Նորություններ

«Զանգեզուրի միջանցք»-ի այլընտրանքները շատ են

17 / 08 / 2022

Օգոստոսի 15-ին Թուրքմենստանում կայացած զարգացող երկրների տրանսպորտային համաժողովում Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին հայտարարել է, որ Իրանը` որպես տրանզիտային ոլորտում զարգացող երկիր, պատրաստ է բավարարել տարածաշրջանի 8 երկրների տրանզիտային պահանջները: Ընդ որում, ասվածը վերաբերում է ինչպես դեպի ծով ելք չունեցող երկրներին, այնպես էլ տարածաշրջանի այլ երկրներին:

«Զարգացող 32 երկրների մեկ քառորդը, որոնք չունեն ելք դեպի ծով, այսինքն` 8 երկիր, այդ թվում Աֆղանստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանն ունեն սերտ երկկողմ և բազմակողմ տրանզիտային փոխգործակցություն Իրանի հետ»,- ասել է նախարարը:

Նախարարի բնութագրմամբ, դա նշանակում է, որ Իրանն ու տարածաշրջանի այլ երկրներն իրենց վրա են վերցրել միջազգային հանրության պարտավորությունների մի մասը` դեպի ծով ելք չունեցող երկրների խոցելիության շեմը նվազեցնելու գործում և օգնում են վերջիններիս նվազեցնել առևտրային ծախսերն ու հեշտացնել նրանց մուտքը դեպի համաշխարհային շուկա:

Հերթական անգամ համոզվում ենք, որ Հայաստանի համար դեպի համաշխարհային շուկա մուտք ունենալու և տնտեսական հաջողություններ գրանցելու համար ամենևին էլ պարտադիր չէ դառնալ պանթուրանիզմի կամուրջ և սեփական երկրի սուվերեն տարածքը տրամադրել «Զանգեզուրի միջանցք»-ի կառուցմանը, ինչը ուղղակի սպառնալիք է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու հայ-իրանական սահմանի անվտանգությանը: Զրկվելով Իրանի հետ ունեցած սահմանից, որը մեզ համար կենսական նշանակություն ունի, վերջնականապես կհայտնվենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից շրջափակման մեջ, որը մեզ համար գոյաբանական վտանգ է ներկայացնում:

ՀՀ դե-ֆակտո իշխանությունների կողմից, որոնք հրաժարվում են Հայաստանի իսկապես անվտանգ զարգացման յուրաքանչյուր սցենարից, այս հնարավորությունը, ըստ էության, ևս չի արժանանա որևէ ուշադրության: Իսկ ենթադրել, որ նման շահավետ հնարավորությունները կստիպեն վերջիններիս ետ կանգնել Սյունիքի ինքնիշխանությունը զիջելուց և «Զանգեզուրի միջանցք»-ի հանցավոր նախագծին մասնակից դառնալուց, առնվազն միամտություն է:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.