Հուլիսի 19-ին Թեհրանում կայացել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանին վերաբերող մի շարք հարցեր, մասնավորապես` Սիրիայի հյուսիսում թուրքական հնարավոր հարձակման, Պաղեստինի և, ինչը հատկանշական է, Լեռնային Ղարաբաղի և հայ-իրանական սահմանի հարցը:
Վերջին կետի վերաբերյալ Իրանի հոգևոր առաջնորդը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղը վերադարձնելու կապակցությամբ և ասել. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հաղորդակցության երթուղի է եղել հազարավոր տարիներ»: Հատկանշական է, որ Այաթոլլահ Խամենեին նույն հայտարարությամբ հանդես է եկել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում: Չսահմանափակվելով այսքանով` հոգևոր առաջնորդը նաև գրառում է կատարել իր թվիրթերյան միկրոբլոգում` շեշտելով ևս մեկ անգամ, որ «Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի քաղաքականություն կամ ծրագրեր, որոնք տանում են դեպի Իրան-Հայաստան սահմանի փակումը»:
Մեջբերման առաջին հատվածով մեկնաբանությամբ է հանդես եկել ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Վարդան Ոսկանյանը` նկատելով. «Եթե այս ձևակերպումը թարգմանենք իրանական դիվանագիտական լեզվից, ապա այն նշանակում է, որ Արցախում դե ֆակտո ձևավորված իրավիճակի փոփոխությունն այս պահին չի բխում Իրանի շահերից և ադրբեջանաթուրքական որևէ առաջխաղացում անթույլատրելի է։ Այլ խոսքերով, Իրանի հոգևոր առաջնորդն Ադրբեջանի օպերատոր երկիր Թուրքիայի ղեկավարին ասել է, որ պետք է բավարարվել ձեռք գցածով և ավելիին չձգտել»: Մեկնաբանությունը հաստատվում է հոգևոր առաջնորդի խոսքի երկրորդ հատվածով, որտեղ Այաթոլլահ Խամենեին զգուշացնում է ադրբեջանաթուրքական տանդեմին, որ իրենց համար անընդունելի է ցանկացած ոտնձգություն Սյունիքում հայ-իրանական սահմանի ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Սյունիքի նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի հավակնությունների առաջնային թիրախը Մեղրիի հովիտն է, որը հաճախ նույնականացվում է «Զանգեզուրի միջանցքի» հետ։
2020 թ․ դեկտեմբերի 10-ին Բաքվի շքահանդեսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Երևանը, Սևանը և Սյունիքը «պատմական ադրբեջանական տարածքներ են»։ Սակայն սա նպանատիպ առաջին հայտարարությունը չէր։ Ադրբեջանական իշխանությունը հետևողականորեն ներարկում է իր հասարակությանը հայկական պատմական տարածքների՝ ադրբեջանական պատկանելության մասին թեզը՝ այդ գործընթացը ուղեկցելով քարտեզների ստեղծումով, որոնց վրա Սյունիքը, Սևանը և Երևանը պատկերված են իբրև Ադրբեջանի մի մաս, համապատասխան պատմական զեղծարարությունների կատարմամբ։ Պետական բարձր մակարդակում Ադրբեջանի իշխանությունների կողմից ՀՀ նկատմամբ տարածքային հավականությունների վառ դրսևորում կարելի է համար պաշտոնական հռետորաբանության մեջ «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Զանգեզուր» եզրերի կիրառումը։
Ադրբեջանի կողմից այս և նմանատիպ այլ հայտարարությունները, իրադարձություններն ու նախաձեռնությունները փորձ են լեգիտիմացնելու ոչ միայն արդեն իսկ 2020 թվականի նոյեմբերից հետո ՀՀ սուվերեն տարածքի ավելի քան 70 քառակուսի կմ հատվածի գրավումը Ադրբեջանի ԶՈՒ կողմից, այլև հող են նախապատրաստում Սյունիքի մարզի և ՀՀ սուվերեն այլ տարածքների դեմ ադրբեջանական նոր ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև լիարժեք գրավում։