մեկ ապացույց, որ համաշխարհային անվտանգային համակարգը վատթարանում է։ Ինչու՞։ Քանի որ սա բնավ առաջին անգամը չէ, որ լայնածավալ բռնություններ են տեղի ունենում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:

Իսրայելը հարվածներ հասցրեց Գազայի հատվածին 2008 թվականի դեկտեմբերին «Ձուլված կապար» գործողության ժամանակ, և դա արեց կրկին «Պաշտպանիչ եզր» գործողության ժամանակ 2014 թվականին, այնուհետև դա արեց ևս մեկ անգամ (ավելի փոքր մասշտաբով) 2021 թվականի մայիսին։ Այս հարձակումների արդյունքում սպանվեցին մի քանի հազար խաղաղ բնակիչների (որոնցից գուցե մեկ քառորդը երեխաներ էին) և էլ ավելի թշվառ դրության մեջ դրեցին Գազայի՝ առանց այդ էլ թակարդում գտնվող բնակչությանը, բայց այդ գործողությունները մեզ ոչ մի կերպ չմոտեցրին տևական և արդար լուծմանը: Դա, ինչպես որոշ իսրայելցիներ մեկնաբանեցին, ընդամենը «խոտհունձ» էր։

Մարտական այս վերջին փուլի նոր առանձնահատկությունն այն է, որ ՀԱՄԱՍ-ը գրեթե լրիվ անակնկալի է բերել Իրսայելին (ինչպես Եգիպտոսն ու Սիրիան արեցին 50 տարի առաջ՝ 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի ժամանակ) և անսպասելի մարտական հնարավորություններ ցուցադրել: Հարձակումը ավելի մեծ վնաս հասցրեց Իսրայելին քան նախորդ գործողություններից որևէ մեկը. հաղորդվում է, որ ավելի քան 700 իսրայելցի է սպանվել (խմբ. հոկտեմբերի 9-ի տվյալներով), ակնկալվում է, որ զոհերի թիվը կավելանա, և անհայտ թվով գերեվարվածներ կան, որոնց թվում՝ Իսրայելի պաշտպանության ուժերի որոշ զինվորներ։

Հարձակումն ակնհայտորեն ցնցել է իսրայելական հասարակությանը: Կառավարության ձախողումը՝ հայտնաբերելու և կանխելու հարձակումը կարող է ի վերջո հանգեցնել Նեթանյահուի քաղաքական կարիերայի ավարտին։ Սակայն ՀԱՄԱՍ-ը դեռ շատ ավելի թույլ է, քան Իսրայելը, և այս մարտերը չեն փոխի նրանց միջև ուժերի ընդհանուր բալանսը: Իսրայելը, գրեթե անկասկած, դաժան պատասխան կտա, և Գազայում և այլուր պաղեստինցի խաղաղ բնակիչները, ներառյալ շատերը, ովքեր չեն աջակցում ՀԱՄԱՍ-ին, ծանր գին կվճարեն:

Ոչ ոք հստակ չգիտի, թե ուր է տանում այս ճգնաժամը կամ ինչ երկարաժամկետ ազդեցություն կունենա, բայց ահա որոշ նախնական եզրակացություններ.

Նախ, այս վերջին ողբերգությունը հաստատում է իսրայելա-պաղեստինյան երկարատև հակամարտության նկատմամբ ԱՄՆ քաղաքականության սնանկությունը: ԱՄՆ առաջնորդները՝ Ռիչարդ Նիքսոնից մինչև Բարաք Օբաման, այս հակամարտությունը դադարեցնելու բազում հնարավորություններ են ունեցել և չեն կարողացել դա անել: Որպես արդար միջնորդ գործելու և իրենց ձեռքի տակ եղած վիթխարի լծակներն օգտագործելու փոխարեն՝ Դեմոկրատական և Հանրապետական վարչակազմերը խոնարհվեցին լոբբիի ճնշման տակ, գործեցին «Իսրայելի փաստաբանի» պես, պաղեստինյան առաջնորդներին ստիպեցին գնալ ծանր զիջումների՝ միաժամանակ անվերապահ աջակցություն ցուցաբերելով Իսրայելին և աչք փակեցին Իսրայելի՝ տասնամյակներ տեւած ջանքերի վրա՝ յուրացնելու այն հողերը, որոնք ենթադրաբար վերապահված էին ապագա Պաղեստին պետության համար: Ինչո՞ւ պետք է որևէ մեկը լուրջ ընդունի ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում, երբ նրա հռչակած նպատակներն այնքան անջատված են հողի վրա տիրող իրավիճակից: Ինչպես միշտ, ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանը պատերազմին ՀԱՄԱՍ-ին դատապարտելն է իր «չհրահրված հարձակումների» համար, Իսրայելին ամուր աջակցություն արտահայտելը և վճռականորեն անտեսելը այն առավել լայն համատեքստը, որում դա տեղի է ունենում, և պատճառները, թե ինչու են որոշ պաղեստինցիներ զգում, որ չունեն այլ ընտրություն, քան ուժ կիրառելը՝ ի պատասխան այն ուժի, որը սովորաբար կիրառվում է նրանց դեմ: Եթե երբևէ մտածել եք, թե ինչու ԱՄՆ-ի նախկին խաղաղության ջանքերը ձախողվեցին, և ինչու ամբողջ աշխարհում շատ մարդիկ այլևս չեն տեսնում Միացյալ Նահանգները որպես բարոյականության փարոս, ահա ձեր պատասխանի մի մասը:

Երկրորդ, այս նոր արյունահեղությունը ևս մեկ տխուր հիշեցում է, որ միջազգային քաղաքականության մեջ ուժն ավելի կարևոր է, քան արդարությունը: Իսրայելը կարողացել է ընդարձակվել Հորդանան գետի Արևմտյան ափին և տասնամյակներ շարունակ Գազայի բնակչությանը պահել բացօթյա բանտում, քանի որ նա շատ ավելի ուժեղ է, քան պաղեստինցիները և որովհետև համագործակցել կամ չեզոքացրել է այլ կողմերի (օրինակ՝ ԱՄՆ-ին, Եգիպտոսին, Եվրամիությանը), որոնք կարող էին ընդդիմանալ այդ ջանքերին և ստիպել նրան բանակցություններ վարել տևական խաղաղության շուրջ:

Այնուամենայնիվ, այս իրադարձությունը և դրան նախորդած բազմաթիվ բախումները կարող են նաև բացահայտել ուժի սահմանները: Պատերազմը քաղաքականության շարունակությունն է այլ միջոցներով, և հզոր պետությունները երբեմն հաղթում են մարտի դաշտում, սակայն պարտվում են քաղաքականապես: ՀԱՄԱՍ-ը երբեք չի կարողանա հաղթել Իսրայելին ուղղակի ուժի փորձարկումով, սակայն նրա հարձակումը ողբերգական հիշեցում է, որ Իսրայելն անխոցելի չէ, և չի կարելի անտեսել ինքնորոշման պաղեստինյան ցանկությունը: Սա նաև ցույց է տալիս, որ Աբրահամյան ակորդները և Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունները կարգավորելու վերջին ջանքերը խաղաղության երաշխիք չեն։ Հակառակը, դրանք գուցե ավելի հավանական դարձրին այս վերջին հակամարտությունը:

Ո՞ւր կտանի այս ամենը։ Դժվար է ասել։ Բոլոր կողմերի համար խելացի քայլը կլինի սկսել արագ վերադառնալով նախկին ստատուս քվոյին. ՀԱՄԱՍ-ը կդադարեցնի իր հրթիռային հարձակումները, անմիջապես դուրս կգա իր գրաված տարածքներից, կառաջարկի վերադարձնել իր կողմից գերեվարված իսրայելցիներին՝ առանց Իսրայելում կալանքի տակ գտնող պաղեստինցիների հետ փոխանակման պահանջի և երկու կողմերը հրադադար կհաստատեն: Եվ այդ ժամանակ Միացյալ Նահանգները և մյուսները կսկսեն լուրջ, համակողմանի և կայուն ջանքեր գործադրել արդար և իմաստալից խաղաղության հաստատման համար: Բայց դա տեղի չի ունենա. Ի վերջո, ե՞րբ է վերջին անգամ այս կողմերից որևէ մեկը խելացի կամ հեռատես բան արել:

Փոխարենը, Իսրայելը ամեն ինչ անելու է, որ հերքի ՀԱՄԱՍ-ի նույնիսկ մարտավարական հաջողությունները, և կարող է նույնիսկ փորձել մեկընդմիշտ հեռացնել ՀԱՄԱՍ-ին Գազայից: ԱՄՆ կառավարությունը ամուր կկանգնի այն ամենի հետևում, ինչ որոշի անել Իսրայելը։ Միջնորդի դերում հանդես գալու կոչ անող ձայները անտեսվելու են, իսկ վրեժխնդրության, տառապանքի և անարդարության այս շրջապտույտը շարունակվելու է։ Հետո չասեք, թե չեմ զգուշացրել։

 

Ստեֆան Ուոլթ

 

Related Posts