Նորություններ

Իրանը շահագրգռված է Սյունիքում գյուղտեխնոլոգիաների ներդրմամբ

10 / 06 / 2022

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադաշխան Զոհուրին Թավրիզի Առևտրական պալատի Գյուղատնտեսության, սննդի, ջրի և շրջակա միջավայրի հանձնաժողովի «Արտասահմանյան երկրների հետ տնտեսական և գյուղատնտեսական դիվանագիտություն» թեմայով վեբինարի ընթացքում նշել է․ «Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանն Արևելյան Ատրպատականին սահմանակից երկիր է, մենք չենք կարողացել այս երկրի հետ մեր առևտրում գերազանցել կես միլիարդ դոլարը, ուստի՝ պետք է ջանքեր գործադրենք այս ծավալը հասցնելու մեկ միլիարդ դոլարի»։ Այս մասին հաղորդում է իրանական ԻՍՆԱ  լրատվական գործակալությունը։

Նշելով, որ Հայաստանի գրավչությունը չի սահմանափակվում միայն բուն երկրով, և որ Հայաստանը լավ կամուրջ է Իրանի Իսլամական Հանրապետության, Եվրասիական միության և Եվրամիության միջև՝ դեսպանն ասել է․ «Հաշվի առնելով, որ Հայաստանը ԵՄ-ի երկրների հետ ունի արտոնյալ մաքսատուրքեր, մենք կարող ենք օգտագործել այդ պոտենցիալը` մեր ապրանքներն արտահանելու համար, ինչը ներկայումս իրականացվում է, սակայն քիչ ծավալներով, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ թիվը Հայաստանի հետ սահմանակից նահանգներում ավելացնելու համար»։

Զոհուրին նաև ասել է, որ Հայաստանն ունի 3 միլիոն բնակչություն, և որ Սյունիքի մարզն ունի հիանալի կլիմայական պայմաններ, որտեղ կարելի է օգտագործել Իրանի գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաները։

Զոհուրին առաջարկել է զարգացնել Հայաստանի և Իրանի միջև համագործակցությունը մի շարք ոլորտներում, որոնցից են Եվրոպայում լայն պահանջարկ ունեցող օրգանական մթերքները, ձկնորսությունը, առևտուրը, Իրանի կողմից Հայաստանի արոտավայրերի օգտագործումը և այլն։ Նա նաև ընդգծել է Հայաստանի ջրային պաշարների առատությունը, իսկ Թավրիզի պալատի Գյուղատնտեսության, սննդի, ջրի և շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահը, անդրադառնալով ներկայումս ջրի աճող կարևորությանը, ասել է․ «Անցյալում մենք հարուստ էինք ջրային պաշարներով, սակայն աստիճանաբար մեր ստորգետնյա ջրերը և ջրային պաշարները կրճատվում են, և սա ընդգծում է արտերկրյա մշակման կարևորությունը»։

Զոհուրին շեշտել է, որ Հայաստանում գիտական ու ակադեմիական պոտենցիալ կա, որից օգտվելով իրանական գիտական ընկերությունները կարող են օգտագործել իրենց կարողությունները՝ ցույց տալու, որ իրենք կարող են զարգացնել Հայաստանի գյուղատնտեսության որակը, և որ երկու երկրների միջև կարող է ձևավորվել գիտելիքի ու արտադրանքի արտահանում և համատեղ համագործակցություն։

Հավելենք, որ այսօր՝ հունիսի 10-ին, Երևանի դե-ֆակտո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է դեսպան Ա․ Զոհուրիին։ Վերջինս նկատել է, որ կողմերը լիարժեքորեն չեն օգտագործում գործակցության այն ամբողջ ներուժը, որն օգտակար կլիներ թե՛ Հայաստանի, թե՛ Իրանի համար: Կողմերն անդրադարձել են Երևանի և Թեհրանի միջև նախանշվող գործակցության համաձայնագրի ստորագրմանը՝ ընդգծելով, որ այն հնարավորություն կտա համատեղ ծրագրեր իրականացնել հստակ բնագավառներում: Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ առաջիկայում կձևավորվեն աշխատանքային խմբեր, որոնք փոխայցերի միջոցով կնախապատրաստեն փաստաթղթի ստորագրումը:

Նշենք, որ ԻԻՀ հետ հարաբերությունները Հայաստանի համար ռազմավարական կարևոր նշանակություն ունեն թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով։ Հաշվի առնելով, որ սահմանակից երկրներից երկուսը Հայաստանի հանդեպ վարում են թշնամական քաղաքականություն, ապա մեզ համար կենսական նշանակություն ունի Իրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացումը, Իրանի հետ այլընտրանքների ստեղծումը, հատկապես երբ հարևան երկիրը այս հարցում բազմիցս պատրաստակամություն է դրսևորել և հանդես եկել տարբեր նախաձեռնություններով։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *