Հարցազրույց քաղտնտեսագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի համահիմնադիր Հրանտ Միքայելյանի հետ:
– Գիտենք, որ վերջերս հայկական դրամը կտրուկ արժևորվել է: Որո՞նք են դրամի այսչափ արժևորման պատճառները:
– Առաջնային պատճառն այն է, որ դեպի Հայաստան տրանսֆերների քանակն աճել է, և Ռուսաստանի քաղաքացիների ներգաղթի (կամ ժամանակավոր տեղափոխության) պայմաններում նաև իրենք սկսեցին աշխատել, և դա էլ նպաստեց արժույթի ներհոսքին դեպի Հայաստան և ըստ այդմ՝ Հայաստանում արժույթի ավելացում ստեղծվեց: Դրանից հետո էլ որոշումը Կենտրոնական բանկինն էր` կայունացնի փոխարժեքը, թե թողնի, որ դրամն արժևորվի: Այսպիսով` կարելի է ասել, որ շարունակելով իր երկարամյա թանկ դրամի քաղաքականությունը՝ Կենտրոնական բանկը թողեց, որ դրամն արժևորվի։ Այս պահի դրությամբ դրամն արժևորվել է իր կայուն կուրսի նկատմամբ մոտավորապես 15%-ով, իսկ այն կուրսի, որը եղել է մարտին` մոտ 20%-ով:
– Ինչպե՞ս է այս արժևորումն ազդում Հայաստանի տնտեսության վրա, հատկապես` արտահանող և ներկրող բիզնեսների վրա:
– Նախ արձանագրենք, որ մարտ-ապրիլին մոտավորապես 200 մլն դոլար հավելյալ արժույթի ներհոսք կար դեպի Հայաստան, և հավանաբար մայիսին և հունիսին ևս նվազագույնը 100 մլն դոլարի չափով հավելյալ ներհոսք է եղել: Ի՞նչ կարող էր անել Կենտրոնական բանկն այս պայմաններում: Օրինակ՝ եթե Կենտրոնական բանկն արժույթի այս զանգվածը կուտակեր ռեզերվների մեջ, ապա այդ պարագայում հայկական դրամը չէր արժևորվի, բայց Կենտրոնական բանկի ռեզերվներն էապես կաճեին: Այո՛, գնաճ նույնպես կլիներ, բայց շատ չնչին: Որովհետև մենք տեսնում ենք, որ չնայած դրամն այդքան արժևորվեց, միևնույնն է՝ գնաճը չի զսպվել կամ չի նվազել: Ավելի ճիշտ` գուցե չի աճել, բայց չի էլ նվազել: Ինչպես է դա ազդում տնտեսվարողների վրա: Իհարկե, ով որ Հայաստանում բիզնես է վարում, իր համար ամեն ինչը թանկացել է` սկսած աշխատանքային ուժից, վերջացրած ներքին տարբեր ռեսուրսներով, օրինակ` տարածքի վարձը, կոմունալ ծառայությունները, ապրանքների և ծառայությունների գները։ Այս ամեն ինչը թանկացել է ներքին արտադրողի համար, որը ենթադրում է և՛ ներքին շուկայի համար արտադրություն, և՛ արտաքին շուկաների համար արտադրություն: Արտադրողների համար ստեղծվում է հետևյալ վիճակը. նրանք ստիպված են քիչ թե շատ նույն գնով վաճառել ապրանքը կամ գուցե չնչին թանկացումով, բայց քանի որ իրենց համար ամեն ինչ թանկացել է, իրենց եկամուտները կտրուկ նվազում են: Եթե նրանք փորձեն համաչափ բարձրացնել գները, ապա հայկական արտադրությունը դառնալու է ոչ մրցունակ օտարի հանդեպ: Որովհետև այլ երկրներում այդքան արժույթի արժևորում տեղի չի ունեցել և հայկական ապրանքները համեմատաբար թանկ են դառնում, անմրցունակ և կորցնում շուկաները: Եթե օրինակ՝ պայմանական Ռումինիան ապրանքը 10%-ով է թանկացրել, իսկ նույն որակի հայկական ապրանքը թանկացել է 20%-ով, ապա իհարկե հայկական ապրանքը դառնում է անմրցունակ: Սակայն ներկրողի համար իրավիճակը հակառակն է: Ներկրողների համար ներքին գները շատ մեծ նշանակություն չունեն, որովհետև նրանց բիզնեսի մեջ ընդգրկված են շատ ավելի քիչ թվով մարդիկ` որպես աշխատողներ, և այդ մարդիկ սփռված են տարբեր երկրներով, քանի որ ներկրողը աշխատում է և՛ այն երկրում որտեղից ներկրում է, և՛ այն երկրում որտեղ ներմուծում է: Այսպիսով` ներկրողի ծախսերը գրեթե չեն աճում, իսկ եկամուտները կարող են էապես աճել: Ավելի շուտ կարող են նվազել ծախսերը, քանի որ ապրանքի գինը նվազում է, իսկ նա շարունակում է նույն գնով վաճառել, եթե նույնիսկ գները չի բարձրացնում: Այսպիսով` ներկրումը դառնում է ավելի ձեռնտու, քան արտահանումը: Մենք նման փորձ ունեցել ենք առաջներում: Տնտեսության մեջ դա ընդհանրապես կոչվում է «Հոլանդական հիվանդություն»։ Դա բերում է երկարաժամկետ կտրվածքով բացասական հետևանքների, քանի որ տեղական արտադրությունը զիջում է արտասահմանյան արտադրությանը: Վերջում ստանում ենք վիճակ, երբ առաջանում է շատ մեծ դիսբալանս արտահանման և ներմուծման միջև, և դրամն սկսում է հակառակ պրոցեսով արժեզրկվել, մինչև բալանսը վերականգնվի, և արտահանումը նորից սկսի աճել: Այսինքն` դրամի արժևորման այս քաղաքականությունը ինքնին կայուն քաղաքականություն չէ, լի է ռիսկերով և ամեն դեպքում գալու է պահ, երբ դրամն արժեզրկվելու է: Բայց այս պահի դրությամբ չեմ կարող ասել, թե դա երբ է տեղի ունենալու` մի քանի ամսից, թե մի քանի տարուց: Բայց ակնհայտ է, որ այս կուրսը կայուն չէ և հավանաբար այս տարվա ընթացքում է նվազելու, բայց կխուսափեմ նշել որևէ հստակ ժամկետ:
– Մասնավորպես հիմա, երբ եվրոն ու դոլարը արժեզրկվում են, իսկ դրանց ֆոնին արժևորվում է ռուբլին, ինչպես է սա ազդում մեր շուկայի վրա:
– Սա նոր չափորոշիչ է հայկական տնտեսության համար, քանի որ ավանդաբար հայկական տնտեսությունը գործել է միայն դոլարով: Բայց այս տարվանից Հայաստանն սկսեց ռուբլով գնել գազը և գուցե այլ ապրանքներ ևս: Այսինքն` Կենտրոնական բանկի որոշման վրա ազդում է նաև այն, որ Հայաստանն ունի ռուբլով առևտուր, իսկ ռուբլին տեսնում ենք, որ արժևորվել է: Դա է պատճառներից մեկը, սակայն հստակ պատճառաբանությունը դժվար է տալ, քանի որ մենք միշտ ունեցել ենք բոլոր արժույթների նկատմամբ դրամով վերահաշվարկում միայն դոլարի միջոցով: Տեխնիկապես հիմա էլ է դա այդպես, բայց արդեն ավելի շատ ազդեցություն ունի ռուբլին, և հավանաբար ռուբլու նկատմամբ արդեն առանձին հաշվարկ է սկսվելու ապագայում: Այսպիսով` սա նոր իրողություն է հայկական տնտեսության համար և, իհարկե, սա նույնպես ուսումնասիրության կարիք ունի: Ի դեպ ռուբլու արժևորման պայմաններում պետք է նշել, որ Ռուսաստանի տնտեսությունն էլ է կորցնում մրցունակությունը: Հիմա ռուսական տեսանկյունից դա լավ է ինչ-որ տեղ, քանի որ ռուբլու փոխարժեքը ամրապնդվեց պատերազմի սկսվելուց հետո, բայց երկարատև առումով դա էլ է վատ: Բայց Ռուսաստանում կան որոշակի պատճառներ այդ քաղաքականությունը որդեգրելու համար, քանի որ Ռուսաստանում արտահանումը գերազանցում է ներկրումը: Հայաստանում հակառակն միտումն է՝ ներկրումը միշտ գերազանցել է արտահանումը: Եվ վերջին տարիների ընթացքում, հատկապես 2016 թ.-ից սկսած, երբ մենք ունեցանք արտահանման զգալի աճ, ստեղծվեց հնարավորություն իրավիճակը փոխելու: Սակայն այս թանկ դրամի քաղաքականությամբ դա չի ստացվի:
– Արդյո՞ք դրամի արհեստական արժեզրկմամբ կարելի է ժամանակավոր լուծում տալ արտադրողների խնդիրներին:
– Արհեստական արժեզրկումը, հատկապես եթե մեկ օրվա մեջ տեղի ունենա, սխալ կլինի, քանի որ ֆինանսական կայունությունը դրանով կխախտվի: Ամենաճիշտ քաղաքականությունը կլիներ չթողնել, որ դրամն արժևորվի: Դրանով վիճակը շատ ավելի կայուն կլիներ: Օրինակ՝ հիմա տեսնում ենք, որ դրամն արժևորվում է, սակայն գնաճը շարունակվում է: Եթե դրամն արժեզրկվի, գնաճը վերսկսվելու է: Բայց խնդիրն այն է, որ երբ դրամն արժևորվեց դոլարի նկատմամբ,այդ ժամանակ ևս գնաճը չի նվազել: Երբ դոլարը նվազում է, Հայաստանում գները չեն նվազում, բայց երբ որ դոլարը աճում է, գները ևս աճում են: Այսինքն` դա միակողմանի միտում է: Եվ ըստ այդմ՝ դրամի այս քաղաքականությամբ մենք շատ քիչ շահեցինք գնաճի տեսանկյունից, սակայն շատ կորցրինք արտադրողների տեսանկյունից: Եվ քանի որ վստահ եմ, որ դրամը վերադառնալու է իր կայուն փոխարժեքի միջակայքին, որը եղել է 470-500-ը, ապա ինֆլյացիոն ռիսկերը շարունակում են մնալ բարձր, պարզապես իրացվում են ոչ հիմա, այլ մի փոքր հետաձգմամբ: Ինչ վերաբերում է ներկրողների և արտահանողների վրա այս իրավիճակի ունեցած ազդեցությանը, այն անշուշտ կլինի, սակայն չի զգացվելու անմիջապես, այլ մի քանի ամսվա կտրվածքով: Ասեմ ավելին՝ բացի ներկրողներից և արտահանողներից՝ իմ կարծիքով՝ շատ մեծ նշանակություն ունեն Կենտրոնական բանկի պահուստները, որոնք կարելի էր լցնել ստերիլիզացված գումարով` գոյացած այս ներհոսքից, եթե ԿԲ-ը միջամտեր և կայուն պահեր դրամի փոխարժեքը: Այդ պարագայում Կենտրոնական բանկի ռեզերվներն էապես կմեծանային և դա կարելի էր ծախսել օրինակ արտաքին պարտքի մարման վրա կամ օգտագործել այլ արդյունավետ ձևերով, քան պարզապես ծախսելն է սպառման վրա: Իհարկե, կարելի է նաև գտնել լավ կողմն այս իրավիճակում: Օրինակ որ թանկ դրամի պայմաններում միջինում պարտքի տոկոսը ՀՆԱ-ի նկատմամբ նվազում է, բայց կրկնում եմ, որ սա կարճաժամկետ էֆեկտ է:
– Արդյոք այս իրավիճակում չե՞ն հակասում ԿԲ-ի ու տեղական արտադրողների շահերը, և ինչպե՞ս կարելի է հասնել կոնսենսուսի այս երկու կողմերի միջև:
Կենտրոնական բանկն ասում է, որ զսպում է գնաճը և ինչպես ասվում է իր հայտարարություններում, ավելի շատ շեշտը դնում է ոչ թե արտադրողների, այլ սպառողների վրա: Այստեղ պետք է բալանս գտնել, որովհետև վերջին հաշվով արտադրողն ու սպառողը շատ հաճախ նույն մարդն են: Օրինակ՝ ինչ-որ մեկն աշխատում է ինչ-որ վայրում, որտեղ ստանում է աշխատավարձ, և 3%-ի գնաճի տարբերության պայմաններում ինքը կամ իր հարևանը կարող են կորցնել աշխատանքը, քանի որ տեղական բիզնեսը դարձավ անմրցունակ: Սրա հետևանքները պետք է հասկանալ, և նորից եմ ասում, որ այս քաղաքականությունը երակարաժամկետ առումով ձեռնտու չէ:
– Ի՞նչ քաղաքականություն պիտի վարի պետությունը` տեղական արտադրողին այս իրավիճակում աջակցելու համար:
– Այն ինչ կասեմ, կարծում եմ միշտ ակտուալ է: Նախ՝ դրամի արժեքը նվազելու է, և ավելի լավ է դա անել այն ժամանակ, երբ կառավարելի է իրավիճակը, քան երբ որ հասնենք մի կետի, երբ ստիպված կլինենք դա անել, և անկումն էլ կլինի շատ ավելի մեծ: Կրկնում եմ՝ մենք դրա փորձն ունեցել ենք Հայաստանում մի քանի անգամ: Ինչ վերաբերում է աջակցությանը, ապա ներքին բիզնեսն ունի շատ լուրջ խորհրդատվական աջակցության կարիք, որովհետև շատ դեպքերում օրենքների իմացության և ֆինանսական գրագիտության պակաս կա: Բացի այդ՝ կա էժան վարկերի խնդիր, որովհետև վերաֆինանսավորման տոկոսադրույքը Հայաստանում շատ բարձր է և մշտապես է բարձր եղել, իսկ բիզնեսի համար այդ վարկերը շատ թանկ են: Եթե ինչ-որ մեկն ուզում է արտահանմամբ զբաղվել, պետք է արտահանման ֆինանսավորման վարկեր տրամադրել` բացատրելով, իհարկե, թե ինչպիսի հեռանկար է սպասվում այդ պարագայում: Այսինքն՝ հնարավորություններ կան, պարզապես շեշտը պետք է դնել ներքին արտադրողին աջակցելու վրա: Իսկ այս առումով, բացի խոսքերից, առանձնապես բան չի արվել:
Հարցազրույցը վարեց միջազգայնագետ Սյուզան Նաջարյանը