Հունիսի 1-ի երեկոյան տեղի է ունեցել հեռախոսազանգ Հայաստանի դե-ֆակտո վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի միջև:
Դե-ֆակտո վարչապետի աշխատակազմը հայտնում է, որ «զրուցակիցները մտքեր են փոխանակել, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին»:
Խորհրդանշական է ՀՀ դե-ֆակտո վարչապետի և ԻԻՀ նախագահի մամլո ծառայությունների տարածած հայտարարություններում շեշտադրումների տարբերությունը: Նախ՝ ուշադրության է արժանի երկու հայտարարությունների ծավալային տարբերությունը: ՀՀ դե-ֆակտո վարչապետի մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարության ծավալը չի գերազանցում երեք պարբերությունը և շատ հպանցիկ անդրադարձ է կատարում օրակարգային թեմաներին: Ի հակառակ սրա՝ իրանական կողմի պաշտոնական հայտարարությունը կատարել է հանգամանալից և համապարփակ անդրադարձ հեռախոսազրուցի բովանդակությանը:
Նախագահ Է․ Ռաիսիի բնութագրմամբ ընթացիկ խորհրդակցությունները նշան են երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների խորության և կարևորության: Նա նշում է, որ «Իրանը համարում է Հայաստանը բարեկամական երկիր և մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ ունեցած բարիդրացիական հարաբերություններին»:
Նախագահի բնութագրմամբ Իրանի գլխավոր քաղաքական գիծն է աջակցությունը բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Նա հավելել է, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքականության, այդ թվում` միջազգային սահմանների պահպանումը և երկրների ազգային ինքնիշխանության հարգումը կարևորվում են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Այնուհետև Է․ Ռաիսին հավելել է, որ Իրանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին՝ նշելով. «Մենք հուսով ենք, որ այս ոլորտի մնացած հարցերը կլուծվեն խաղաղ ճանապարհով և երկու երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարգումով` հիմնվելով միջազգային իրավունքի սկզբունքների վրա, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահելով բոլոր մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը Կովկասյան տարածաշրջանում»:
Համեմատության համար նշենք, որ ՀՀ դե-ֆակտո կառավարության կողմից տարածված հաղորդագրությունում խոսք անգամ չկա ՀՀ տարածքային ամբողջականության, 2020 թ․ նոյեմբերից և 2021 թ․ մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ տարածքների օկուպացման դատապարտման մասին, այլ կա զուտ հպանցիկ անդրադարձ, որ մեկնարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկը»։