Նորություններ

ՀՀ-Հնդկաստան․ համանախագահությունից տնտեսական համագործակցություն

11 / 07 / 2022

Հուլիսի 8-ին «Արմենպրես» լրատվական գործակալությունը հարցազրույց էր արել ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալի հետ: Հարցազրույցի առանցքային կետերից են եղել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցը և Հայաստանն ու Հնդկաստանը կապող առևտրային ուղիները:

Կ․ Դեվալը շեշտել է, որ երկու երկրները շատ ոլորտներում փոխգործակցության մեծ ներուժ ունեն, հատկապես քաղաքական ասպարեզում, որն ընդլայնման կարիք ունի: Ըստ դեսպանի՝ երկու երկրները կարիք ունեն ամուր գործընկերություն ձևավորելու բոլոր հնարավոր ոլորտներում, որոնց շարքում կարևոր դեր ունի պաշտպանական ոլորտը:

Դեսպանը նշել է, որ հնդկական կողմի համար առաջին հերթին անընդունելի է ուժի սպառնալիքը: Դեվալը շեշտել է, որ պաշտոնական Դելին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափին` երեք համանախագահների (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան) հովանու ներքո, քանի որ այն միջազգայնորեն ճանաչված ձևաչափ է: Հնդկաստանն, իմիջիայլոց, մեկ անգամ չէ, որ հայտնել է իր հստակ դիրքորոշումն այս հարցում:

Անդրադառնալով տնտեսական ոլորտի հարցերին` դեսպանն ասել է, որ Հնդկաստանի և Հայաստանի միջև առևտրաշրջանառությունն այս պահին հասել է գրեթե 180 մլն ԱՄՆ դոլարի, ինչը, սակայն, բավարար չէ, հատկապես «երբ տեսնում ենք ճգնաժամը մերձավոր հարևանության մեջ, և մենք պատրաստ ենք առաջարկել մեր աջակցությունն ու ամեն տեսակի ապրանքները, որոնք կարող են օգտակար լինել Հայաստանի տնտեսության համար, ինչպես նաև մենք կցանկանայինք ավելի շատ հայկական ապրանքներ տեսնել հնդկական շուկայում, իսկ հիմա դրանք շատ քիչ են»:Այստեղ տեղին է հիշել ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ձգտումը` հայկական շուկան թուրքական ապրանքներով ողողելու` որպես միջոց իբր Հայաստանը տնտեսական շրջափակումից դուրս բերելու` միևնույն ժամանակ անտեսելով հայկական արտադրողների համար իսկապես բարենպաստ ազդեցության տեսլական պարունակող այլ շուկաները, որոնցից մեկն էլ հենց Հնդկաստանն է:

Խոսելով առևտրային ուղիների մասին` Կ․ Դեվալն ասել է, որ Հնդկաստանն անդամակցում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC), որն անցնում է Իրանի տարածքով և, արտահայտելով հնդկական կողմի դրիքորոշումը՝ նշել է. «Մենք կուզենք, որ Հայաստանն ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով Ինչ վերաբերում է «Պարսից ծոց-Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից… Ինչպես գիտեք, մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստն Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ: Մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը հնդկական ներդրումներով և մենք կցանկանայինք, որ Հայաստանն օգտագործի Չաբահարի նավահանգիստը՝ի շահ երկու երկրների: Եթե դուք օգտագործեք Չաբահարը այստեղից Սև ծովին միանալու համար՝ մենք ավելի քան ուրախ կլինենք Հնդկաստանի և Հայաստանի միջև ավելի շատ կապեր ունենալու համար»:

Այսպիսով, ակնհայտ է հնդկական կողմի շահագրգռվածությունը` Հայաստանի հետ բազմաթիվ ոլորտներում սերտորեն համագործակցելու: Եթե խոսելիս լինենք «դրական ազդակների» մասին, որոնք իրապես բխում են հայկական շահերից, ապա հնդկական կողմի այս ուղերձները հենց այդ շարքից են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է փաստն առ այն, որ Հայաստանն իսկապես մեծ ներուժ ունի տնտեսական ոլորտում մեծ առաջընթաց գրանցելու, սակայն ոչ ի հաշիվ թուրքական շուկայի էքսպանիսայի և «կոմունիկացիաների ապաշրջափակման», որ փաստացի Հայաստանի տոտալ շրջափակում է նշանակում: Ինչպես շեշտվեց վերոնշյալ մեջբերման մեջ, Հայաստանի առջև մեծ հնարավորություններ են բացվում Հյուսիս-հարավ ճանապարհի և Պարսից ծոց-Սև ծով միջանցքի շնորհիվ: Ինչպես ինքը դեսպան Կ․ Դեվալն էր նշել, Հայաստանը տարանցիկ երկիր է այս ճանապարհին, սակայն պոտենցիալ ունի ոչ միայն տարանցիկ երկիր դառնալու դեպի Եվրոպա տեղափոխվող ապրանքների համար, այլև ինքնուրույն ապրանքներ ներկրել ուղղակիորեն Հնդկաստանից և երթուղու վրա գտնվող այլ երկրներից՝ այդպիսով մեծացնելով իր ինքնուրույն աշխարհաքաղաքական կշիռը։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *