Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը ադրբեջանական կողմը սանձազերծել է պատերազմ` ընդդեմ Հայաստանի: Պատերազմը շարունակվում է, և այն հրադադարը, որի մասին թմբկահարում են դե-ֆակտո իշխանություններն, անկայուն է: Այսօրվա դրությամբ թշնամին էլ ավելի է մխրճվել ՀՀ սուվերեն տարածք կամ, ինչպես դե-ֆակտո իշխանություններն են սիրում մեղմացուցիչ տերմիններ օգտագործելով քողարկել ճշմարտությունը, «ունեցել է որոշակի դիրքային առաջխաղացում»: Պատերազմի սանձազերծման օրից մինչ օրս, գրեթե ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ, կոնկրետ հասցեական կոչերով հանդես է եկել Իրանի Իսլամական Հանրապետությունը` ամենաբարձր պաշտոնական մակարդակով:
Մինչդեռ երեկ` սեպտեմբերի 18-ին, ականատես եղանք մի դեպքի, որն ակնհայտ փորձ էր սեպ խրելու հայ-իրանական բարեկամության մեջ: Խոսքը, բնականաբար, վերաբերում է ԱՄՆ 3-րդ պաշտոնյա` ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի խորհրդանշական այցին Գաֆեսճյան արվեստի կենտրոն և Ավարայրի ճակատամարտը պատկերող որմնանկարի առջև հայ-պարսկական պատերազմներին հղում կատարելուն: Ասել, որ այս դժվարին իրավիճակում նման քայլն անմտություն էր, նշանակում է չասել ոչինչ:
Ի տարբերություն ՀՀ դե-ֆակտո իշխանությունների, որոնք չեն ցանկանում գիտակցել հայ-իրանկան հարաբերությունների կարևորությունը, ՀՀ բնակչության մի մեծ զանգված, այնուամենայնիվ, չի կիսում դե-ֆակտո իշխանությունների տեսակետը: «Հայկական ալիք»-ի խմբագրությունն առանձնացրել է իրանցի բոլոր պաշտոնյաների կողմից վերջին օրերին արված կոչերն` ևս մեկ անգամ փաստելու համար, որ Հայաստանն ունի դաշնակիցներ այս իրավիճակում և ճիշտ պետք է օգտագործի այդ ներուժը: Ստորև կարող եք ծանոթանալ դրանց` ըստ ժամանակագրական հերթականության:
Հոկտեմբերի 4
Իրանի Ճանապարհային փոխադրումների և ավտոմոբիլային տրանսպորտի կազմակերպության գլխավոր տնօրեն Ջավադ Հեդայաթին ասել է, որ Ադրբեջանը ձգտում է դեպի Նախիջևան միջանցք ունենալ Հայաստանի հսկողությունից դուրս՝ Նախիջևանի հետ իր կապն առանց որևէ խոչընդոտի և երկարաժամկետ երաշխիքով պահպանելու համար, և նա ձգտում է էներգա-առևտրային միջանցք ստեղծել անմիջապես Կասպից ծովից դեպի Թուրքիա՝ իր դաշնակիցների համակարգմամբ։
«Ադրբեջանը ցանկանում է այդ կապը Նախիջևանի հետ միջանցքի տեսքով` Հայաստանի ներսից»,- «ILNA» լրատվականին տված հարցազրույցում ասել է Ջ. Հեդայաթին։
«Պետք է ուշադիր լինել, քանի որ ստեղծված իրավիճակը դժվար թե պահպանվի, և դրա համար մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած իրավիճակի»,- ասել է նա։
Սեպտեմբերի 24
Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարարի հետ հանդիպմանը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի Իսլամական Հանրապետության հստակ դիրքորոշումը՝ բաց և վճռական կերպով հակազդելու տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզի և սահմանների ցանկացած փոփոխության: Այս մասին հայտնում է ԻԻՀ ԱԳ նախարարության պաշտոնական թվիթերյան էջը:
Սեպտեմբերի 22
«IRNA» լրատվական գործակալության փոխանցմամբ, Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին ասել է. «Ինչպես և բազմիցս հայտարարել ենք, մենք չենք հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխություն և խորհուրդ են տալիս երկու երկրներին` Ադրբեջանին և Հայաստանին, լուծել իրենց խնդիրները խաղաղ ճանապարհով և երկխոսության միջոցով: Մենք չենք ձգտում պատերազմների և հակամարտությունների, սակայն չենք էլ լռում դրանց առերեսվելիս»:
Նշենք, որ այժմ Իրանում Սրբազան պայքարի շաբաթն է, և այդ առիթով գեներալ-մայորը նշել է. «Սրբազան պայքարն ապացուցել է բոլորին, որ արժանապատիվ ապրելու և անվտանգություն, ինչպես նաև բարեկեցություն և առաջընթաց վայելելու համար պետք է լինել հզոր, կանգնել և դիմադրել: Եվ մեր ուժերը` մեծարգո իմամի հրամանատարության ներքո, սերտել են այդ մեծագույն դասը` այն, որ ազգի` միայն իր ուժերին ապավինելու և դիմադրելու դեպքում մենք կկարողանանք հասնել մեր վեհ նպատակներին»:
Մ. Բաղերին նաև նշել է, որ իրենց ցանկությունն է, որ տարածաշրջանը զերծ լինի սպառնալիքներից և համակվի բարիդրացիությամբ և համագործակցությամբ` հավելելով, որ սիոնիստական ռեժիմը և Ամերիկան սպառնալիք են տարածաշրջանի անվտանգությանը և հույս հայտնելով, որ ապագայում չեն լինի այս սպառնալիքները:
Սեպտեմբերի 20
Իրանական «Իսլամական հանրապետություն» օրաթերթը կոչ է արել Բաքվին «չխաղալ կրակի հետ»:
Հոդվածում ասվում է, որ եթե Իրանը դեռևս սահմանափակվում է հորդորներով, չի նշանակում, որ չի անցնելու ռազմական ուժի կիրառմանը:
Պարզապես իրանական կողմը նախընտրում է խնդիրները լուծել դիվանագտիտական ճանապարհով: Բայց դա չի նշանակում, որ պետք է չարաշահվի Իրանի համբերությունը և արվեն քայլեր` ուղղված երկրի անվտանգության դեմ:
Հոդվածում նաև ասվում է. «Վերջին օրերին Իսրայելը և նրա տարածաշրջանայինհամախոհները մեր երկրի հյուսիս–արևմուտքում սադրանքներ են ստեղծել, և թվում է, որնրանց վերջնական նպատակը Հայաստանի և Իրանի միջև սահմանի վրա կտրուկփոփոխություն մտցնելն է՝ այնպես, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ սահմանակից դառնա։Այս դավադրությունը, որոշ ժամանակ առաջ Իսլամական հանրապետության կողմից հնչողշարունակական զգուշացումներին է հանդիպել. Իրանի հոգևորը առաջնորդը Էրդողանի հետհանդիպման ժամանակ ասել է, որ սահմանային փոփոխությունները ընդունելի չեն, իսկՌաիսին` անցած շաբաթ անդրադառնալով ռահբարի այս նախազգուշացմանը, ասաց, որ Հայաստանի ու Իրանի միջև հաղորդակցությունը չպետք է կտրվի և հաղորդակցությանճանապարհները պետք է երկու երկրների հսկողության տակ մնան»:
Սեպտեմբերի 19
«Մեհր» պարբերականի փոխանցմամբ, ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին մամուլի ասուլիսի ժամանակ սեպտեմբերի 19-ին, անդրադառնալով Հարավային Կովկասին, ասել է. «Իրանի հստակ դիրքորոշումը հարավկովկասյան տարածաշրջանի իրադարձությունների վերաբերյալ արտահայտվել է բազմիցս, տարբեր մակարդակներում, և չկա ոչ մի երկիմաստություն»:
Խոսնակն ավելացրել է, որ այս առիթով տեղի է ունեցել հեռախոսազանգ ՀՀ դե-ֆակտո վարչապետի և ԻԻՀ նախագահի միջև, որի ժամանակ իրանական կողմն արտահայտել է իր դիրքորոշումն ու հայկական կողմին տրամադրել քաղաքական խորհրդատվություն: Ապա ԻԻՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև է տեղի ունեցել հեռախոսազրույց:
Իրանական կողմն ասում է, որ ջանք չի խնայում հակամարտության դադարեցման համար:
Քանաանին հայտարարել է, որ ինչպես և նախկինում այժմ ևս իրանական կողմը չի խնայել ոչ մի ջանք հակամարտության դադարեցման համար, գործել է արագ և փորձել դիվանագիտական ջանքերով հրադադար հաստատել և վերականգնել խաղաղությունը երկու երկրների միջև: «Սկզբունքային դիրքորոշումները պարզ են, և մենք հավատացած ենք, որ անհրաժեշտ է կիրառել քաղաքական մոտեցում և որոշումներ` հակամարտությունը դադարեցնելու, լարվածությունը նվազեցնելու և քաղաքական երկխոսության մեջ մտնելու համար, որպեսզի երկու կողմերի միջև տարաձայնությունները հարթվեն»,- ասել է Ն. Քանաանին:
Սեպտեմբերի 13
Կայացել է հեռախոսազրույց ՀՀ դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում Է․ Ռայիսին մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության շարունակականության վերաբերյալ՝ ասելով, որ խաղաղությունը դեռևս չի վերադարձել այս տարածաշրջան։
Ռայիսին անդրադարձել է տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի ազդեցությանը և ներկայացրել դրա ներկայությունը որպես վնասակար անվտանգության համար և սպառնալիք ամբողջ տարածաշրջանի համար։
Նշելով, որ Իրանը մշտադիտարկում է Կովկասյան տարածաշրջանում իրավիճակը և զարգացումները՝ Ռայիսին հայտարարել է․«Տարածաշրջանում նոր պատերազմն անթույլատրելի է»։ Իրանի առաջնորդը նշել է, որ Հայաստանի և Իրանի պատմական սահմանը հանդիսանում է տարածաշրջանի անվտանգության, մերձեցման և բարգավաճման հենարանը։
Ըստ հեռախոսազրույցի վերաբերյալ հայկական կողմի տարածած հաղորդագրության՝ ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, և պետությունների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի դիրքորոշումը հստակ է:
Իրանի նախագահը հիշատակել է Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Խամենեիի խոսքը, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Սեպտեմբերի 13
Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ը տարածել է հայտարություն` մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի շուրջ: ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Նասեր Քանաանին ևս մեկ անգամ կրկնել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունն անընդունելի է համարում Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև սահմանի ցանկացած փոփոխություն։
Սեպտեմբերի 14
Իրանի ԱԳ բախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը Իրանում ՌԴ դեսպան Լևան Ջաղարյանի հետ հանդիպման ժամանակ մատնանշել է վերջին ռազմական լարվածությունը Հարավային Կովկասում` ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։
Նա նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման անհրաժեշտությունը։
Սեպտեմբերի 14
Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ունեցել է հեռախոսազրույց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ` քննարկելով հարավկովկասյան տարածաշրջանի շուրջ տեղի ունեցող զարգացումները:
ԻԻՀ ԱԳ նախարարը հնչեցրել է խորը մտահոգություն Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների նոր փուլի մեկնարկի կապակցությամբ և հայտարարել է Իրանի պատրաստակամության մասին՝ օգնելու խնդրի խաղաղ և քաղաքական ճանապարհով կարգավորելուն։
Իրանի ԱԳ նախարարն ասել է. «Մենք մշտապես շեշտել ենք երկների, այդ թվում նաև Ադրբեջանի և Հայաստանի, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կարևորությունը»:
Հ. Ամիր Աբդոլլահիանն ավելացրել է, որ Իրանը համարում է Հայաստանի հետ ունեցած սահմանը պատմական ճանապարհ, և այն պետք է պահպանվի առանց որևէ փոփոխության:
Սեպտեմբերի 15
Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը «Լուրեր»-ին տված մեկնաբանության մեջ նշել է. «Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»:
Սեպտեմբերի 15
Իրանը բերում է 100%-անոց մարտական պատրաստության իր զորքերը` հայ-իրանական սահմանին:
Սեպտեմբերի 16
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Շանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի ժամանակ անդրադառնալով հարավկովկասյան տարածաշրջանին` նշել է, որ ՆԱՏՕ-ն մեծ սպառնալիք է հանդիսանում տարբեր տարածաշրջանների համար: Նախագահը նշել է, որ Աֆղանստանի և Սիրիայի փորձը պետք է դաս լինի և պետք է խուսափել դրանից: Խաղաղության, կայունության և անվտանգության հաստատումը շատ կարևոր է Իրանի Իսլամական Հանրապետության համար: «Մենք մշտապես շեշտը դրել ենք տարածքային ամբողջականությունը, ազգային ինքնիշխանությունը հարգելու և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ճանաչված սահմանների ցանկացած փոփոխություն մերժելու վրա։ Կողմերը պետք է լուծեն իրենց տարաձայնությունները երկխոսության և խաղաղության միջոցով` հիմնվելով միջազգային օրենքի վրա»,- ասել է Է. Ռաիսին:
Նախագահը նշել է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է իր ազգային շահերն ու անվտանգությունը և տարածաշրջանը և հայտնել պատրաստակամություն` օգնելու լուծել երկու հարևան երկրների միջև տարաձայնությունները:
Սեպտեմբերի 17
Սեպտեմբերի 16-ին Սամարղանդում կայացածՇանհայի համագործակցության կազմակերպության 22-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել հանդիպում Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Հանդիպման և խոսակցության սղագիրը հրապարակվել է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքում սեպտեմբերի 17-ին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները` Սիրիայում, Աֆղանստանում և Կովկասում։
Այաթոլլահ Ռաիսին ընդգծել է, որ իրենք դեմ են բռնի պատերնալիզմին և հայտարարել. «Տարածաշրջանում մեր քաղաքականության հիմքում ընկած է այն, որ երկրների ապագան որոշվում է նրանց կողմից և հարգվում է նրանց ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Բերելով տարբեր ճգնաժամերի ժամանակ բարեկամներին և հարևաններին Իրանի աջակցության օրինակները՝ նախագահը պարզաբանել է, որ Իրանը իր հարևանների բարեկամն է։
Սեպտեմբերի 17
Իրանը Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանին մեծաքանակ զորք է հավաքում, որը նախատեսվում է հասցնել 45000-ի։