Ուկրաինական դեպքերի համատեքստում ականատես ենք լինում հին աշխարհակարգի փլուզման գործընթացին, թեև դեռևս բաց է մնում հարցը, թե ինչպիսին կլինի նոր աշխարհակարգը: ՌԴ-ն և Չինաստանը, ինչպես գիտենք, ավանդաբար կողմնակից են բազմակենտրոն համակարգին՝ մի քանի ազդեցության գոտիներով, մինչդեռ արևմուտքը, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, շարունակում է կառչած մնալ միակենտրոն և ամերիկյան աշխարհակարգի պահպանման ցանկությանը: Այնուամենայնիվ, այն, որ սկսված գործընթացը դարձել է անշրջելի, ցույց են տալիս նաև քաղաքական հայտարարությունները: Այսպես՝ Ռուսաստանի և Բելառուսի արտգործնախարարները հունիսի 30-ին տված մամուլի ասուլիսում ամփոփել են Մինսկում տեղի ունեցած բանակցությունները՝ նվիրված երկկողմ դիվանագիտական հարաբերությունների կնքմանը: Ի թիվս երկկողմ համագործակցության շուրջ հարցերին՝ ԱԳ ղեկավարներն անդրադարձել են նաև ռուս-ուկրաինական ճգնաժամի հնարավոր հետևանքներին:
Լրագրողի հարցին՝ արդյոք հնարավոր է նոր «երկաթե վարագույրի» իջնելն արևմուտքի և արևելքի միջև, մասնավորապես՝ ԵՄ, ԱՄՆ-ԵԱՏՄ կոնֆիգուրացիայով՝ Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը պատասխանել է, որ արդեն իսկ կարելի է արձանագրել վարագույրի գոյությունը, քանի որ քաղաքական հարաբերությունները բացակայում են, տնտեսաքաղաքական ոլորոտում կիրառվում են պատժամիջոցներ, քաղաքացիական և լոգիստիկ ոլորտում ևս հաղորդակցությունը բացակայում է՝ հաշվի առնելով օդային տարածության փակ լինելը: Ընդ որում՝ եթե Սառը պատերազմի ժամանակ այդ վարագույրն իջեցվել էր ԽՍՀՄ-ի կողմից, ապա այս դեպքում դրա հետևում արևմուտքն է թաքնվում: Ինչ վերաբերում է հնարավոր հակադիր ճամբարներին, Վ․ Մակեյը նշել է, որ հետխորհրդային տարածքում ստեղծված ինտեգրացիոն կազմակերպությունների հիմքում կա երկու սկզբունք, որոնցից առաջինն անդամ երկրների համար փոխշահավետությունն է, երկրորդը՝ այն, ինչ քաղաքական եզրաբանությամբ կոչվում է անբաժանելի անվտանգություն, ասել է թե՝ որևէ երկրի անվտանգություն չի կարող կառուցվել մյուսի անվտանգության հաշվին։
Ինչ վերաբերում է ԵՄ-ՌԴ հարաբերություններին, ՌԴ ԱԳ ղեկավար Սերգեյ Լավրովը նշել է, որ դրանք բացակայում են 2014 թ.-ից, երբ արևմուտքը որդեգրեց ռուսական լեզուն և մշակույթը Ուկրաինայի արևելքից մաքրելու քաղաքականությունը, և Ուկրաինայի ղեկավարները՝ Պյոտր Պորոշենկոն, ապա Վլադիմիր Զելենսկին հավատարիմ գտնվեցին հենց այս քաղաքականությանը: Այնուամենայնիվ, ըստ Ս․ Լավրովի՝ ՌԴ-ն պատրաստ է դիտարկել արևմուտքի կողմից փոխշահավետ առաջարկներ, եթե այն կարողանա մի կողմ դնել «սեփական մեծությամբ տարված լինելը», սակայն ՌԴ-ն երբեք չի գնա միակողմանի զիջումների: Ինչ վերաբերում է երկաթե վարագույրին, Ս․ Լավրովի համոզմամբ այն արդեն իջնում է և «արևմուտքը պետք է զգույշ լինի, որ չլխճվի»՝ պատրաստ լինելով իրենց գործողությունների անսպասելի հետևանքներին: