Աշխարհում

Հնդկաստանն այս տարի առաջ կանցնի Չինաստանից

03 / 02 / 2023

Հնդկաստանն այս տարի առաջ կանցնի Չինաստանից՝ դառնալով աշխարհի ամենախիտ բնակեցված երկիրը: Այս մասին է գրում «CNN» պարբերականը: «Հայկական ալիք»-ը ձեզ է ներկայացնում հոդվածի թարգմանությունը:  

Հավանականությունը, որ Հնդկաստանը մի քանի ամսվա ընթացքում կհաղթահարի այս կարևոր նշագիծը, կտրուկ աճեց այն բանից հետո, երբ Չինաստանը հայտնեց, որ ավելի քան 60 տարվա ընթացքում առաջին անգամ իր բնակչությունը նվազել է 2022 թվականին:

Այս փոփոխությունը զգալի տնտեսական հետևանքներ կունենա ասիական երկու հսկաների համար, որոնցից յուրաքանչյուրում ապրում է ավելի քան 1,4 միլիարդ մարդ:

Բնակչության տվյալների հետ մեկտեղ Չինաստանը նաև գրեթե կես դարի ընթացքում տնտեսական աճի ամենավատ ցուցանիշներից մեկն է արձանագրել՝ ընդգծելով այն լուրջ մարտահրավերները, որոնց բախվում է երկիրը, քանի որ աշխատուժը նվազում է և կենսաթոշակառուների թիվը մեծանում է: Հնդկաստանի համար այն, ինչ տնտեսագետներն ու վերլուծաբաններն անվանում են «ժողովրդագրական դիվիդենդ», կարող է շարունակել պահպանել արագ աճը, քանի որ առողջ աշխատողների թիվը մեծանում է: Սակայն մտավախություն կա, որ երկիրը կարող է բաց թողնել այդ հնարավորությունը։ Դա պայմանավորված է նրանով, որ Հնդկաստանը պարզապես չի ստեղծում աշխատանքի հնարավորություններ աշխատանք փնտրող միլիոնավոր երիտասարդների համար, որոնք արդեն ամեն տարի մուտք են գործում աշխատաշուկա:

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) 2021 թվականի տվյալների համաձայն՝ հարավասիական երկրի աշխատունակ բնակչությունը կազմում է ավելիքան 900 միլիոն մարդ։ Հնդկաստանի կառավարության տվյալներով՝ հաջորդ տասնամյակի ընթացքում ակնկալվում է, որ այդ թիվը կգերազանցի 1 միլիարդը։ Սակայն փորձագետները զգուշացնում են, որ այս թվերը կարող են խոչընդոտ հանդիսանալ, եթե քաղաքական գործիչները բավարար քանակությամբ աշխատատեղեր չստեղծեն: Ներկայումս արդեն տվյալները ցույց են տալիս, որ հնդիկների մեծ մասը նույնիսկ աշխատանք չի փնտրում՝ հաշվի առնելով հնարավորությունների բացակայությունը և ցածր աշխատավարձը:

Հնդկաստանում զբաղվածության մակարդակը, այսինքն` ակտիվ աշխատուժի և աշխատանք փնտրող մարդկանց ցուցանիշը կազմել է 46%, ինչը, համաձայն Համաշխարհային բանկի 2021 թվականի տվյալների, Ասիայում ամենացածր ցուցանիշներից մեկն է: Համեմատության համար նշենք, որ նույն տարում Չինաստանի և Միացյալ Նահանգների ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 68% և 61%: Կանանց համար այս թվերն էլ ավելի մտահոգիչ են։ Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ Հնդկաստանում կանանց աշխատանքային զբաղվածության մակարդակը 2021 թվականին կազմել է ընդամենը 19%՝ 2005 թվականի մոտ 26%-ի համեմատ։

Ըստ Հնդկաստանի տնտեսության մոնիտորինգի կենտրոնի (CMIE)` Հնդկաստանում գործազրկության մակարդակը կազմել է 8,3%: Անցյալ տարվա վերջին ԱՄՆ-ում ցուցանիշը կազմումէր մոտ 3,5%:

Բոլորը ճարտարագետներ չեն

Բարձրորակ կրթության բացակայությունը Հնդկաստանում գործազրկության հիմնական պատճառներից մեկն է: Ըստ Հնդկաստանի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Չանդրասեկար Շրիպադայի՝ քաղաքական գործիչները «զանգվածային ձախողում են ունեցել կրթության մակարդակում»: Նա նշել է նաև, որ հնդկական ինստիտուտները շեշտը դնում են անգիր սովորելու, այլ ոչ թե ստեղծագործական մտածողության վրա: Ցածր կրթական մակարդակի ևաշխատատեղերի բացակայության այս թունավոր համակցության արդյունքում քոլեջների հազարավոր շրջանավարտներ, ներառյալ նրանք, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի և ավելի բարձր մակարդակ, հայտնվում են ցածր պետական ​​պաշտոններում, որտեղ ամսական 300 դոլարից պակաս են վճարում: «Լավ նորությունն այն է, որ քաղաքական գործիչները հասկացել են այս խնդիրը և հիմա սկսել են «խելամիտ կերպով ուշադրություն դարձնել հմտությունների ձևավորմանը», բայց դեռ տարիներ կանցնեն, մինչև նոր քաղաքականության ազդեցությունը տեսանելի լինի»,- ասել է Շրիպադան։

Ասիայի երրորդ խոշոր տնտեսությունը նույնպես պետք է ստեղծի ավելի շատ ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր՝ իր ամբողջական տնտեսական ներուժն իրացնելու համար: Կառավարության վերջին տվյալների համաձայն՝ Հնդկաստանի աշխատուժի ավելի քան 45%-ը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում։

Համաձայն «McKinsey Global Institute»-ի 2020 թվականի զեկույցի՝ երկիրը պետք է մինչև 2030 թվականը ստեղծի առնվազն 90 միլիոն նոր ոչ գյուղատնտեսական աշխատատեղեր, որպեսզի ներգրավեն նոր աշխատողներ: Փորձագետների կարծիքով՝ այդ աշխատատեղերից շատերը կարող են ստեղծվել արտադրության և շինարարության ոլորտներում:

Քանի որ Չինաստանի և Արևմուտքի միջև լարվածությունը մեծանում է, Հնդկաստանը որոշակի  առաջընթաց է գրանցել արտադրությունն ավելացնելու հարցում՝ գրավելով միջազգային այնպիսի հսկաների, որոնցից է, օրինակ, Apple-ը: Սակայն Համաշխարհային բանկի տվյալների համաձայն՝ գործարանները դեռ կազմում են Հնդկաստանի ՀՆԱ-ի միայն 14%-ը:

Ակնկալվում է, որ այս ֆինանսական տարվա համար, որն ավարտվում է մարտին, ՀՆԱ-ի կանխատեսվող աճը կկազմի 6,8%, և հարավասիական երկիրը կդառնա աշխարհի ամենաարագ զարգացող խոշոր տնտեսությունը: Սակայն Կենտրոնական բանկի նախկին աշխատակցի կարծիքով՝ նույնիսկ այդ աճը «բավարար չէ»: «Այսաճի մեծ մասը գործազրկության աճն է: Աշխատատեղերը, ըստ էության, թիվ մեկ մարտահրավերն են տնտեսության համար։ Մեզ պետք չէ, որ բոլորը լինեն ծրագրավորողներ կամ խորհրդատուներ, բայց մեզ պետք են արժանապատիվ աշխատատեղեր»,- անցյալ տարի «NDTV» մեդիա ընկերությանը տված հարցազրույցում ասել է Հնդկաստանի Պահուստային բանկի նախկին կառավարիչ Ռագուրամ Ռաջանը:

Ըստ Mckinsey-ի զեկույցի՝ «շահութաբեր և արդյունավետ զբաղվածության այս աստիճանի աճի համար հաջորդ տասնամյակում Հնդկաստանի ՀՆԱ-ն տարեկան պետք է աճի 8,0-8,5%-ով»:

Թարգմանությունը՝ Մարիամ Մարգարյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *