Իսրայելի պաշտպանության բանակը անց է կացրել հատուկ գործողություն` «Արշալույս» («Рассвет») ծածկանվամբ: ՑԱԽԱԼ-ի զեկույցի համաձայն` օգոստոսի 5-ից 7-ն ընկած ժամանակահատվածում` 66 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից հարձակման է ենթարկվել ավելի քան 200 թիրախ: Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ «Պաղեստինյան իսլամական ջիհադ»-ն արձակել է 1175 պատասխան հրթիռ: Եգիպտոսի միջնորդությամբ զինադադար է կնքվել:
Այս կոնտեքստում կցանկանայինք առանձնացնել մի քանի կարևոր կետեր, որոնք արդիական են այդ թվում և մեզ համար:
Առաջինը, Իսրայելը կրկին կանխարգելիչ բնույթի գործողություն է արել: Այն բանից հետո, երբ իսրայելական զորքը ձերբակալեց («Պաղեստինյան իսլամական ջիհադ») կազմակերպության առաջնորդներից մեկին, հասկանալի էր, որ պատասխան հարված լինելու է: Այդ իսկ պատճառով Իսրայելը նախաձեռնեց ռազմական գործողություն` ունենալու համար առավելություն հրթիռների արձակման պարագայում` իմանալով, որ դա անխուսափելի է: Գործողության ընթացքում Իսրայելը հարվածներ է հասցրել կուտակված «թիրախների բանկ»-ին: Իսկ հանրության արձագանքը իսրայելական կողմին չէր հետաքրքրում, քանի որ խոսք էր գնում բնակչության անվտանգության և, ըստ այդմ, ազգային շահերի մասին: Սակայն նույնիսկ այս դեպքում անցկացվել է համապատասխան նախապատրաստական աշխատանք դաշնակցի հետ` ի դեմս ԱՄՆ-ի: Այդ իսկ պատճառով Բայդենը հայտարարել էր, որ աջակցում է Իսրայելի իրավունքը` պաշտպանվելու Գազայի հատվածից եկող հարձակումներից, չնայած որ գործողության պահին ոչ մի հարձակում չի եղել:
Երկրորդը, պաղեստինյան կազմակերպության օրինակը ցույց է տալիս, որ ինչքան էլ որ թույլ լինես, ուժ ցուցադրելն անհրաժեշտ է: Քաղաքական կամքից զատ ուժի միջոցով սեփական շահերի պաշտպանության հարցում կարևոր գործոն են դաշնակիցները: Այսպես, կազմակերպությունն ստանում է ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն Իրանից: Երկու կողմերն էլ գտել են շահերի հատման կետ. Իսրայելը սպառնալիք է և՛ Գազայի և՛ Իրանի բնակչությանը: Հիշեցնենք, որ Գազայի և Հայաստանի բնակչությունը գրեթե հավասար են քանակապես, իսկ տարածքը 80 անգամ փոքր է: Ավելի վատ վիճակում է գտնվում նաև սոցիալ-տնտեսական իրավիճակը: Սակայն, դրանով հանդերձ ոչ ոք կապիտուլյացիա չի ստորագրում, իսկ դիմադրությունը շարունակում է մնալ որպես կարևոր գաղափար:
Հակամարտության որ կողմին էլ նայենք, ակնհայտ է այն, որ յուրաքանչյուրի համար իր բնակչության պաշտպանությունն առաջնահերթություն է: Առանցքային գործոն է ռազմական ուժը, իսկ հավելյալ` դաշինքը: Եվ կարևոր չէ, թե ինչպիսի դիրքերից ես դու գործում` ուժեղ, թե` թույլ: