Փետրվարի 9-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին մասնակցել է «Հայաստան-Իրան հարաբերություններն ընդհանուր շահերի համատեքստում» խորագրով աշխատաժողովին, որը նվիրված էր Հայաստանի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։
Դեսպանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից պարտադրված, այպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը՝ նշելով․«Հայաստանն ու Իրանը հարևաններ են, կան և կլինեն հարևաններ: Իհարկե, որոշակի խորամանկություններ նկատվում են, խոսում են այսպես կոչված միջանցքների, ինչ-որ գործողությունների մասին, սակայն Իրանը և Հայաստանը թույլ չեն տա, որ նման միջանցք ստեղծվի․․․ Մենք պետք է նաև նախաձեռնող լինենք: Պետք է տեսնենք, թե ինչ նոր քայլեր կարող ենք ձեռնարկել: Չպետք է սպասենք, որ նոր մտահղացում լինի, օրինակ, ինչ-որ միջանցք բացելու հետ կապված, նոր մենք որոշենք, թե ինչ դիրքորոշում պետք է որդեգրենք: Այսինքն՝ թույլ չպետք է տանք նման բան»։
Դեսպանն այդ առումով օրինակելի գործողություն որակեց Իրանի գլխավոր հյուպատոսության հիմնումը Կապանում, իսկ շուտով նաև՝ Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացումը:
Անդրադառնալով ադրբեջանական մամուլում տարածվող տեղեկություններին, թե Հայաստանն ու Իրանը իբրև թե համատեղ հարձակում են նախապատրաստում Լաչինի և Կուբաթլուի ուղղությամբ՝ Զոհուրին շեշտել է, որ իրանական կողմը երբեք չի ցանկացել և այժմ էլ չի ցանկանում տարածաշրջանում լարվածություն ստեղծել։ Դեսպանը ԶԼՄ–ներին հորդորեց զերծ մնալ այնպիսի վերնագրերից ու հոդվածներից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել․ «Իրանը կարող է փոքր ապտակ տալ այն փոքր երկրներին, որոնք փորձում են իր համար խնդիրներ ստեղծել։ Բայց Իրանի իշխանությունները նախընտրում են գործել ոչ հույզերի ազդեցության տակ։ Նրանք բավականին իմաստուն են և զուսպ իրենց գործողություններում»։
«Ինչ վերաբերում է ռազմական իրավիճակին, ապա վստահեցնում եմ ձեզ, որ Իրանն ուշադիր հետևում է բոլոր սահմանային իրողություններին»,– նշել է դեսպանը։
Տարածաշրջանում Իրանի քաղաքականությունը հանգում է նրան, որ նպաստի կայունությանը և չվնասի։ Դիվանագետն ընդգծեց` չպետք է թույլ տալ, որ հակառակորդները խաղ նախաձեռնեն, պետք է հենց իրենք սկսեն և վարեն։ Իրանի և Հայաստանի հակառակորդները ցանկանում են քաոս մտցնել և շեղել 2 երկրների ղեկավարությունների ուշադրությունը։ Այդ փորձերին առավել արդյունավետ հակազդելը Հայաստանի և Իրանի համակարգված գործողություններն են, այդ թվում` տեղեկությունների մշտական փոխանակումը։