«Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը… կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Այս տողերով է սկսվում ՀՀ Անկախության հռչակագիրը: Այսօր` 31 տարի անց չկա այլևս վերամիավորման որոշումը, ավելին` չկա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որով փոխարինվեց վերամիավորման օրակարգը: Այսօր Արցախը կտրվում է մայր Հայաստանից և աստիճանաբար հանձնվում թշնամուն: Ավելին` այսօր թշնամին ներխուժել է ՀՀ սահմաններից ներս և օկուպացրել տարածքներ: Մի քանի տարի առաջ ո՞վ կպատկերացներ, որ թշնամին կհասնի Ջերմուկ կամ Վարդենիս:
31 տարի առաջ, երբ անկախություն էինք հռչակում, 29,800 քկմ-ը գոնե անձեռնմխելի էր: 31 տարի առաջ հայ ժողովուրդը, թե՛ Արցախում թե՛ ՀՀ-ում դրսևորեց կամք պայքարելու թշնամու դեմ, պայքարելու սեփական հողի վրա ապրելու իրավունքի համար: Այսօր, թվում է, թե բոլորս հուսահատ ենք և չենք պատրաստվում պայքարել:
Անկախության հռչակագրի 4-րդ կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գտնվում են նրա պաշտպանության և աջակցության ներքո: Հայաստանի Հանրապետությունը ապահովում է իր քաղաքացիների ազատ ու իրավահավասար զարգացումը` անկախ ազգությունից, ռասայական պատկանելությունից և դավանանքից»:
Այսօր այս տողերը կորցրել են իրենց ուժն ու այլևս ձևական բնույթ են կրում: Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս պաշտպանված չէ, հատկապես` իր պետության սահմանների ներսում: Այսօր հերիք չէ թշնամին ոտնձգություններ է կատարում ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ և մինչ օրս չի վռնդվել, երկրի ներսում տիրում է բացարձակ քաոս և ամենաթողություն: Այս տեսանկյունից այլևս արժեզրկված է նաև հռչակագրի 9-րդ կետը, որում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը իր տարածքում ապահովում է՝ խոսքի, մամուլի, խղճի ազատություն. օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների իրավահավասարություն, իրավապահ մարմինների և զինված ուժերի ապաքաղաքականացում»: Այսօր պետական համակարգն իր գործադիր և օրենսդիր ճյուղերով պարալիզացված է դե-ֆակտո իշխանությունների ձեռամբ: Դատական համակարգի խամաճիկացում, քաղաքական հետապնդումներ, քաղբանտարկյալներ, երկրում տարրական անվտանգային պայմանների բացակայություն` Սուրմալուի դեպքերն ու ահաբեկչության վերաբերյալ պարբերական ահազանգերի անվերջանալի շարքը վկա. սրանք բազմաթիվ օրինակներից մի քանիսն են ընդամենը: Իսկ դե-ֆակտո իշխանությունների վերաբերմունքն առ պետության քաղաքացիներ արտացոլող ամենավառ օրինակը, թերևս, այսօր Եռաբլուրում տիրող խայտառակությունն էր, երբ զոհվածների հարազատներին բերման էին ենթարկում ամենաստոր ձևով:
Այնուհետև 5-րդ կետն ասում է. «Հայաստանի Հանրապետությունը իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունը ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական վ հասարակական անվտանգության մարմիններ»:
Այսօր` 31 տարի անց, դե-ֆակտո իշխանությունները լծվել են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովող զինված ուժերի կազմալուծմանը` անցում կատարելով, այսպես կոչված, «պրոֆեսիոնալ բանակին»: Իսկ այժմյան պայմաններում բացակայում են նույնիսկ տարրական պայմանները` սկսած դիրքային կահավորումից, վերջացրած բանակի վերազինմամբ և վերականգնմամբ: Կարո՞ղ ենք ասել, որ դե-ֆակտո իշխանությունները միտումնավոր վտանգում են ՀՀ սահմանների անձեռնմխելիությունը. վստահաբար` այո: Իսկ ներքին զորքերը, ի դեմս` ոստիկաննների և ԱԱԾ-ի, դարձել են իշխանական խամաճիկների խումբ, որոնք զբաղված են դե-ֆատկո վարչապետի և նրա խունտայի անձնական անվտանգության ապահովմամբ:
Անմիջապես հաջորդ կետում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, վարում է անկախ արտաքին քաղաքականություն, անմիջական հարաբերություններ է հաստատում այլ պետությունների…հետ»:
Թվում է, թե «որպես միջազգային իրավունքի սուբյեկտ» նախադասությունից հետո այլևս չպետք է շարունակեինք, քանի որ այս տողն ինքնին արժեզրկվել է այսօր: Հայաստանն այսօր, ցավոք սրտի, հայտնվել է միջազգային իրավունքի օբյեկտի կարգավիճակում և այլևս անկախ արտաքին քաղաքականություն չի վարում: Ավելին` Հայաստանին թելադրվում է քաղաքական օրակարգ իր թշնամիների` Թուրքիայի և նրա հարավկովկասյան ադեպտ Ադրբեջանի կողմից: Դա հասկանալու համար մեծ ջանքեր չեն պահանջվում. բավական է միայն հետևել դե-ֆակտո իշխանությունների վարած քաղաքականությանը, որը բավարարում է լիովին թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը և հակասում հայկական շահերին:
Նմանատիպ արժեզրկված տողերից է նաև հետևյալ պարբերությունը. «Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութային կարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է»:
Այսօր, առավել քան ակնհայտ է, որ Հայաստանի հողը, ընդերքը, ջրային ռեսուրսները, մշակութային կոթողները ևս անցնում են թշնամուն` զրկելով ՀՀ բնակչությանը կենսական ռեսուրսներից և, ըստ այդմ, նաև ինքնավարությունից: Ռեսուրսային մակարդակում մեր թշնամիների նպատակն է դարձնել Հայաստանը կախյալ, հատկապես` էներգետիկ, ջրային ռեսուրսների և ընդերքի մասով: Եվ կարելի է ասել, որ դա նրանց մոտ աստիճանաբար հաջողվում է: Նախ, Ադրբեջանը խլեց մեզանից Արցախի հէկերը, որոնք ապահովում էին Հայաստանի էներգետիկ պահանջները: Հիմա էլ Թուրքիան է ամեն գնով փորձում հասնել նրան, որ փակվի Մեծամորի ատոմակայանը: Ժամանակավորապես օկուպացված տարածքներում շարունակում են պղծվել հայկական մշակութային կոթողները: Սակայն ինչն ավելի սարասափելի է, նույնը տեղի է ունենում նաև ՀՀ-ում, և դրա վառ օրինակներն են վանդալիզմի օրավուր աճող դեպքերը: Պղծվում են այն կոթողները, որոնք անմիջական կապ ունեն հայկական ինքնության հետ, իսկ մեղավորները շարունակում են մնալ անպատիժ:
Եվ վերջապես եկանք այն կետին, որից այսօրվա դե-ֆակտո իշխանությունները դիվահար են լինում ինչպես սատանան` խաչից: Հռչակագրի նախավերջին կետում ասվում է. «Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»:
ՀՀ դե-ֆակտո իշխանությունները ոչ միայն սատար չեն կանգնում ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլև պատրաստ են առհասարակ թերթել այդ էջը: Հայ-թուրքական հարաբերությունների, այսպես կոչված, կարգավորման կոնտեքստում այլևս չի տեղավորվում այս խնդրի լուծումը: Եվ քանի որ հարաբերությունների կարգավորումն «առանց նախապայմանների» է, այսինքն` առանց հայկական կողմի նախապայմանների, դե-ֆակտո իշխանությունները կատարում են միայն թուրքական կողմի կամքը` վերացնելով այդ իրողությունը դասագրքերից և չհիշատակելով անգամ այդ մասին: Այսպիսով, պատրաստվում է հայ ժողովրդի ցեղասպանության երկրորդ արարը:
Ինպես ակնհայտ է դառնում վերոնշյալից, Անկախության հռչակագիրը վերածվել է լոկ փաստաթղթի, ինչպես և ՀՀ անկախությունն է վերածվել լոկ ձևական շղարշի:
Սակայն մի բան է կարևոր հիշել. տարիներ առաջ, երբ մեր հայրերն ու պապերը ապրում էին այդ պատմական պահերը, ևս հեշտ չէր: Այն ժամանակ հայ ժողովուրդը, դեռ չանկախացած, ներքաշվել էր պատերազմի մեջ, վերապրել էր ավերիչ երկրաշարժ, իսկ երկրում սով էր, չկար լույս, ջերմություն: Իշխանություններն էլ մերօրյա դե-ֆակտո վարչախմբից քիչ բանով էին տարբերվում, քանի որ կրում էին նույն հանձնողական հայացքները, իսկ ժողովրդին մատնել էին սովի և ցրտահարության: Բայց անկախ ամեն ինչից, ազգային էլիտան գլուխ բարձրացրեց և իրավիճակն իր ձեռքը վերցրեց, պայքարեցինք և ունեցանք հաղթանակ: Հիմա կրկին հերթը ազգային էլիտայինն է, որպեսզի իր շուրջ համախմբի ժողովրդին, հույս արթնացնի և կանգնեցնի այս գահավիժումը:
Սյուզան Նաջարյան