Ինչպես գրել էինք ավելի վաղ, ուկրաինական հակամարտության ֆոնին Եվրոպան բաժանվել է «խաղաղության» և «արդարության» ճամբարների։ Առաջինի կողմնակիցները խաղաղություն են ուզում հիմա՝ նույնիսկ Ռուսաստանին ուկրաինական զիջումների գնով։ Արդարության ճամբարը կարծում է, որ միայն Ռուսաստանի բացահայտ պարտությունը կարող է խաղաղություն բերել։
Հունգարիան ուկրաինական հակամարտության դադարեցման առաջամարտիկներից է:
Նախ և առաջ հունգարական կառավարությունն արտակարգ դրություն հայտարարեց էներգետիկայի ոլորտում և արգելեց Հունգարիայից բոլոր տեսակի վառելիքի, այդ թվում՝ վառելափայտի արտահանումը։ Ապա Հունգարիայի խորհրդարանը կոչ արեց սահմանափակել Եվրախորհրդարանի լիազորությունները և առանձին պետություններին իրավունք տալ վետո դնել ԵՄ-ի այն որոշումների վրա, որոնք չեն համապատասխանում իրենց շահին: Հունգարիան պնդում է նաև, որ հակառուսական պատժամիջոցային քաղաքականությունը չի արդարացնում իրեն. «ԵՄ-ին անհրաժեշտ է նոր ռազմավարություն Ուկրաինայի հակամարտության համար»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, իսկ ԱԳՆ Պիտեր Սիյարտոն իր հերթին հայտարարել է, որ հրաժարվում է անգամ քննարկել «Գազպրոմի» և ընդհանրապես ռուսական գազի դեմ սահմանափակող միջոցները։ Այսկերպ Հունգարիան ցանկանում է մնալ հաջողված լոկալ բացառություն համաշխարհային ճգնաժամի ժամանակ, որը ազդելու է Եվրոպայի և Միացյալ Նահանգների վրա։ Այնուամենայնիվ, Հունգարիայի դժգոհությունները չեն սահմանափակվում տնտեսական դաշտում, քանի որ խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը որպես Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների բուն պատճառ անվանել է «ԱՄՆ-ի հակառուսական ռազմավարության իրականացման փորձը»։ Բացի այդ՝ Հունգարիան ստեղծել է պաշտպանության խորհուրդ Վ․ Օրբանի գլխավորությամբ՝ քաղաքական որոշումներ կայացնելու հատուկ լիազորություններով։
Եվրոպայից անջատման միտումը դրսևորվում է նաև եվրոպական արժեհամակարգից զատվելու և ազգային արժեքները պահպանելու ցանկությամբ. «Մենք պետք է հեռու մնանք պատերազմից, միգրացիայից, գենդերային խելագարությունից, համաշխարհային նվազագույն հարկից և համաեվրոպական անկումից»,- հավելել է Հունգարիայի վարչապետը։ Ընդ որում, Հունգարիան պատրաստակամություն է հայտնել նաև անհրաժեշտության դեպքում պաշտպանել Անդրկարպատյան հունգարացիներին և պատրաստել է «ռազմական արտակարգ իրավիճակների սցենարներ»։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտգործնախարար Պ․ Սիյարտոն՝ պատասխանելով հունգարական զորքեր Ուկրաինա տեղափոխելու հնարավորության մասին հարցին: «Առաջիկա դժվարին ժամանակաշրջանում մեր ազգային ձգտումները պահպանելու համար մենք պետք է միասին մնանք»,- եզրափակել է Վ․ Օրբանը։
Սրանք, սակայն, Հունգարիայի կողմից միակ կոշտ դիրքորոշումները չեն։ Պ․գ․թ․ քաղաքագետ Վադիմ Տրուխաչյովը ВЗГЛЯД ամսագրին տված հարցազրույցում անդրադառնում է Հունգարիային՝ որպես անկախ քաղաքականության մոդել Եվրոպայում: Հեղինակը նշում է, որ «հունգարական իշխանություններն արել են մի շարք հայտարարություններ ու գործողություններ, որոնք միանշանակ չեն տեղավորվում ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի ներկայիս հակառուսական և ուկրաինամետ կուրսի մեջ: Նման քայլերը զարմանալի են թվում, քանի որ Հունգարիան ամենևին էլ Եվրոպայի ամենամեծ և ամենահարուստ երկիրը չէ։ Այն մեծապես կախված է համաեվրոպական հիմնադրամներից ստացված եկամուտներից, և մի գլուխ ավելի աղքատ է, քան թեկուզ նույն Չեխիան: Բացի այդ՝ այն չունի ելք դեպի ծով։ Վերջապես մեր առջև ամենևին էլ Սերբիան չէ՝ իր բառացիորեն «բնածին» ռուսասիրությամբ։ Ռուս-հունգարական և խորհրդա-հունգարական հարաբերությունները լավագույնը չէին»։ Հեղինակը առանձնացնում է մի քանի կետեր՝ որպես Հունգարիայի վարքագծի բացատրություն։ Ստորև շարադրում ենք նաև դրանք.
- Այս վարքագծի առաջին բացատրությունն առանձնահատուկության զգացումն է: Հունգարացիները ժամանակակից Եվրոպայի միակ ժողովուրդն են, որոնց նախնիները եղել են քոչվորներ: Այս տարանջատման հետևանքը հունգարացիների համեմատաբար թույլ «ներգրավվածությունն» է ընդհանուր եվրոպական տանը:
- Երկրորդ հատկանիշը անկախության ձգտումն է և ինքնուրույն որոշումներ կայացնելու ցանկությունը:
- Երրորդ հատկանիշը հունգարական պետության ու հասարակության պահպանողականությունն է:
- Այս ամենից բխում է չորրորդ հատկանիշը. եթե խնդիրներ կան ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ապա Հունգարիայի քաղաքականությունը դառնում է բազմավեկտոր։ Այստեղից էլ Վ․ Օրբանի պատրաստակամությունը՝ զարգացնելու հարաբերությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Չինաստանի հետ:
- Վերջապես Հունգարիայի հինգերորդ հատկանիշը պառակտված ժողովրդի սինդրոմն է: Սկզբունքորեն այս վերջին կետը բավական է Ուկրաինայի «փրկությանը» մասնակցելուց հրաժարվելու համար։ Բայց քանի որ Հունգարիայի ձեռքերը հասնում են նաև այլ հարցերի, մյուս չորսը նույնպես ուժի մեջ են մտնում։