Հարցազրույց CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ (Բոստոն, ԱՄՆ), ՄԱՍ II
Հարցազրույցի առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:
– Ո՞ր կետում են 1990-ականներից սկսված ԼՂ հակամարտության հարցով բանակցությունները։ Դե-ֆակտո իշխանությունների նարատիվը հիշեցնում է «ամեն բան հիասքանչ է, չքնա՛ղ մարքիզուհի» հայտնի բալլադ-անեկդոտը։ Ո՞րքանով է դա ճշմարտացի։
– Ամենակարևոր խնդիրը մեզ համար, ի վերջո, այն է, որ Փաշինյանին թվում է, թե զիջումների գնալու շնորհիվ կարելի է ստանալ ինչ-որ փաստաթուղթ՝ խաղաղության կամ երկկողմանի հարաբերությունների կարգավորման, և դրանով ամեն ինչ կավարտվի, կսկսվի խաղաղության դարաշրջան: Դա ևս թյուրիմացություն է: Հարյուրավոր օրինակներ կարող ենք բերել նաև արդի պատմությունից, որ ցույց կտան, որ հարմար հնարավորության պահին Ադրբեջանը նոր տարածքներ կարող է գրավել ցանկացած պատճառաբանությամբ :
Ադրբեջանական շահը բաղկացած է երկու խնդրից։ Առաջինը՝ ամրապնդել պատերազմում ձեռք բերածը, երկրորդը՝ նոր սկսված խաղի՝ «խաղաղության օրակարգի» մեջ օգտագործել բոլոր գործարքները, բոլոր ուժային միջոցները, այդ թվում՝ Թուրքիայի գործոնը՝ հասնելու իրենց նպատակին առանց պատերազմի: Օրվա իշխանությունները մեզ քաշում են հենց այդ խաղի մեջ՝ հիմնված մի մեծ թյուրիմացության վրա, թե մենք կարող ենք մանիպուլյացնել թուրքերին և անել այն, ինչ ուզում ենք։ Իրենք մտածում են՝ կարևորը պատերազմ չլինի, մնացած հարցերը մենք կարող ենք լուծել, Արցախը «կգցենք Ռուսաստանի գրպանը»՝ ռուսները պետք է ապահովեն անվտանգությունը, մնացածը թող բանակցեն արցախցիները, ինչ ուզում են: Ես փորձեցի բացել Փաշինյանի նարատիվը: Իսկ սա նշանակում է, որ մենք ունենալու ենք նոր խնդիրներ, որովհետև բանակցում ենք մեծ պատմական բանակցային փորձ ունեցող երկրի՝ Թուրքիայի հետ, որը միշտ գտնում է տարբերակ՝ բանակցություններում թույլից ստանալու իրենց պետք եկած հնարավորը: Օրինակները բազմազան են։ Այսպես՝ Սաակաշվիլուն թվում էր, որ եթե լինեն թուրքական ներդրումներ, դա կբխի երկրի տնտեսական շահերից, Բաթումին կծաղկի և այլն։ Անցել է 18 տարի, և Վրաստանը հասել է մի կետի, երբ թուրքերը պնդում են, որ դա իրենց պատմական տարածքն է եղել, և առանց պատերազմի՝ ժողովրդագրության հաշվին, կարող են մի օր վերցնել: Եթե վրացական օրինակը չի համոզում, կարող ենք նայել մեր պատմությանը. բոլշևիկները ևս խոսում էին խաղաղության, ինտերնացիոնալիզմի, եղբայրական հարաբերությունների մասին։ Այդ նույն եղբայրության համար տվեցին Նախիջևանն Ադրբեջանին։ Ըստ ԽՍՀՄ առաջին մարդահամարի՝ 1926 թ․ դրությամբ Նախիջևանում բնակվում էր ավելի քան 10.000 հայություն, իսկ 1979 թ․-ին արդեն հայ չէր մնացել այնտեղ: Թե ինչպես սա իրականացրին, պետք է նայել, թե ինչպես էր քննադատում Հեյդար Ալիևը ներքաղաքական ուժերին՝ ասելով, որ իր քաղաքականությունը ավելի ճիշտ էր, և ինքը հասնելու էր նրան, որ Ղարաբաղում էլ ադրբեջանցիները լինեին մեծամասնություն, այսինքն՝ օգտագործելով այլ լծակներ՝ ֆինանսական, տնտեսական և այլն, ստեղծելու էր այնպիսի պայմաններ, որ հայերի համար դժվար լինի մնալ այդ տարածքներում, իսկ ադրբեջանցիների թիվը գնալով ավելանա: Մենք կարող ենք ասել, որ մենք կարող ենք բանակցել, ունենք հնարավորություն, ժողովրդավարություն ենք և այլն, բայց դրանք չաշխատող մոտեցումներ են: Դու պետք է այնքան ուժեղ լինես բանակցությունների գնալիս, որ կարողանաս այդ հարցերում «ո՛չ» ասել՝ իմանալով, որ պատերազմը չի լինի որպես այլընտրանք: Իսկ հիմա, փաստորեն, Փաշինյանը համոզել է բնակչության զգալի մասին, որ եթե չանենք այն, ինչ ինքն է ասում՝ չստորագրենք խաղաղության պայմանագիր, ուրեմն պատերազմ է լինելու, իսկ բնակչության որոշ մասը խուսափում է պատերազմից՝ թույլ տալով Փաշինյանին օգտագործել դա և առաջ տանել իր օրակարգը:
– Ի՞նչ տարբերություններ կան հաղթողի դիրքից և պարտվածի դիրքից բանակցությունների գնալու միջև: Եվ առհասարակ պարտվածի դիրքից բանակցելու դեպքում կա՞ արժանապատիվ այլընտրանք ստատուս-քվոն ընդունելուն և շարունակ զիջումների գնալուն։
– Այս հարցում մենք պետք է սովորենք հենց Ադրբեջանից: 1994 թ.-ին կնքվեց զինադադարի համաձայնագիր, բայց Ադրբեջանը չգնաց այն քայլերին, որոնց գնաց Փաշինյանը 2020 թ.-ի նոյեմբերին: Նրանք չասացին, որ ընդունում են այդ պարտությունը։ Իրենց ներքին նարատիվն էր՝ ուժեղացնել այլընտրանքները, ուժեղացնել դիրքերը, բանակցել և հասնել բոլոր կորսված տարածքների «վերադարձին»: Եվ չփոխեցին այս նարատիվը՝ թեպետ 1994-1995 թթ.-ներին շատ ավելի թույլ էին, քան մենք՝ այսօր: Այսինքն՝ ընդունեցին զինադադարը, բայց ոչ մի զիջում կարգավիճակի կամ այլնի հարցում, այլ սկսեցին բանակցել և ժամանակ շահել՝ ուժեղացնելու իրենց այլընտրանքը։ Ո՞րոնք էին դրանք։ Նախ՝ ադրբեջանցիներն սկսեցին ուժեղանալ, երբ սկսվեց նավթային գործարքը 1990-ականներին, բայց այդ ժամանակահատվածում ուժային բալանսը իրենց կողմը չէր։ Դա սկսվեց փոխվել, երբ մեծ գումարներ սկսեցին ստանալ նավթից, մեծացնել ռազմական բյուջեն, բայց դա էլ չէր նշանակում, որ պատրաստ էին անմիջապես անցնել ռազմական գործողությունների, հնարավոր էր դա հետաձգել՝ ավելի ուժեղանալու համար: Մինչդեռ Հայաստանի կողմից 2018 թ․-ից սկսվեց հակառակ՝ պատերազմը մոտեցնելու գործընթացը։ 2020 թ.-ի հուլիսին Տավուշում մարտավարական հաղթանակից հետո Փաշինյանի հայտարարությունը, թե հայկական բանակը ամենահզորն է տարածաշրջանում, առաջ քաշվեց «նոր պատերազմ, նոր տարաքծներ» սկզբունքը, ինչը նշանակում էր, որ հայկական կողմի այլընտրանքն այդ պահին ենթադրաբար ավելի ուժեղ էր, քան մյուս կողմինը, այսինքն՝ ստացվում էր, որ մենք պատրաստ էինք պատերազմին: Այստեղ կա շատ կարևոր խնդիր. բանակցողները շատ անգամ իրատես չեն իրենց այլընտրանքը գնահատելիս, այսինքն՝ քեզ թվում է, թե դու շատ ուժեղ այլընտրանք ունես, բայց մի բան է դա իրապես ունենալը, մեկ այլ բան՝ դրա մասին հայտարարելը: Դրան հաջորդեցին Փաշինյանի արդարացումները, թե չէր տիրապետում անվտանգային իրավիճակին և ռեսուրսներին, չէր հանդիսանում գլխավոր որոշում կայացնողը: Ես չեմ ուզում սուզվել այս դաշտում, բայց կարող եմ ասել, որ ամենաքիչը պիտի լինել ապիկար չգիտակցելու այս ամենը: Կա ավելի կարևոր խնդիր։ Երբ Փաշինյանն անում էր այս հայտարարությունները, Ալիևի համար ստեղծվեց վտանգ իր շահին, քանի որ քաղաքական իշխանությունը վերարտադրելու խնդիր առաջացավ, և ինքն սկսեց մտածել, ինչպես ռազմական լուծում գտնել: Այսպիսով, թվում է, թե բանակցողների արած քայլերը կարող են լինել միայն ներսի, կամ միայն դրսի լսարանի համար, մինչդեռ դրսում լսում են, թե ինչ է ասվում ներսում, այդ թվում՝ երբ գնում ես Արցախ ու հայտարարում, որ «Արցախը Հայաստան է, և վերջ», բնական է, որ դրան հաջորդում է Ալիևի արած հայտարարությունը Մոսկվայից (ի դեպ, վայրը դիտավորյալ էր ընտրված)՝ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»: Ի՞նչ է նշանակում հայտարարել այս մասին բանակցությունների ընթացքում և առաջարկել մի տարբերակ, երբ հստակ գիտես, որ այն ընդունելի չէ դիմացինի համար։ Դա նշանակում է, որ դու չես ընդունի մեկ այլ տարբերակ, որը դրանից ավելի վատը կլինի, նշանակում է, որ դու ասում ես՝ բանակցելն անիմաստ է: Իսկ դրան նախորդում էին հայտարարություններ հայկական կողմից՝ բանակցությունների կոնստրուկտիվ լինելու մասին: Փաստորեն, Փաշինյանը մոտեցրեց պատերազմն այն պահին, երբ երկիրը պատրաստ չէր, բերեց պարտություն, իսկ հիմա ասում է, որ այլընտրանք չունի: Ուրեմն պիտի ընդունի այն, ինչ իրեն պարտադրում են: Ամենացավալին այն է, որ Հայաստանի և Սփյուռքի բնակչության մի մասի համար այդ մոտեցումը, եթե չասենք ընդունելի է, ապա նրանք չեն պատրաստվում դրա դեմ որևէ բան անել/դիմադրել։ Ապատիայի, անտարբերության վիճակ է, քանի որ շատերի համար մտածելակերպը կարճատև է և հիմնականում ապավինում են նյութական ու անձնական շահերին՝ չմտածելով, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ պետության համար, և թե ինչքան դժվար է լինելու հաջորդ սերնդի համար բանակցել, որովհետև պետությունից մնալու է ավելի թուլացած, թուրքական օվկիանոսում լողացող ինչ-որ կղզի:
Հուսալ, թե, իրենց պատկերացմամբ ժողովրդավարություն ենք կամ լինելու ենք այդպիսին, և դրա համար ԱՄՆ-ը կամ ԵՄ-ը կգան և մեզ կսատարեն, կլուծեն մեր անվտանգության երկընտրանքը և այլն, սխալ է: Մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ դեռևս ձևավորված չէ միջազգային հարաբերությունների համակարգը, մենք չգիտենք, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերվելու ուկրաինական պատերազմից հետո՝ ՌԴ-Չինաստան-ԱՄՆ-Արևմուտք հարաբերությունների համատեքստում: Այս ամենն այնքան անորոշ է, որ պնդել, թե Միացյալ Նահանգները կամ Եվրոպան միանշանակ կարող են գալ և լուծել մեր խնդիրները, չաշխատող մոդել է: Իշխանությունները միայն ուզում են հավատալ և մնացածին էլ հավատացնել, թե դա աշխատելու է:
– Միջազգային փորձում եղե՞լ են թույլ կամ պարտված երկրներ, որոնք հաղթել են բանակցություններում:
– Իհարկե, կան այդպիսի դեպքեր: Դասական օրինակ է Իսլանդիան Մեծ Բրիտանիայի դեմ։ Փոքր և այդ ժամանակ 200 հազարից քիչ բնակչություն ունեցող Իսլանդիան 1970-ական թթ.-ներին կարողացավ հասնել իր նպատակին, աշխատեցնել զսպող մեխանիզմները՝ ճիշտ ձևով բանակցելով թե՛ ԱՄՆ-ի, թե՛ ՆԱՏՕ-ի հետ: Մեծ Բրիտանիան իր ռազմական նավերը արդեն դուրս էր բերել Իսլանդիայի դեմ և պահանջում էր, որ Իսլանդիայի տարածքը պետք է պատկանի իրեն և չզբաղվի ձկնորսությամբ այդ տարածքներում: Միակ դեպքը չէ: Այն դեպքերում, երբ դու ռազմական առումով թույլ ես, բայց բանակցում ես, մնում է միայն կոալիցիոն աշխատանքը, այն է՝ դառնալ այնպիսի կոալիցիայի անդամ, որտեղ քո անվտանգության հարցերը կարող են կարգավորվել: Մեր դեպքում դա չի նշանակում միայնակ դուրս գալ 85 միլիոնանոց Թուրքիայի և 6 միլիոնանոց Ադրբեջանի դեմ պատերազմի։ Մենք ընդամենը պետք է օգտագործենք բոլոր դիվանագիտական միջոցները և այլ ուժի աղբյուրներ, որը մեր դեպքում միայն մարդկային կապիտալն է, ինչը Փաշինյանը չի կարող անել։ Դիցուք՝ այսօր մենք չունենք Սփյուռքի համար տեսլական, մինչդեռ կարող էինք օգտագործել դա թե՛ ՌԴ-ում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում։
Չնայած կողմերի միջև կա հակամարտություն, բայց հնարավոր է համախմբել ժողովրդին և ներկայացնել տեսլական, որը կհամոզի մարդկանց, որ մենք կարո՛ղ ենք այս հարցը լուծել, խուսափել պատերազմից և չանել նոր զիջումներ բանակցություններում և հասնել մեր նպատակներին: Ըստ էության, անենք այն, ինչ Ադրբեջանն արեց 1995 թ․-ին՝ չընդունել, որ սա վերջնական պարտություն է: Փաշինյանն անում է ճիշտ հակառակը՝ պնդելով, որ սա վերջնական պարտություն է, պետք է գնալ զիջումների, և դրանից հետո ամեն ինչ լավ կլինի, կսկսվի տնտեսական համագործակցություն և այլն: Պատմությունը մեզ բոլորովին այլ բան է հուշում:
– Տեսականորեն ի՞նչ կարող է անել Երևանը հաջողելու կամ հնարավորը փրկելու համար:
Ես չեմ կարող ներկայացնել կոնկրետ քաղաքականությունը, քանի որ չեմ տիրապետում ամբողջական ինֆորմացիային։ Տեսականորեն ընդհանուր առմամբ կարող եմ ասել, որ մենք պետք է ուժեղացնենք մեր այլընտրանքները և աշխատենք մեր սկզբունքների, չափանիշների վրա: Պարոն Փաշինյանի պնդումը, թե մեզ պարտադրել են իջեցնել նշաձողը, ինձ համար անհեթեթություն է: Ինչպես կարող է Ռուսաստանը, որը հենց այս պահին խոսում է ազգերի ինքնորոշման սկզբունքի մասին, ավելի արդար համաշխարհային համակարգ ձևավորելու մասին, օգտագործի մի չափանիշ մի տեղ, մեկ այլը՝ ուրիշ տեղ: Դա տեղ է թողնում բանակցելու համար: Ի՞նչ են ասում ռուս բանակցողները՝ «դուք տարիներ շարունակ ռմբակոծում էիք Դոնբասը՝ վտանգելով բնակչության անվտանգությունը, մենք եկել ենք նրանց անվտանգությունը պահպանելու»: Շատ լավ՝ ասում եմ ես: Արցախի ժողովրդի անվտանգությունը խախտվել է 1988 թ․-ից՝ առաջին պատերազմում, հետո երկար տարիների ընթացքում՝ 2016 թ․, 2020 թ․: Նույն բանն է՝ մենք խոսում ենք արդարության մասին: Բանակցություններում շատ կարևոր է, որ ընթացքն արդար լինի, իսկ դրա համար մենք պետք է օգտագործենք նույն չափանիշները: Այստեղ մենք ունենք Ռուսաստանի հետ բանակցելու տեղ: Նույն կերպ նաև եվրոպացիների կամ ամերիկացիների հետ։ Չէ՞ որ նրանք ճանաչեցին Կոսովոն։ Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ այն միակողմանի դուրս եկավ Սերբիայի կողմից: Ինչո՞ւ չկիրառել նույն չափանիշը նաև Արցախի հարցում: Կարծում եմ, որ իրենց (ՀՀ դե-ֆակտո իշխանությունների – Մ․Մ․) ամենամեծ սխալը եղել է հենց այն, որ չեն կարողացել պահել այդ գիծը, իսկ հիմա, փաստորեն, խոսում են միայն բնակչության անվտանգության մասին: Խաղաղապահները ներկայումս ապահովում են այդ անվտանգությունը, ուրեմն էլ անելիք չունե՞ս, այլևս խնդիր չկա՞ այդտեղ: Կամ եթե դու պատրաստվում ես ստորագրել պայմանագիր, որտեղ ճանաչում ես ոչ միայն Ադրբեջանի ամբողջականությունը, այլև որ Արցախը դրա մի մասն է, հասկանո՞ւմ ես հետևանքները։ Արդեն ընդունելի՞ են քեզ համար նաև դրա բոլոր հետևանքները: Իսկ այդ հետևանքները շատ պարզ են։ Ադրբեջանը կասի՝ «ի՞նչ գործ ունեն հայկական անձնագրով ՀՀ քաղաքացիները իմ տարածքում», «ի՞նչ գործ ունեն ձեր ռազմական ներկայացուցիչներն իմ տարածքում», «ի՞նչ գործ ունեն ձեր դրամը, բանկերը իմ տարածքում» և այլն: Փաստորեն, մենք հայտնվելու ենք մի իրավիճակում, որը 1988 թ․-ից վատ է լինելու, որովհետև այդ ժամանակ Ստեփանակերտում բնակվող հայը ուներ նույն անձնագիրը, ինչը ուներ Երևանում ապրող հայը, և կարող էր գնալ Երևանից Ղարաբաղ: Եթե Փաշինյանը շարունակի այս գծով, ապա հայը, որ ուզում է գնալ Արցախ, կամ արցախցին, ով ուզում է գնալ Հայաստան, պետք է սահման անցնի, իսկ սահմանի կարգավորումը Ադրբեջանի հայեցողության տակ է լինելու: Իհարկե, կարող ես պնդել, որ կարելի է բանակցել, որ հայերին ազատ ելումուտի հնարավորություն տրվի ինչպես հիմա, բայց դա հիմա՛ է՝ ժամանակավոր, վաղը, երբ փակեն սահմանը՝ դնելով այս կամ այն պայմանները, ի՞նչ ես անելու:
Բանակցողը պետք է մտածի, թե ինչպես չանել զիջումներ, որոնք երկարատև բացասական ազդեցություն կարող են ունենալ իր շահերի վրա: Եթե բանակցողը լուծում է կարճատև խնդիր (անգլերենում կոչվում է quick fix), օրինակ՝ մտածում է լուծել այսինչ խնդիրը՝ հուսալով, որ պատերազմ չի լինի, քանի դեռ ինքը իշխանության է, ապա չի մտածում սերունդների մասին և ընդհանրապես չի մտածում պետական շահերի մասին, այլ մտածում է իր մասին և բանակցում է իր քաղաքական շահերը հետապնդելու համար:
Հարցազրույցը վարեց միջազգայնագետ Միլենա Մքոյանը