Նորություններ

«Հայաստանի վարչապետը դիվերսանտ է». Աբոլֆազլ Զոհրեվանդ

10 / 09 / 2022

Օգոստոսի 1-ին համացանցում տարածվեց ձայնագրություն նախկին իրանցի դիվանագետ, Աֆղանստանում Իրանի նախկին դեսպան Աբոլֆազլ Զոհրեվանդի մասնակցությամբ: Երեկ` սեպտեմբերի 9-ին մամուլում և թվիթերում կրկին սկսվեց շրջանառվել սույն ձայնագրությունը, որում նախկին դիվանագետը ՀՀ դե-ֆակտո վարչապետին անվանել է «դիվերսանտ» և ասել, որ նա տապալվել է: Մասնավորապես` ասվել է. «Հայաստանի վարչապետը կոմպետենտ անձ չէ, նա շատ վատ է աշխատել…Նա դիվերսանտ է Հայաստանում»:

Անդրադարձ է եղել նաև Սյունիքին և հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Պաշտոնյան նշել է. «Նրանք փորձում են վերցնել Զանգեզուրը (Սյունիք) և կտրել մեր և Հայաստանի միջև եղած փոքր կապը…Այստեղ հոգևոր առաջնորդը (Խամենեին) ճշգրիտ բարձրաձայնեց խնդիրը…Այնուամենայնիվ, թուրքերը չափազանց անազնիվ են` հաշվի առնելու համար մեր մտավախությունները: Նրանք հիմա փորձում են ԿՀՎ-ի և ԱՄՆ-ի օգնությամբ կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ձեռնտու չէ Իրանին և Ռուսաստանին: Մտադրությունը Հարավային Կովկասը վերածելն է մի բանի, որը կնմանվի Վրաստանի իրավիճակին»: Ա. Զոհրեվանդի բնութագրմամբ այս ամենի նպատակն է  Ռուսաստանի և Իրանի միջև կապը ջնջելը, որն իրանական կողմի համար կյանքի ճանապարհ է:

Նախկին դեսպանը նաև անդրադարձել է Ադրբեջանին` ընդգծելով Հայաստանի ունեցած առավելությունն Ադրբեջանի նկատմամբ` Իրանի հետ գործընկերության տեսանկյունից: Նա ասել է. «Ղարաբաղի հարցը մեզ համար շատ կարևոր հարց էր և նույնիսկ հիմա… Հայերը, ինչ-որ առումով, Իրանի դաշնակիցներն են: Ես չեմ ասում նրանք իրանցիներ են: Պատմականորեն մենք միշտ ունեցել ենք հետաքրքիր ընդհանրություններ: Նրանք միշտ գտնվել են Իրանի հարևանությամբ. ետ գնանք Սասանյանների ժամանակաշրջանը, դրանից առաջ և հետո: Հայերն ունեն առավելություն Ադրբեջանի նկատմամբ, քանի որ Ադրբեջան ասվածը նույնիսկ գույություն չունի: Այս մարդիկ կա՛մ իրանական ազերիներ են, կա՛մ ոչ և, ուստի, պետք է լքեն այս տարածաշրջանը: Ադրբեջանը պետք է վերադարձվի Իրանին, սա է իրականությունը: Քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձվել Իրանին, այն կմնա որպես քաղցկեղածին գոյացություն մեզ համար»:

Ինչպես տեսնում ենք, իրանցի դիվանագետի շուրթերով ևս մեկ անգամ հնչեց Հայաստան-Իրան դարավոր հարևանության մասին, որը ևս մեկ անգամ վերահաստատեց ադրբեջանական թեզերի սին լինելը: Հիշեցնենք, որ հայ-իրանական դարավոր սահմանի մասին էր խոսել նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Իրանական կողմից բազմիցս հնչել են և շարունակում են հնչել հայտարարություններ Սյունիքի և առհասարակ հայ-իրանական սահմանի կարևորության մասին: Այս հայտարարություններն ինքնին փաստում են Զանգեզուրի միջանցի անընդունելիության մասին իրանական կողմի համար: Բնականորեն, մեզ համար ևս այն պետք է լիներ անընդունելի, սակայն դե-ֆակտո իշխանությունները համարում են սա իրենց մեծագույն ձեռքբերումներից մեկը, որն, իբրև թե, պետք է բերի բարեկեցություն և խաղաղություն տարածաշրջանում: Իրականում, սակայն, այն հանգեցնելու է Սյունիքի կորստին և մեր սահմանների անպաշտպանությանը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից կատարվելիք ներխուժումներից, քանի որ վերջիններս բնավ էլ մտադրություն չունեն մեզ հետ խաղաղ գոյակցելու:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.