Հարցազրույց

Դրսի բանակցությունները դատապարտված են առանց ներսի կոնսենսուսի

12 / 06 / 2022

Հարցազրույց CM&Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանի հետ (Բոստոն, ԱՄՆ)

– Ավանդաբար բանակցությունների նկատմամբ կա իրավական նիհիլիզմով պայմանավորված թերահավատություն։ Արդյոք դրանք իրապես կարո՞ղ են հանգեցնել որևէ կոնֆլիկտի լուծման, հատկապես երբ կողմերի միջև առկա է ուժային դիսբալանս։

– Ուժային դիսբալանսը նշանակում է, որ մյուս կողմն ունի ավելի շատ ուժ՝ ոչ միայն ռազմական բնույթի, այլև տնտեսական, դիվանագիտական, քաղաքական: Ճիշտ բանակցողները միշտ մտածում են ուժային դիսբալանսի մասին, վերլուծում այդ ուժը և աշխատում այլընտրանքների վրա: Ի՞նչ է նշանակում այլընտրանք. արդյոք կողմերը պայմանավորվածություն ձեռք չբերելու դեպքում կարո՞ղ են բավարարել իրենց շահերը՝ առանց բանակցությունների: Եթե դու չունես այլընտրանք, ինչպես պնդում է պարոն Փաշինյանը, ուրեմն դու ստիպված ես ընդունել այն, ինչ պարտադրում է մյուս կողմը: Հաջորդ հարցը հետևյալն է՝ ե՞րբ բանակցել: Սխալ է «թույլ ենք, չենք կարող բանակցել» մոտեցումը, քանի որ բանակցելը ոչ թե միանշանակ համաձայնություն է, այլ՝ ընթացք, ուստի յուրաքանչյուրը կարող է բանակցել՝ կախված նրանից, թե ինչպես և ինչ հարցերի շուրջ է բանակցում: Կարևոր է միշտ հիշել, որ բանակցությունների նպատակն է անել այնպես, որ մյուս կողմն անի այն, ինչ պետք է քեզ, և գոհ մնա։ Եթե կարող ես հասնել դրան, բանակցի՛ր, եթե չես կարող բանակցել, ապա քո այլընտրանքները շատ թույլ են, ըստ էության՝ չունես այլընտրանքներ:

– Արդյոք բանակցությունները միջպետական հարաբերությունների կարգավորման ինքնուրույն կամ առանձին գործիք են, թե՞ դրանք ի սկզբանե դատապարտված են, եթե զուգահեռաբար չեն գործում պետական մնացյալ ինստիտուտներն ու ագենտները:

– Եթե մենք խոսում ենք միջազգային հակամարտությունների մասին, ապա կողմերը շատանում են, քանի որ շատ դեպքերում բանակցությունները միջնորդությամբ են լինում: Մեզ համար խնդիրներից մեկը եղել է հենց այն, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ զբաղվող միջնորդները ընթացքը ձևակերպել էին այնպես, որ նախ ստատուս-քվոն պահպանվի, քանի որ այդ ստատուս-քվոն բոլորի շահերից էր: Իհարկե, նկատի պետք է ունենալ, որ բանակցելիս պետությունը՝ օրվա իշխող ուժը, ունի պատկերացում շահերի մասին և կարող է պետության ներսում պարտադրել, որ բոլորի ընկալումն այդ շահերի մասին լինի նույնը։ Հակառակ դեպքում պետք է բանակցի նաև ներսում, որպեսզի ունենա շահերի ընկալման բավարար կոնսենսուս: Չեն կարող բանակցություններ վարել առանց այդ շահերի շուրջ ներպետական ինստիտուտների համաձայնության, ըստ էության՝ առանց ներսում բանակցելու: Բռնապետության դեպքում, իհարկե, շահերը կարող են նաև պարտադրվել պետության ներսում և բանակցել դրսում դրանց շուրջ: Խնդիրն այն է, որ բանակցելիս իրենց շահերը ունեն նաև միջնորդները, և փաստորեն շուրջ 25 տարի թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի դեպքում միջնորդներին ձեռնտու էր ստատուս-քվոյի պահպանումը՝ յուրաքանչյուրի համար տարբեր շահերից ելնելով: Այդ ստատուս-քվոն ինչ-որ չափով բավարարում էր նաև մեզ, բավարարում էր նաև ադրբեջանական կողմին, մասնավորապես՝ Ալիևին, քանի որ թույլ էր տալիս քաղաքական իշխանությունը վերարտադրել խոստումներով, որ մի օր ինքը կարողանալու է կա՛մ բանակցություններով, կա՛մ այլընտրանքային՝ ռազմական ուղով լուծելու խնդիրը: Ահա թե ինչու պետք էր հասկանալ, որ, ինչպես ասում էր Մաքիավելին՝ «պատերազմը անխուսափելի է»։ Այո՛, դու բանակցում ես, կան միջնորդներ, ստատուս-քվոն պահպանվում է, բայց պատերազմ լինելու է, որովհետև երկու կողմն էլ պատրաստվում են պատերազմին՝ որպես այլընտրանք: Ուստի պետք է հասկանալ՝ արդյոք ունե՞ս դու բանակցային ուժի աղբյուրներ, որոնք կարող են թույլ տալ հետաձգել պատերազմը կամ ավելի լավ պատրաստվել պատերազմին: Նախորդ բանակցությունների արդյունքը՝ փաթեթները, որոնք դրվում էին բանակցությունների սեղանին միջազգային հանրության կողմից, չէին կարող բավարարել կողմերին, մասնավորապես՝ ադրբեջանական կողմին, քանի որ հայկական կողմն ավելի վստահ էր, որ եթե նույնիսկ խնդրի լուծումը լիներ Մադրիդյան սկզբունքներով, ապա շատ կարևոր, էական հայկական շահերը (Արցախի հայության ինքնորոշման իրավունքը – Մ․Մ․) պաշտպանվելու էին:

2018 թ․-ից հայտնվեցինք մի փուլում, որ նոր բանակցողը՝ պարոն Փաշինյանը, մերժեց միջնորդների կողմից նախկինում արվածը և «սկսեց զրոյական կետից»: Վերջերս նույնիսկ հայտարարեց, որ ինքը նոր մարդ էր և ուզում էր «լավ հասկանալ Մադրիդյան սկզբունքները», ինչը անհեթեթություն է, քանզի բոլորս կարող ենք կարդալ հիմնական կետերը և հասկանալ դրանք, իհարկե եթե իրապես ունենք ցանկություն և հետևողականություն՝ պահպանելու բանակցությունների շարունակականությունը: Հարցերը պետք էր տալ մե՛ր բանակցողներին, մինչդեռ Փաշինյանը դրանք տալիս էր մյուս կողմին՝ Ալիևին, միգուցե նաև միջազգային բանակցողներին: Ուստի ներսում չկար կոնսենսուս, իսկ Փաշինյանը հետապնդում էր իր քաղաքական շահերը՝ ցույց տալու, որ ինքը կարող է այլ ձև բանակցել, քան նախկինները։ Վտանգավոր մի մոտեցում է՝ մերժել միջնորդների առաջարկած տարբերակները այն դեպքում, երբ միջնորդներն էլ ունեն իրենց շահերը: Հենց այս ապիկարությունը մոտեցրեց պատերազմը, մինչդեռ այլընտրանքների առկայությունը կարող էր հետաձգել այն և թույլ տալ ավելի լավ պատրաստվել:

Այսինքն՝ բանակցություններն ինքնուրույն գործիք չեն, դրանք վարվում են և՛ դրսում, և՛ ներսում, ընդ որում՝ շատ հաճախ ներսում վարվող բանակցություններն ավելի կարևոր են: Հիմա էլ Փաշինյանը վարում է բանակցություններ՝ չունենալով ներսի կոնսենսուսը որդեգրված նոր քաղաքականության, այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» շուրջ։ Մեղմ ասած՝ բոլորը չէ, որ համամիտ են այդ մոտեցմանը: Հնարավոր չէ բանակցություններում հասնել հաջողությունների, երբ երկրի ներսում ունես խնդիրներ, մնում է միայն ընդունել այն, ինչ պարտադրում է մյուս կողմը: Սա, ըստ էության, նշանակում է հայտարարել, որ դու չունես այլընտրանքներ։ Իսկ սա մեկ այլ սխալ մոտեցում է, քանի որ եթե քո այլընտրանքները թույլ են, դրանց մասին չպետք է խոսել բացահայտ կերպով, այլ պետք է խոսել այդ այլընտրանքները ներսում ուժեղացնելու մասին: Ըստ իս՝ պարոն Փաշինյանը և իր թիմը չեն էլ տեսնում այլընտրանքներ և դրանք ուժեղացնելու տարբերակներ, որովհետև դա անելու մեր միակ տարբերակը մարդկային կապիտալն է, որը 2018 թ.-ից սկսած մինչ օրս պառակտված վիճակում է, իսկ ինքն այն առաջնորդը չէ, որ կարող է համախմբել և մոբիլիզացնել ազգի ամբողջ ուժը, հետևաբար նաև՝ մեր այլընտրանքները։

– Ի՞նչ տարբերություն կա միջնորդի և առանց միջնորդի բանակցությունների միջև։

– Առանց միջնորդի բանակցելու դեպքում կողմերի միջև չպետք է լինի սուր վստահության խնդիր: Վստահությունը հիմնված է խոսքի և գործի միջև ճեղք չլինելու վրա. ես ձեզ վստահում եմ, եթե դուք խոստացել եք անել որևէ բան և անում եք դա: Սովորաբար, երբ կողմերի միջև պատերազմ է լինում, ամենամեծ խնդիրը դառնում է երկուստեք վստահության բացակայությունը: Այդ պատճառով՝ կողմերը ստիպված են լինում դիմել միջնորդի, ում նկատմամբ երկուսն էլ ինչ-որ չափով ունեն վստահություն: Իսկ եթե կա վստահություն, կողմերը կարող են բանակցել առանց միջնորդի և գտնել երկուսի շահերից բխող լուծում: Ինչպես նշեցի, միջնորդներն ունեն իրենց շահերը: Մեր հակամարտության դեպքում այստեղ կա մեծ խնդիր, քանզի բանակցային ամբողջ ընթացքը ձևակերպված էր «սայլը ձիուց առաջ դնելու» տրամաբանությամբ: Եթե միջնորդները իրապես ուզում էին որևէ ընդունելի լուծում գտնել կողմերի համար, անհրաժեշտ էր աշխատել հենց վստահության վրա, ինչը երկարատև գործընթաց է և չի նշանակում, որ անպայման կգտնվի լուծում, բայց առանց այդ վստահության անհնար է գտնել լուծում: Իսկ ի՞նչ էր տեղի ունենում մեր դեպքում։ Միջնորդները չէին կարող պարտադրել կողմերին ընդունել այն, ինչ դրվում էր սեղանին, ուստի առաջ էին քաշում փաթեթներ և հարցադրում՝ ընդունելի՞ են արդյոք դրանք կողմերի համար, թե ոչ: Կողմերը կամ կողմերից մեկը հրաժարվում էր, ուստի բանակցությունները շարունակվում էին, միջնորդները փորձում էին փոփոխել տարբերակները՝ դրանք կողմերի համար ընդունելի դարձնելու նպատակով: Այդպես էլ չառաջարկվեց երկու կողմի համար ընդունելի տարբերակ:

Այս տեսանկյունից շատ կարևոր են միջնորդների հետ հարաբերությունները: Չնայած Փաշինյանի հայտարարություններին, թե դրանք բարելավվում են, 2018 թ.-ից բավականին լարված էին և՛ ռուսական կողմի, և՛ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ հարաբերությունները՝ հակառակ նրան, որ իշխանությունները հույս ունեին, թե Հայաստանը ժողովրդավար հայտարարելը հնարավորություն կտա արագ առաջընթաց գրանցել վերջին երկուսի հետ հարաբերություններում։ Սա մեկ այլ թյուրիմացություն է, քանզի միջազգային հարաբերություններում կողմերը խաղում են ո՛չ թե իրենց հայտարարած արժեքներով, այլ հիմնականում շահերով: Ուստի, նոր իշխանությունները և՛ Ռուսաստանը կորցրին ինչ-որ չափով, և՛ չկարողացան իրենց կողմն ուղղել ԱՄՆ-ին և ԵՄ-ին: Կարելի է երկար վերլուծել միջնորդների այդ պահին առկա շահերը կամ շահերի ընկալումը, քանի որ դրանք փոխվում են՝ կախված քաղաքական ուժից կամ առաջնահերթություններից: Արդյունքում Փաշինյանը մոտեցրեց պատերազմը: Ադրբեջանական կողմին պետք էր գտնել հարմար պահ՝ գնալու ռազմական լուծման, իսկ դա անելու համար անհրաժեշտ էր, որ առաջինը՝ միջնորդները զբաղեցնեն չեզոք դիրք, խիստ չքննադատեն իրեն ուժի չկիրառման կարևորագույն սկզբունքը խախտելու համար, երկրորդը՝ Թուրքիան կարողանա ակտիվորեն աջակցել և մասնակցել պատերազմին, երրորդը՝ Հայաստանը լինի իր երկրի ներսում պարտված: Երեք պայմաններն էլ առկա էին 2020 թ.-ի սեպտեմբերին:

– Ապրում ենք երկու տարբեր իրականություններում. մի կողմից Ադրբեջանն օկուպացրել է Արցախի Հանրապետության շուրջ 75% և ՀՀ-ից առնվազն 70 քկմ, հանդես է գալիս հայտարարություններով, թե ԼՂ հիմնախնդիրը լուծված է, ավելին՝ ՀՀ-ն օկուպացրել է նաև Ադրբեջանի հետ ունեցած սահմանները, մյուս կողմից՝ զուգահեռաբար ընթանում են բանակցություններ խաղաղության օրակարգով: Արդյոք միջնորդ կողմերը սա չե՞ն տեսնում: Նրանց վարքագիծը պետք է բացատրել զուտ ռեալպոլիտիկո՞վ։

– Միջնորդների շահերին դա որևէ ձևով չի խանգարում: Մեր տարածքն է, մենք ենք կորցրել: Միջնորդները հետևում են զարգացումներին և իրենց շահերին: Ալեն Սիմոնյանը նորից հղում է անում ԵԱՀԿ Մինսկի խմբին այն դեպքում, երբ Մինսկի խումբ այլևս չկա: Արևմուտքի և Ռուսաստանի միջև առճակատման ներկայիս պայմաններում, դժվար է պատկերացնել, որ նրանք կհամագործակցեն, կկոորդինացնեն համատեղ դիրքորոշում Ղարաբաղյան հարցում կամ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում: Միջնորդները նախկինում էլ ունեին տարբեր շահեր, իսկ հիմա դրանք ավելի սրված և ակնհայտ են: Եթե շատ կարճ դիտարկենք այդ շահերը, ապա՝

  • ԱՄՆ-ի և Եվրոպայի շահերը, կարելի է ասել, համընկնում են։ Հատկապես հիմա նրանց համար առաջնահերթ շահ է, որ նավթը և գազը ավելի մեծ հոսքով դուրս բերվեն Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա՝ որպես այլընտրանք ռուսական էներգակիրներին։ Այստեղ Ադրբեջանն ավելի կարևոր խաղացող է, ահա թե ինչու ԱՄՆ և Եվրոպան լռում են մեր հարցի շուրջ, իսկ աղմկում, օրինակ, ուկրաինական հարցով: Ինչո՞ւ չեն միջնորդները քննադատում տեղի ունեցողը։ Նախ՝ միջնորդը պետք է չխուսափի քննադատելուց, և մեզ համար չպետք է ընդունելի լինի այն միջնորդը, որ չի շեշտում բնակացությունների հիմքում դրված նույն սկզբունքները: Ընդհանրապես բանակցություններում շատ կարևոր է արդարությունը, որը ապահովվում է որոշակի սկզբունքներով, մեր դեպքում՝ Հելսինկյան Եզրափակիչ ակտի 3 սկզբունքները՝ ուժի չկիրառումը և ազգերի ինքնորոշումը, որոնք իշխանությունը հանել է օրակարգից՝ չխոսելով դրանց մասին որևէ բան, և մնացել է միայն երրորդ՝ Ադրբեջանի կողմից առաջ քաշվող տարածքային ամբողջականության սկզբունքը: Իհարկե, իշխանական շրջանակներում կա խոսույթ, որ Արցախյան հիմնախնդիրը տարածքների հարց չէ, այլ «հայերի իրավունքն է իրենց անվտանգության ապահովումը իրենց պատմական հողերում», սակայն սա կրկին ինքնորոշման մասին չէ, այլ անորոշ անվտանգ պայմանների մասին: Անվտանգ պայմաններ ստեղծելու համար պարտադիր չէ ինքնորոշումը, կարելի է նույնիսկ ինքնորոշվել ինքնավարության տեսքով, բայց դուրս չգալ տարածքից։
  • Ռուսաստանի շահերից չի բխում, որ հարցն ստանա վերջնական լուծում՝ հատկապես Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ: Հարցի լուծման դեպքում հարց է առաջանալու, թե ինչ են անելու այստեղ գտնվող իր խաղաղապահ ուժերը: Ուստի՝ ռուսական կողմն ամեն ինչ անելու է, որ նախ՝ եթե խնդիրը լուծվի, ապա դա տեղի չունենա առանց իր մասնակցության, ապա՝ լուծվի այնպես, ինչպես դա պատկերացնում է ռուսական կողմը: Մի հարցում ներկայումս մեր շահերը համընկնում են ռուսական շահերի հետ, ինչը ներկայումս շատ քիչ է օգտագործվում՝ սկզբունքների ընկալումը։ Ռուսական կողմն Ուկրաինայի հարցում առաջ է քաշում ոչ միայն Դոնբասի, այլև նոր տարածքների ժողովրդի ինքնորոշման հարցը: Եթե դա տեղի ունենա և ընդունելի լինի միջազգային հանրության որոշ մասի կողմից, դա կհակադարձի Փաշինյանի պնդմանը, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել նշաձողը։ Իսկ «նշաձողը» հենց սկզբունքներն են: Պարոն Փաշինյանն ասում է, որ ինքնորոշումը չի նշանակելու սեցեսիա (անջատում), այսինքն՝ չենք խոսում նրա մասին, որ Արցախը պետք է առանձնանա, այլ կարող է մնալ Ադրբեջանի կազմում, անվտանգությունը ապահովվի և դրանով հարցը լուծվի: Հենց այդ պատճառով էլ խուսափում են ասել, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ բանակցություններում կա Արցախը Ադրբեջանի կազմ հանձնելու տարբերակ, և այս հարցում ևս իրենք արդեն գնացել են զիջումների:

– Դուք ներկայացրիք երկրների շահերը, իսկ ո՞ր կողմի միջնորդությունն է ձեռնտու հայկական շահի տեսանկյունից՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանն սկսել է դժգոհել, որ բրյուսելյան վերջին հայտարարությունը հղումներ չի անում եռակողմ հայտարարությանը և Մոսկվայի և Սոչիի հանդիպումներին։

– Ես կարծում եմ, որ հարցն ընդհանուր ռազմավարական է: Կոնկրետ այս դեպքում դա շատ լուրջ սխալ է: Ո՞րն է այս սխալի աղբյուրը: Փաշինյանն ու իր խումբը նայում են այս իրավիճակին ոչ միանշանակ կերպով՝ Ռուսաստան, արևմուտք, Ուկրաինա, ով կհաղթի՝ հասկանալի չէ, ուրեմն եկեք խոսենք և՛ մեկի, և՛ մյուսի հետ: Ընդհանուր առմամբ սա է եղել հայկական դիվանագիտության առաջնագծում նաև նախկինում: Հիմա կարծում են, որ ռուսների միջնորդության դեպքում կասեն, որ երբեք չեն հերքել եռակողմ հայտարարությունը, այսօր էլ Ալեն Սիմոնյանը ասաց, որ ճանաչում են այն, իսկ եվրոպացիների միջնորդության դեպքում կասեն, որ միշտ եղել են նրանց կողքին և այլն: Բայց սա, ներեցեք ժարգոնիս համար, «փողոցային գցոցի» է, լուրջ դիվանագիտության մեջ այն չի աշխատում: Ռուսական կողմը հետևում է, ինչ է տեղի ունենում հիմա, որը իր համար հաստատումն է այն բանի, ինչն ադրբեջանական լոբբիստական խմբերը ասում էին Մոսկվային՝ «Հայաստանը ձեզ կդավաճանի, կստանա այն, ինչ հիմա պետք է, և միևնույնն է՝ կգնա դեպի Եվրոպա»: Սա իջեցնում է քո վստահությունը դիմացինիդ նկատմամբ: Այսինքն՝ պետք է հստակ սահմանել, ով է քեզ համար գլխավոր խաղացողը, և չստեղծել տպավորություն, թե Մինսկի խումբը շարունակում է գոյություն ունենալ, երբ Մինսկի խմբի անդամներն իրենք են ասում, որ այն գոյություն չունի: Նրանք (ՀՀ դե-ֆակտո իշխանությունը – Մ․Մ․) սա անում են բոլորի հետ բանակցելու իրենց թվացյալ խորամանկ քաղաքականությունը կոծկելու համար: Մինչդեռ այստեղ անտեսվում է շատ կարևոր խնդիր. եթե Ռուսաստանը հաղթի, ավելի ճիշտ է ասել՝ որտեղ կանգ կառնի Ռուսաստանը, նա իհարկե կհիշեցնի Փաշինյանի քայլերը Բրյուսելում, և կարվի ամեն ինչ, որ ևս մեկ անգամ «պատժեն» հայկական կողմին բանակցություններում այսպիսի «թափառական» պահվածքի համար, որովհետև ստացվում է՝ մինչ Ռուսաստանը զբաղված էր ուկրաինական հարցերով, Հայաստանը փնտրում էր նոր ուղիներ, նոր կողմեր: Այս իրավիճակում ճիշտ կլիներ հետևել խաղաղապահներին Ղարաբաղում պահելու գծին՝ գործընթացը հիմա սառեցված է, բայց պետք է պնդել, որ բոլոր կողմերը անեն ամեն ինչ՝ ռազմական գործողությունները չվերսկսելու համար, ոչ թե կարծել, որ իրենց ամենախելացին են և կարող են խաղալ բոլորի հետ:

Հարցազրույցի շարունակությունը Մաս II-ում։

Հարցազրույցը վարեց միջազգայնագետ Միլենա Մքոյանը։

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *