Իրանում և Իրանի շուրջ վերջին օրերի ընթացքում տեղի են ունեցել կարևոր տեղաշարժեր, որոնք հուշում են, որ իրավիճակը տարածաշրջանում գնում է դեպի էսկալացիա, և օրեցօր ավելի է մեծանում լայնածավալ ռազմական բախման վտանգը մեր սահմանների մոտ: Դեպքերի վերաբերյալ համապարփակ ընկալում ունենալու համար առաջարկում ենք մեր ընթերցողներին կարդալ իրանագետ Արտյոմ Տոնոյանի հետ հարցազրույցը, որում անդրադարձ է կատարվում վերջին աղմկահարույց իրադարձություններին:
–Օրերս Իրանի ռազմավարական նշանակության օբյեկտների վրա տեղի ունեցավ ԱԹՍ-ով հարձակում, և կա պնդում, որ դա իրականացվել է Իսրայելի կողմից: Ի վերջո ի՞նչ է կատարվել իրականում, և այս տարի ինչքանո՞վ է հավանական Իրան-Իսրայել հարաբերություններում էսկալացիա:
Էսկալացիայի մասին շատ վաղուց է խոսվում: Համենայն դեպս, արդեն շուրջ մի քանի ամիս և՛ արևմտյան մամուլում, և՛ իրանական մամուլում ակնհայտ է Իսրայելի և Իրանի միջև հարաբերությունների սրացումը: Կոնկրետ այս պարագայում հինմնականում թիրախավորված է հենց Իսրայելը: Այսինքն՝ գործողության հիմնական հավանական իրականացնողը համարվում է Իսրայելը: Ուղղակի մեր հետաքրքրությունների տեսանկյունից խնդիրն այստեղ այլ է, թե ո՞ր երկրի տարածքից է իրականացվել այդ գործողությունը՝ ավելի կոնկրետ՝ ԱԹՍ-ի մուտքն Իրան:
–Ի՞նչ կարևորություն ունեն այս գործընթացները Հայաստանի համար: Եվ եթե լինի լայնածավալ պատերազմ Իրանի և Իսրայելի միջև, ի՞նչ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ:
Ընդհանուր առմամբ խնդիրը մեր դեպքում մեծամասամբ նույնական է այն պետությունների խնդրի հետ, որոնք սահմանակից են ԻԻՀ-ին, ունեն անմիջական ցամաքային սահման: Մի քանի տիպի խնդիրների հետ կարող ենք բախվել: Առաջինն անվտանգային խնդիրներն են, որովհետև Հայաստանի հարավային հատվածների հանդեպ թշնամական երկրների հավակնությունները զսպող հիմնական երկիրը ԻԻՀ-ն է: Իրանի դերակատարումն այս հարցում շատ մեծ է: Անգամ միջանցք կոչեցյալի առ այսօր չիրագործվելու հարցում էլ Իրանի դերակատարումը շատ մեծ է: Եվ պատերազմի դեպքում ակնհայտ է, որ Իրանը, զբաղված լինելով իր սեփական խնդիրներով, գուցե չկարողանա ըստ անհրաժեշտության կենտրոնանալ այս խնդրի վրա, որը, բնականաբար, իր համար ևս կարևոր և ռազմավարական նշանակության խնդիր է: Բայց պատերազմական իրավիճակներում ոչ միշտ է հնարավոր լինում բոլոր ճակատներում հավասարաչափ կենտրոնացում ունենալ: Նման սցենարի պարագայում սա մեզ համար թերևս ամենակարևոր խնդիրն է: Մյուսը վերաբերում է հումանիտար խնդիրներին, որովհետև պատերազմական իրավիճակներում պատերզմող երկրի տարածքից տեղի է ունենում փախստականների արտահոսք դեպի հարևան երկրներ: Իսկ Հայաստանը՝ որպես հարևան երկիր, ընդ որում երկիր, որն ունի բավական լավ, բարեկամական հարաբերություններ Իրանի հետ, լինելու է հիմնական ուղություններից մեկը: Այս հումանիտար խնդիրը մեզ համար և մեր պետության համար լրջագույնխնդիր է լինելու:
–Ո՞ր պետությունների հետաքրքրություններն են հատվում Իրանում, ո՞ր երկրներին է ձեռնտու իրավիճակի ապակայունացումն Իրանում:
Հիմնական պետություններից Իսրայելն է, Իսրայելի և Թուրքիայի, ասյպես կոչված, արբանյակ պետությունը՝ Ադրբեջանը: Թուրքիան մրցակցության մեջ է Իրանի հետ և բնականաբար ունի նաևորոշ ծրագրեր Իրանի տարածքների հետ կապված՝ հատկապես պանթյուրքիզմի շրջանակներում: Ամենագլխավոր երկրներից է, թերևս, ԱՄՆ-ը: Այս պահին որոշակիորեն, բայց ոչ ինչ-որ բանի վրա ազդեցություն ունենալու մակարդակում այդ պետությունների թվում է նաև Ուկրաինան՝ կապված Իրանի՝ Ռուսաստանին ԱԹՍ-ների մատակարարման հետ:
Իսկ մեծ հաշվով բացի մշտական խնդիրներից, որոնցով պայմանավորված է Ադրբեջանի, Թուրքիայի և Իսրայելի շահագրգռվածությունը, այս պահին հիմնականը միջուկային ծրագրի խնդիրն է: Տեղի ունեցած գործողությունը՝ ԻԻՀ ռազմավարական նշանակության օբյեկտների թիրախավորումը, ևս պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Եվ Իրանից հնչող պաշտոնական հայտարարությունները նույնպես դրա մասին են խոսում, քանի որ այս օրերին շեշտվում է, որ որևէ գործընթաց չի կարող կասեցնել միջուկային ծրագրի իրագործումն Իրանում:
–Վերջերս տեղի ունեցավ հարձակում Թեհրանում Բաքվի դեսպանատան վրա: Ի՞նչ թեզեր են հիմա շրջանառվում Ադրբեջանում, ի՞նչ ընկալում կա, և հետագայում Ադրբեջանն ինչպե՞ս կարող է օգտագործել այս թեզերը Իրանի դեմ:
Ի տարբերություն Իրանի պաշտոնական մոտեցման, որտեղ դեպքն անվանվել է որպես կենցաղային կամ անձնական հողի և կամ նամուսի (Իրանում տրվել է նաև այս ձևակերպումը) համար կատարված սպանություն՝ Ադրբեջանում դեպքը նախագահի մակարդակով անվանվել է ահաբեկչական ակտ, և բացատրություններ ու դեպքը քննելու համար համատեղ քննչական հանձնաժողովի ստեղծում են պահանջում: Այստեղ երևում է երկու պետությունների հիմնական տարբերությունը՝ այսինքն այն, որ Ադրբեջանում տեղի ունեցածն ամենաբարձր մակարդակով անվանվել է ահաբեկչական ակտ, և բնականաբար հենց այդ արտահայտությունն էլ տիրաժավորում են և՛ ԶԼՄ-ում, և՛ սոցիալական մեդիայում, և՛ նաև պաշտոնական տարատեսակ հայտարարություններում: Ըստ այդմ էլ դիրքավորում են սեփական հանրությանը, խորացնում հակաիրանական տրամադրությունները, ուժեղացնում հակաիրանական քարոզչությունը:
–Ի՞նչ պետք է աներ Հայաստանն այս իրավիճակում, եթե ունենար ազգային կառավարություն: Առհասարակ ինչպիսի՞ն պետք է լինեն հայ-իրանական հարաբերությունները, ի՞նչ ոլորտներում պետք է խորացնել համագործակցությունը: Ի՞նչ մակարդակում պետք է լինի Հայաստան-Իրան ռազմական համագործակցությունը:
Տեղի ունեցածի հետ կապված Հայաստանի կողմից դիրքորոշման որևէ արտահայտում, կարծես, չի հանդիպել: Սա գուցե նաև պայմանավորված է նրանով, որ համենայն դեպս Իրանում մարդկային կորուստների մասին հայտարարություն չկա: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է խորապես մտահոգ լինի տեղի ունեցողով և նաև արտահայտի իր մտահոգություններն այն ամենի առնչությամբ, ինչ տեղի է ունենում Հայաստանի համար կարևոր ու բարեկամական այդ երկրում:
Ինչ վերաբերում է հայ-իրանական հարաբերություններին, դրանք պետք է ընդգրկեն բոլոր ոլորտները՝ այդ թվում ռազմական ոլորտը, որն ամենակարևորն է: Կարծում եմ՝ 44-օրյա պատերազմից հետո այս գիտակցումը պետք է դառնա գերակա և՛ պետական մտածողության, և՛ հանրային մտածողության մեջ, որովհետև, ըստ էության, այս տարածաշրջանում մեր աշխարհագրական սահմաններով և խնդիրներով պայմանավորված կա համագործակցության իրական հնարավորություն հենց ԻԻՀ-ի հետ: Այստեղ խոսքը չի վերաբերում զուտ Իրանի` մեր հանդեպ ունեցած վերաբերմունքին, այլ ընդհանուր առմամբ համատեղ շահերով է պայմանավորված այդ թվում ռազմական ոլորտում համագործակցություն սկսելու և խորացնելու անհրաժեշտությունը: Հատկապես 44-օրյա պատերազմից հետո այդ գիտակցությունը գերակայող է նաև ԻԻՀ ամենաբարձր օղակներում: Ահա սա է, որ մեզ տալիս է և ապագայում էլ տալու է ավելի մեծ հնարավորություններ՝ այդ ուղղությամբ լուրջ աշխատանք իրականացնելու համար:
Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը