Նորություններ

Իրանը չի հանդուրժի սպառնալիք իր անվտանգությանը 

15 / 07 / 2022

Հուլիսի 13-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իսրայելական 12-րդ հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ մտադիր է թողնել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկում, եթե անգամ դա արժենա Իրանի միջուկային գործարքի տապալում[1]: Այնուհետև, պատասխանելով Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու հավանականության մասին հարցին՝ Բայդենն ասել է. «Եթե դա վերջին հանգրվանը լինի, այո»:

Ի պատասխան այս հայտարարությունների, Իրանի նախագահն իր` Քերմանշահ կատարած այցի ժամանակ ունեցած ելույթում նշել է, որ դժբախտաբար որոշ երկրներ տարածաշրջանում տեղափոխում են Արևմուտքից և Ամերիկայից եկող վտանգն ու ահաբեկչությունն այս տարածաշրջան: «Թույլ տվեք ասել ամերիկացիներին և տարածաշրջանում նրանց դաշնակիցներին, որ Իրանի հզոր ժողովրդի համար անընդունելի է տարածաշրջանում որևէ վտանգ և ճգնաժամ, և այստեղ ցանկացած սխալ կստանա վճռական և ցավալի պատասխան»,- ասել է Էբրահիմ Ռաիսին[2]:

Այաթոլլահ Ռաիսին հավելել է. «Ամերիկացիները և նրանց տարածաշրջանային դաշնակիցները պետք է իմանան, որ տարածաշրջանի մահմեդական ժողովուրդներն ատում են ամերիկացիների հետ իրենց կառավարությունների նվաստացուցիչ հարաբերությունները, որոնք հանգեցնում են իրենց ռեսուրսների թալանին»:

Միանգամայն տեղին կլինի այս համատեքստում հիշել Ջ. Բայդենի` Մերձավոր Արևելք այցի բուն նպատակը, որն է` Ծոցի երկրներից ավելի մեծ քանակությամբ նավթամթերք ստանալը:
Նախագահը բնութագրել է Իրանի ռազմական ուժը, կարողություններն ու հեղինակությունը տարածաշրջանում որպես խաղաղության հաստատման գրավական և շեշտել` «Երրորդ կողմերի և ամերիկացիների ներխուժումն այս տարածաշրջան հանգեցնելու է ոչ այլ բանի, քան ճգնաժամի և վտանգի»:
Նշելով, որ սիոնիստական ռեժիմը պետք է իմանա, որ ագահությունն անթույլատրելի է այս տարածաշրջանում, Է. Ռաիսին ասել է. «Հաղորդակցության հաստատումն ու հարաբերությունների կարգավորումը ոչ մի կերպ անվտանգություն չի ստեղծի սիոնիստական ռեժիմի համար: Բոլոր լրագրողները պետք է այս ուղերձը հասցնեն ողջ աշխարհին, որ այսօր Իսլամական Իրանը ուժեղ է, առավել քան երբևէ, իսկ Ամերիկան թույլ է, առավել քան երբևէ»:

Անդրադառնալով ամերիկացիների կողմից արված պաշտոնական հայտարարությանը` Իրանի վրա ճնշում գործադրելու վերաբերյալ` նախագահը պարզաբանել է. «Դուք մեզ փորձեցիք պատժամիջոցներով և սպառնալիքներով, ինչու՞ եք կրկին փորձում այս ճանապարհը»:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ից նախագահ Ջ. Բայդենը մեկնել է մերձավորարևելյան այցելությունների` մեկնարկը տալով Իսրայելում[3]: Անմիջապես հաջորդ օրը` հուլիսի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Յաիր Լապիդը ստորագրել են «Երուսաղեմի` ԱՄՆ-Իսրայել ռազմավարական գործընկերության համատեղ հռչակագիր»-ը: Հռչակագրի համաձայն` ԱՄՆ-ը ստանձնում է «հանձնառություն՝ երբեք թույլ չտալու Իրանին ձեռք բերել միջուկային զենք»՝ միաժամանակ օգտագործելով «իր պետական իշխանության բոլոր լծակները՝ այդ արդյունքն ապահովելու համար»:

Պաշտոնական Թեհրանի պատասխանն այս անգամ էլ երկար սպասեցնել չի տվել: Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին իր թվիթերյան էջում գրել է. «Քանի դեռ «Իսրայելի» կեղծ կառավարությունը ամերիկյան նախագահների ուղևորության առաջին կանգառն է և առաջին նպատակը նրա անվտանգությունն ու գերազանցությունը պահպանելն է, տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները չեն հասնի խաղաղության, կայունության և հանգստության։ Իրանը հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»[4]:

Այս ամենը տեղի է ունենում չնայած նրան, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթի մասին: Իսկ Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին նույնիսկ ֆեթվա (կրոնական հրամանագիր) է հրապարակել՝ հայտարարելով, որ միջուկային զենքի ձեռքբերումը, զարգացումը և օգտագործումը հակասում են իսլամական սկզբունքներին և, հետևաբար, արգելված են:

Հատկանշական է նաև ԻԻՀ ԱԳ խոսնակի հայտարարության այն հատվածը, որտեղ նշվում է, որ «Իրանը հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»: Այս կոնտեքստում կարելի է նաև դիտարկել ՀՀ սահմանների անվտանգությունն ու անձեռնմխելիությունը, որի վերաբերյալ ևս հայտարարություններով հանդես են եկել բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ: Սա մեկն է այն պատեհ առիթներից, որից կառչելով կարելի կլիներ ձեռք բերել ամուր դաշնակցային կապեր Իրանի հետ, ընդհուպ` ռազմավարական գործընկերության մակարդակի և թույլ չտալ, որպեսզի խախտվի ՀՀ տարածքային ամբողջականությունը: Սակայն ՀՀ դե-ֆակտո իշխանությունները համառորեն չեն տեսնում այլընտրանք թուրք-ադրբեջանական տանդեմին: Իսկ հիշեցնել այն մասին, որ ի տարբերություն Իրանի` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չունեն քաղաքական կամք պաշտապնելու ազգային և պետական շահերը և արժանի պատասխան տալու դրանց սպառնացողներին, կարծում ենք, ավելորդ չէ:

[1]Յոնիթ Լեվիի թվիթերյան էջից, https://twitter.com/LeviYonit? (հղվել է 15.07.2022 թ.):

[2] In addition to correcting the incorrect economic structures, we are developing the country’s infrastructure/ The growth rate of liquidity has reached its lowest level in the last 16 months, https://www.president.ir/en/137981 (հղվել է 15.07.2022 թ.).

[3] Ջ․ Բայդենը մեկնել է մերձավորարևելյան շրջագայության, https://hayaliq.com/bidenisraelmiddleeast/ (հղվել է 15.07.2022 թ.):

[4] Նասեր Քանանիի թվիթերյան էջից, https://twitter.com/IRIMFA_SPOX/status/1547660143835226112 (հղվել է 15.07.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.