Բացատրագիր

Սպառողական ապրանքների գնաճը

16 / 06 / 2022

Վերջերս հաճախ է խոսվում գնաճի մասին և այն մասին, թե ինչպես այն կարող է ազդել բնակչության գնողունակության վրա։ «Հայկական ալիք»-ը  «Բացատրագիր» շարքում պատասխանում է, թե ինչ է գնաճը և տալիս դրա հետ կապված մի քանի այլ կարևոր հարցերի պարզաբանումները։

  • Ի՞նչ է գնաճը։

■ Գնաճը (ինֆլյացիան) գների ընդհանուր մակարդակի աճն է տնտեսությունում, որի հետևանքով փողի (դրամական միավորի) գնողունակությունն ընկնում է։

■ Գնաճը տվյալ արժույթի գնողունակության անկումն է ժամանակի ընթացքում։ Գնողունակության նվազման տեմպը արտահայտվում է որոշակի ժամանակահատվածում տնտեսության առանձին ապրանքների և ծառայությունների զամբյուղի միջին գների մակարդակի աճով։

■ Գնաճն այն տեմպն է, որով արժույթի արժեքը նվազում է, և հետևաբար ապրանքների և ծառայությունների գների ընդհանուր մակարդակը՝ բարձրանում։

Գնաճի առաջացման պատճառները կարող են լինել և՛ ներքին, և՛ արտաքին։ Ներքին պատճառներից են կառավարության վարած տնտեսական քաղականությունը, արտաքին պատճառներից են համապատասխանաբար տնտեսության վրա ազդող արտաքին գործոնները։

  • Ինչպե՞ս է այն ազդում բնակչության գնողունակության վրա։

ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ ՀՀ սպառողական շուկայում 2022 թ․-ի մայիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 9․0 % գնաճ է գրանցվել։

2022 թ. մայիսին 2021 թ. մայիսի համեմատ ՀՀ-ում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ, իսկ 2022 թ. ապրիլի համեմատ՝ 0.8% գնանկում։ Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2022 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 1.2 և 0.1%-ով։

«Հայկական ալիքը» պատրաստել է սպառողական  Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում հիմնական ապրանքների գնաճը պատկերող ինֆոգրաֆիկա։

Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի շուկայում գնաճի նման տեմպը հատկապես ծանր կանրադառնա սոցիալապես անապահով բնակչության կենսապահովման մակարդակի վրա։

Գնաճի տեմպերից հետ են մնում աշխատավարձի աճը, կենսաթոշակների, սոցիալական նպաստների աճը և այլ տեսակի եկամուտների աճը։

Գների կայունություն ապահովելու համար հարկավոր է հաշվի առնել տնտեսական համակարգի փոխկախվածությունները՝ գնաճն օպտիմալ ձևով համաձայնեցնելով առանցքային տնտեսական ցուցանիշների հետ։

Տնտեսական ցուցանիշների համակարգում առանցքային են այնպիսի գործոնների ապահովումը, ինչպիսիք են կայուն տնտեսական աճը, գների կայունությունը, հավասարակշռված արտաքին առևտուրը, զբաղվածության բարձր մակարդակը։

Ներկայումս ՀՀ գտնվում է այնպիսի տնտեսական իրավիճակում, երբ ունենք կանխատեսվածից բարձր տնտեսական աճ, սակայն միաժամանակ բարձր գնաճ։ Վերջինս հանգեցնում է արտաքին առևտրի հաշվեկշռի խախտման, իսկ զբաղվածության մակարդակը շարունակում է մնալ գերօրակարգային։ Համաձայն Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդոլոգիայի հրապարակած վերջին տվյալների՝ 2021 թ․ առաջին եռամսյակում Հայաստանում գործազրկության մակարդակը 17% է․ սա ԵԱՏՄ երկրների շաքում ամենաբարձր ցուցանիշն է։

  • Ինչպիսի՞ քաղաքականություն է վարվում ԿԲ-ի կողմից գնաճի տեմպերը զսպելու համար։

Գնաճի արդյունավետ կարգավորման ապահովման համար մեծ դեր ունի ԿԲ վարած դրամավարկային քաղաքականությունը։

Գնաճային նման զարգացումների ներքո ԿԲ-ն տարվա առաջին կեսին շարունակել է վարել դեռևս նախորդ տարվա դեկտեմբերից սկսած դրամավարկային պայմանների խստացման քաղաքականությունը՝ աստիճանաբար կրճատելով և չեզոքացնելով դրամավարկային խթանող դիրքը։ Ընդ որում՝ ելնելով առաջին եռամսյակի համեմատ երկրորդ եռամսյակում գնաճային ազդեցությունների ուժգնացումից՝ ԿԲ-ն առաջին եռամսյակում բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն ընդամենը 0.25, իսկ երկրորդում՝ 1.0 տոկոսային կետով։

  • Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկվեն պետության կողմից։ Ձեռնարկվո՞ւմ են արդյոք, թե՞ ոչ։

Կարևոր ենք համարում նշել, որ ՀՀ ԿԲ գործառույթների մեջ է մտնում համապատասխան կանխատեսումներ կատարելը և համարժեք գործիքակազմ կիրառելով ՝ գնաճը զսպելը։ ԿԲ-ն, սակայն, չի կարող ամբողջությամբ վերացնել բոլոր արտաքին ռիսկերը, որոնք տեղի են ունենում միջազգային շուկաներում։

2020 թ․-ի խոր տնտեսական անկման համեմատ՝ 2021 և 2022 թթ․-երին տնտեսական աճը որոշակիորեն վերականգնվել է։ 2022 թ․-ի 1-ին եռամսյակում փաստացի աճը կազմել է 8․6%, ինչը ավելի բարձր է քան Կենտրոնական Բանկի կանխատեսումներն էին։

Կարևոր է նաև նշել, որ ՀՆԱ մակարդակը չի կարող լրիվությամբ արտահայտել տնտեսական համակարգի իրական վիճակը, քանի որ այն, ըստ էության, քանակական ցուցանիշ է։ Դրա միջոցով հնարավոր չէ ստույգ պատկերացում կազմել բնակչության ընդհանուր բարեկեցության մասին։ Անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի որակական ցուցանիշներ, ինչպիսիք են՝

■ տնտեսական անվտանգության մակարդակը,

■ ինստիտուտների կայացման մակարդակը,

■ առողջապահության մակարդակը,

■ պարենային անվտանգության ապահովման մակարդակը,

■ քաղաքական ազատության և կայունության ապահովման մակարդակը,

■ գործազրկության և աղքատության կրճատման մակարդակը,

■ ֆիզիկական ենթակառուցվածքների ապահովման մակարդակը։

«Հայկական Ալիք»-ի խմբագրություն

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published.