Նորություններ

Իրանական օրակարգն անցած շաբաթվա ընթացքում

24 / 10 / 2022

Անցնող շաբաթը հիշարժան էր Իրանի աննախադեպ ակտիվությամբ` ռազմական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներում: Ամփոփենք հիմնական արդյունքները ստորև:

Հյուպատոսության բացումը Կապանում: Թեհրանն այնուամենայնիվ կարողացավ հետամուտ լինել դիվանագիտական ներկայացուցչության բացմանը: Հիմնական նպատակներն են կենսական կարևորության շրջանում իր ներկայությունն ապահովելը, Թուրքիայի և Ադրբեջանի ուղղությամբ մոնիտորինգի հնարավորությունների ընդլայնումն, ինչպես նաև երկու վերոհիշյալ պետությունների կողմից օպերատիվ արձագանքի պայմանների ստեղծումը: Իրանն ընդամենը մասամբ է ստեղծել հակակշիռ թուրքական ներկայությանը: Ամբողջական հավասարակշռության համար հարկավոր է «Շուշիի հռչակագրի» անալոգը Երևանի և Թեհրանի միջև:

Անվտանգության հայեցակարգի առաջարկում: Ինչպես հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարարը Կապանում. «Իրանը համարում է Հայաստանի և տարածաշրջանի անվտանգությունն իր անվտանգությունը»: Այսինքն, Թեհրանը հաստատում է «հավասար և անաբաժանելի անվտանգության» սկզբունքը: Այսպիսով, ոչ մի ուժ չպետք է հաստատի կամ ընդլայնի իր ներկայությունն այս տարածաշրջանում` ելնելով սեփական անվտանգության պատկերացումներից, քանի որ հակառակ դեպքում՝ կխախտի այդ սկզբունքը: Փաստացի, Իրանը ոչ միայն հաստատեց իր կարմիր գծերը, այլև հող  նախապատրաստեց Հայաստանի հետ համապատասխան համաձայնագիր ստորագրելու համար, որը կհաստատի վերը նշված հավասարակշռությունը։

Ժամանակակից զենքի վաճառք: Իրանական արտադրության զենքերի (կամ դրանց անալոգների) գործածումը ուկրաինական ռազմական գործողությունների թատերաբեմում, բնականաբաւ, մեծացնում է հետաքրքրությունը իրանական ռազմաարդյունաբերական համալիրի նկատմամբ: Ինչպես հայտարարել է ԻՀՊԿ նախկին հրամանատարը, ԱԹՍ-ների ձեռքբերման հայտ են ներկայացրել 22 երկրներ, որոնց շարքում է, ենթադրաբար, նաև Հայաստանը,: Սակայն հայտարարության օրիգինալ տարբերակում Հայաստանը նշված չէ: Հիշեցնենք, որ գին-որակ հարաբերակցության տեսանկյունից հասանելի իրանական ԱԹՍ-ների գնման գործընթացը վաղուց պետք է սկսած լիներ: Ավելին, արդեն կային համատեղ արտադրության ծրագրեր, որոնք չեղարկվել են 2018 թ.-ին: Այսօր ՀՀ դե-ֆակտո իշխանությունները հրաժարվում են սերտ ռազմատեխնիկական համագործակցությունից Իրանի հետ` վախենալով արևմտյան գործընկերների արձագանքից, չնայած Թեհրանը շարունակում է ավելի շատ ազդակներ ուղարկել պաշտոնական Երևանին:

Իսկ Արաքսի վրա իրանական զորքերի ցուցադրական վայրէջքն ու արդեն Թուրքիայի հետ սահմանին զորավարժությունների հայտարարումը գեղեցիկ ակորդ դարձավ այս ողջ արշավի ընթացքում։ Ամբողջ կատարվածից հետո ինքներդ կարող եք դատել` ո՞րն է առավել զսպող գործոն Թուրքիայի և Ադրբեջանի համար` 40 եվրոպացի դիտորդները, թե՞ Իրանը:

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *