Մեդիա և տեխնոլոգիաներ

Թոփ 5 ֆիլմեր իսրայելական հետախուզության մասին

25 / 08 / 2023

Իսրայելական հատուկ ծառայությունները համարվում են աշխարհում ամենաարդյունավետ հատուկ ծառայություններից մեկը: Շատ առումներով նրանք մի տեսակ դարձել են «երկրի բրենդը»: Իրականում նրանք ունեցել են նաև անհաջողությունների և ձախողումների հսկայական շարք, որոնք նկարագրված են հենց իսրայելցի ուսումնասիրողների աշխատություններում: Այնուամենայնիվ, այդ աշխարհը սուզվելու համար մենք Ձեզ համար պատրաստել ենք ամենահետաքրքիր ֆիլմերի և սերիալների շարք, որոնք ոչ միայն հայտնի են հենց Իսրայելում, այլև առավել իրատեսորեն, առանց դավադրապաշտության արտացոլում են իրականությունը։

1 «Մոսադը ներսից» («Inside the Mossad»)

Վավերագրական սերիալը, որը եբրայերեն կոչվում է պարզապես «Մոսադ», բաղկացած է մեկ եթերաշրջանից: Սերիալից կարելի է տեղեկություններ ստանալ «առաջին ձեռքից» և տեսնել մարդկանց, ովքեր աշխատել են աշխարհի ամենահայտնի հետախուզություններից մեկում: Նրանց թվում են Մոսադի ղեկավարները, օպերատիվ աշխատողները և նրանք, ովքեր զբաղվում են քննությամբ։ Նրանք պատմում են, թե ինչպես է կազմակերպված կառույցը, կիսվում են հիշողություններով և բացահայտում հատուկ գործողությունների որոշ մանրամասներ։

2 «Լրտեսը» («The Spy»)

Այս սերիալը ևս բաղկացած է մեկ եթերաշրջանից։ Ի տարբերություն նախորդ սերիալի՝ «Լրտեսը» գեղարվեստական ժանրի է։ Սերիալը պատմում է իսրայելցի ամենանշանավոր լրտես էլի Քոենի մասին։ Իր առաքելության կարևորությամբ և ունեցած հասանելիության մակարդակով, հավաքած տեղեկատվությամբ նա մնում է անգերազանցելի։ Նա համարվում էր Սիրիայի նախագահի պաշտոնի երրորդ թեկնածուն, մի երկրի, որի հետ Իսրայելը մինչ օրս պատերազմական վիճակում է: Երկու  հետաքրքիր մանրամասներ։ Նախ, իսրայելցի լրտես էլի Քոենին մարմնավորում է միևնույն ազգանունը կրող Սաշա Բարոն Քոենը։ Երկրորդ՝ սերիալում գլխավոր դեմքերից մեկը Սիրիայի ականավոր քաղաքական գործիչ Ամին Ալ-Հաֆեզն է, ով հայ էր։

3 «Ֆաուդա» («Fauda»)

Այս սերիալը դարձել է Իսրայելում հիթային սերիալներից մեկը: Այն ևս գեղարվեստական է։ Դրանում ցուցադրվում են հատուկ հակաահաբեկչական գործողությունները, որոնք իրականացվում են ՑԱԽԱԼ-ի (Իսրայելի պաշտպանության բանակ – խմբ) հատուկ ստորաբաժանման կողմից։ Բոլոր հերոսները աշխատում են հույժ գաղտնիության պայմաններում։ Վերջերս թողարկվեց չորրորդ եթերաշրջանը:

4 «Հրեշտակը» («The Angel»)

Ֆիլմում ներկայացված է Աշրաֆ Մարվանի իրական պատմությունը, որը Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերի փեսան էր: Նասերի իրավահաջորդ Անվար Սադաթի խորհրդականի պաշտոնը զբաղեցնելով՝ նա օգնել է իսրայելական հետախուզությանը։ Փաստացի,  նա դառնում է կրկնակի գործակալ։ Աշրաֆ Մարվանը, ինչպես էլի Քոենը, Իսրայելում համարվում է ամենաարժեքավոր հետախույզներից մեկը։ Նրա մասին լույս է տեսել երկու գիրք՝ «Լրտեսը, որն ընկել է Երկրի վրա» (դրա հիման վրա նկարահանվել է նաև ֆիլմ) և «Հրեշտակ. Եգիպտացի լրտեսը, որը փրկեց Իսրայելը»։

5 «Մյունխեն» («Munich»)

Սթիվեն Սփիլբերգի գեղարվեստական ֆիլմը պատմում է իսրայելական հատուկ ծառայությունների ամենաաղմկոտ գործողություններից մեկի մասին: Ի պատասխան 1972թ. Գերմանիայում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ պաղեստինյան «Սև սեպտեմբեր» կազմակերպության կողմից իսրայելցի մարզիկների դեմ իրականացված ահաբեկչական հարձակման, Իսրայելն իրականացնում է պատժիչ գործողություն: Նույն իրական պատմության հիման վրա ավելի վաղ նկարահանվել է «Գեդեոնի սուրը» ֆիլմը։ Խորհուրդ ենք տալիս դիտել երկուսն էլ:

 

Related Posts