Թարգմանություն

Չինաստանի միջուկային ներուժը գերազանցում է ԱՄՆ-ին

17 / 02 / 2023

ԱՄՆ Զինված ուժերը Կոնգրեսին տեղեկացրել են, որ Չինաստանն այժմ ունի հրթիռների արձակման ցամաքային ավելի շատ կայաններ (նախատեսված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար), քան ԱՄՆ-ը: Բանավեճի առիթ է դառնում այն, թե Վաշինգտոնն ինչպես պետք է արձագանքի Պեկինի միջուկային ներուժի զարգացմանը:

«Չինաստանի ցամաքում տեղակայված ֆիքսված և շարժական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների հրթիռակիրների թիվը գերազանցում է ԱՄՆ-ում եղածներին»,- այս մասին  հունվարի 26-ին Սենատի և Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի հանձնաժողովներին տեղեկացրել էԱՄՆ Ռազմավարական հրամանատարության ղեկավարը, որը վերահսկում է միջուկային ուժերը:

Այս լուրը հայտնվում է այն պահին, երբ ԱՄՆ-ը բախվում է Ռուսաստանի զգալի միջուկային ուժը, ինչպես նաև Չինաստանի աճող միջուկային զինանոցը զսպելու մարտահրավերներին: Ամերիկացի օրենսդիրները ներգրավված են ավելի թեժ բանավեճի մեջ, թե ինչպես կարելի է լավագույնս հակազդել Պեկինին՝ ներառյալ Պենտագոնի պատասխանը չինական հսկող օդապարիկին, որը վերջերս հատել էր ԱՄՆ օդային սահմանը և սավառնել Մոնտանայի վրայով, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմական միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների զինանոցի միմասը:

ԱՄՆ-ը, որն արդիականացնում է իր միջուկային զինանոցի բոլոր երեք՝ ցամաքային, ծովային և օդային բաղադրիչները, ունի շատ ավելի մեծ միջուկային ուժ, քան Չինաստանը:

Ըստ ԱՄՆ պաշտոնյաների և կառավարությունից դուրս փորձագետների՝ Չինաստանի հրթիռների արձակման ցամաքային կայաններից շատերը դեռևս բաղկացած են դատարկ բունկերներից: Ռազմավարական հրամանատարությունը նաև տեղեկացրեց Կոնգրեսին, որ ԱՄՆ-ն ունի ավելիշատ ցամաքային հրթիռներ (միջմայրցամաքային հեռահարության) և ավելի շատ միջուկային մարտագլխիկներ, որոնք տեղադրված են այդ հրթիռների վրա, քան Չինաստանը:

Ամերիկացի պաշտոնյաներն ասում են, որ հրամանատարության ծանուցումները չեն ներառում նաև սուզանավերից արձակված հրթիռները և հեռահար ռմբակոծիչները, որոնց թվաքանակով ԱՄՆ-ն ունի հստակ առավելություն:

Հանրապետական օրենսդիրները, սակայն, միջմայրցամաքային հրթիռների արձակման կայաններն անվանելով Չինաստանի հեռահար հավակնությունների մասշտաբ նշան, կոչ են անում ԱՄՆ-ին ընդլայնել իր միջուկային ուժերը՝ ռուսական և չինական ուժերին հակազդելու համար:

«Չինաստանն արագորեն հավասարվում է Միացյալ Նահանգներին:
 Մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Ժամանակն է, որ մենք կարգի բերենք մեր ուժերը և մեծացնենք այդ սպառնալիքին դիմակայելու հնարավորությունները»,- ասել է Ալաբամա նահանգի հանրապետական ​​պատգամավոր Մայք Ռոջերսը, որը նախագահում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Զինված ուժերի հանձնաժողովը: Ռոջերսն ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև կնքված պայմանագրով սահմանված հեռահար զենքերի սահմանափակումները, որը հայտնի է որպես «Նոր ՍՏԱՐՏ»` Ստրատեգիական զենքերի կրճատման պայմանագիր (New START- Strategic Arms Reduction Treaty), արգելում է ԱՄՆ-ին կառուցել իր զինանոցը՝ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու համար: Այդ համաձայնագիրը, որին Չինաստանը չի մասնակցում, նախատեսված է մինչև 2026 թվականը:

Սպառազինությունների վերահսկման կողմնակիցներն ասում են, որ Չինաստանի և Ռուսաստանիմիջուկային ուժերը գերազանցելու փոխարեն ԱՄՆ-ը կարող է ավելի շատ օգուտ քաղել ՝ փորձելով պահպանել Ռուսաստանի հետ պայմանագրային սահմանափակումները և փորձելով Պեկինին ներքաշել միջուկային զենքի վերահսկման քննարկման մեջ:

Նրանք նաև նշում են, որ ԱՄՆ-ն իրականացնում է միջուկային ուժերի լայնածավալ արդիականացում, որը Վաշինգտոնին հնարավորություն կտա ավելի շատ մարտագլխիկներ ավելացնել իր հրթիռներին և ռմբակոծիչներին, եթե Չինաստանի կողմից սպառազինությունների ավելացումը տեղի ունենա ավելի արագ, քան ակնկալվում է 2030-ականներին:

«Մեր ազգային շահերից է բխում ռուսներին «Նոր ՍՏԱՐՏ»-ի շրջանակներում պահելը: Ծրագրի համաձայն մենք պետք է ավարտին հասցնենք մեր միջուկային արդիականացումը, այլ ոչ թե նոր պահանջներ կուտակենք», – ասել է Սթենֆորդի համալսարանից Ռոուզ Գոթեմյոլերը, որը բանակցելէ ԱՄՆ-ի համար ուղենշային պայմանագրի շուրջ:

Ռոջերսը ծանուցման հարցը բարձրացրել է Ներկայացուցիչների Պալատի Զինված ու ժերի հանձնաժողովի լսումների ժամանակ՝ Չինաստանի և ԱՄՆ ազգային պաշտպանության թեմայով, որոնք հիմնականում կենտրոնացած էին Թայվանի, չինական հսկող օդապարիկի վերջին ներխուժման և այլ խնդիրների վրա:

Բայդենի վարչակազմը խոստովանել է, որ միջուկային զենք ունեցող հակառակորդների կողմից ստեղծված մարտահրավերները բարդ են, և նշել, որ ցանկանում է՝ ԱՄՆ-ը դրանք հաղթահարի՝ կիրառելով և՛ սպառազինությունների վերահսկման մեխանիզմները, և՛ արդիականացված միջուկային ուժերը:

«Մինչև 2030-ականները Միացյալ Նահանգներն իր պատմության մեջ առաջին անգամ կառերեսվի երկու խոշոր միջուկային տերությունների հետ՝ որպես ռազմավարական մրցակիցների և պոտենցիալ հակառակորդների», – ասվում է Պենտագոնի նախորդ տարվա քաղաքականության մշակման փաստաթղթում, որը հայտնի է որպես Միջուկային դիրքորոշման վերանայում (Nuclear Posture Review):

Վարչակազմի համար անմիջական մարտահրավերը «Նոր ՍՏԱՐՏ» պայմանագրի պահպանումն է: Բայդենի վարչակազմն անցյալ շաբաթ հայտարարեց, որ Մոսկվան խախտում է համաձայնագիրը՝ հրաժարվելով տեղում ստուգումներ իրականացնել։ Ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ Մոսկվան դեռևս շարունակում է պահպանել մարտագլխիկների, հրթիռների, ռմբակոծիչների և հրթիռակիրների սահմանափակումները:

Չինաստանի միջուկային հզորացումը մտավախություն է առաջացրել, որ վերջինս կարող է օգտագործել միջուկային էսկալացիայի սպառնալիքը՝ Վաշինգտոնին հետ պահելու համար, որպեսզի ճգնաժամի ժամանակ վերջինս չշտապի Թայվանին օգնել: ԱՄՆ-ը ձեռնպահ է մնացել Ուկրաինային հեռահար սպառազինություն տրամադրելուց կամ երկիր ամերիկյան ուժեր ուղարկելուց, քանի որ ցանկանում է խուսափել միջուկային զենք ունեցող Ռուսաստանի հետ ուղիղ բախումից:

Չինաստանի միջուկային ուժերի աճը նաև մեծացնում է ռիսկը, որ Պեկինի և Վաշինգտոնի միջև ցանկացած պոտենցիալ սովորական հակամարտություն կարող է վերածվել միջուկային հակամարտության, թեև Պենտագոնը հայտարարել է, որ Թայվանի շուրջ ռազմական առճակատումը մոտալուտ չի թվում: Չինաստանն ունի շարժական միջմայրացամաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված հրթիռակիրների շարժակազմ և մոտ 20 հեղուկ վառելիքով աշխատող բունկերներում տեղակայված հրթիռներ: Ըստ Պենտագոնի կառուցվում է ևս երեք բունկերային տարածք, որոնք նախատեսված են առնվազն 300 ամուր և ժամանակակից հրթիռների տեղակայման համար:

Հետազոտողները քննարկել են, թե արդյո՞ք Չինաստանը նախատեսում է լցնել բոլոր բունկերները միջուկային մարտագլխիկներ ունեցող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներով, արդյո՞ք դրանցից մի քանիսը կարող են դատարկ մնալ, թե՞ որոշները կարող են լցվել կոնվենցիոնալ սպառազինության համակարգերով:

Ամերիկացի գիտնականների ֆեդերացիայից Հանս Քրիստենսենն ասել է, որ կոմերցիոն արբանյակների միջոցով ստացված պատկերները չինական բունկերային տարածքներից որևէ ցուցում չեն տալիս, որ չինացի զինվորականները վերապատրաստվել են նոր միջմայրցամաքային հրթիռների հանքերը բեռնելու համար կամ վարժանքներ են անցկացնում բունկերային տարածքներում:

«Նրանք զգալի քանակությամբ բունկերներ են կառուցում, բայց մենք չգիտենք, թե քանի հրթիռ կամ մարտագլխիկ են պատրաստվում տեղադրել դրանց մեջ»,- ասել է Քրիստենսենը:

Այնուամենայնիվ, ԱՄՆ պաշտոնյաների մեծամասնությունը ենթադրում է, որ հաջորդ տասնամյակի ընթացքում բոլոր բունկերները կլցվեն միջուկային մարտագլխիկներ ունեցող միջմայրցամաքային հրթիռներով:

Չինաստանի միջուկային ծրագրերի վերաբերյալ աճող անորոշության պայմաններում Կոնգրեսն անցյալ տարի ընդունեց մի օրենք, որը պարտավորեցնում է Ռազմավարական հրամանատարությանը տեղեկացնել օրենսդիրներին, եթե Պեկինն ունենա ավելի շատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի բունկերներ, ավելի շատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կամ ավելի շատ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների մարտագլխիկներ, քան ԱՄՆ-ը:

Հրամանատարությունը Կոնգրեսին պատասխանել է ծանուցման գաղտնի և գաղտնազերծված տարբերակներով: Չգաղտնազերծված տարբերակում, որն ուղարկվել է Ռազմավարական հրամանատարության ղեկավար գեներալ Ջ. Էնթոնի Քոթոնի նամակում, զինվորականների կողմից գնահատակ չի տրվում, թե ինչպես Չինաստանը կօգտագործի բունկերները, կամ որքան արագ Պեկինը կարող է դրանք լցնել հրթիռներով:

Թարգմանությունը` Մարիամ Մարգարյանի

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *