Երեկ` օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Լուրը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել են ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից[1]։
Հայտնի է, որ այդ որոշումը արժանացել էր հավանության պաշտոնական Թեհրանի կողմից դեռևս 2021 թ.-ի դեկտեմբերի վերջին: Նախնական հաշվարկներով հյուպատոսությունը պետք է բացվի 2022 թ.-ին, սակայն հստակ ժամկետը չի նշվում:
Սա ևս մեկ վճռական քայլ է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, որը վերահաստատում է պաշտոնական Թեհրանի կողմից բազմիցս հնչեցված հայտարարություններն այն մասին, որ Իրանի ազգային անվտանգության տեսանկյունից կենսական նշանակություն ունի սահմանը Հայաստանի հետ: Ըստ այդմ, Իրանը կարևորում է ՀՀ սահմանների, հատկապես` Սյունիքի անձեռնմխելիությունը, որի մասին շեշտվում է Զանգեզուրի միջանցքի կոնտեքստում: Այս թեմայի շուրջ վերջերս ամենացիտված հայտարարությունը պատկանում է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին, որտեղ վերջինս նշել է. «Իհարկե, եթե Իրանի և Հայաստանի միջև սահմանը փակելու քաղաքականություն լինի, Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի դրան, քանի որ այս սահմանը հաղորդակցության երթուղի է եղել հազարավոր տարիներ»[2]: Այստեղ Այաթոլլահ Խամենեին երկու կարևոր թեզ է առաջ քաշել.
- Իրանի համար անընդունելի է որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն այս տարածաշրջանում:
- ԻԻՀ-ՀՀ սահմանն ունի հազարավոր տարիների պատմություն, ինչը հավաստում է, որ այս տարածաշրջանում հազարավոր տարիներ առաջ դեռևս եղել են հայերն ու իրանցիները, իսկ թուրք-ադրբեջանական թեզերն անհիմն են և կեղծ:
Քանի դեռ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները զբաղված են հայկական շահերը ոտնահարելու հաշվին թուրք-ադրբեջանական տանդեմի հետ մերձեցմամբ, Իրանը պահում է իր կարմիր գծերը, որոնց թվում, մեզ համար բարեբախտաբար, հայտնվել են նաև ՀՀ սահմանները: Սակայն փոխարենն այս հնարավորությունից առավելագույն օգուտ քաղելու, դե-ֆակտո իշխանությունները պատրաստ են ծառայեցնելու ՀՀ տարածքը` որպես պանթյուրքական շահերի գոտի:
[1] Իրանը գլխավոր հյուպատոս է նշանակել Կապանում, https://armenpress.am/arm/news/1090131.html (հղվել է 12.08.2022 թ.):
[2] Իրանը դեմ է Սյունիքի հանդեպ թուրքական ոտնձգություններին, https://hayaliq.com/iranturkey/ (հղվել է 12.08.2022 թ.):