Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը ադրբեջանական «Report» գործակալությանը տված հարցազրույցում ասել է.
«…Ի սկզբանե Հայաստանը փորձել է Ղարաբաղյան հարցը ներառել խաղաղության համաձայնագրի մեջ, սակայն նման մոտեցումն անընդունելի է Ադրբեջանի համար։
Ղարաբաղում բնակվող հայ բնակչության իրավունքների և անվտանգության հարցը բացառապես Ադրբեջանի ներքին գործն է, և Ադրբեջանը չի քննարկի իր ինքնիշխանության հետ կապված հարցեր որևէ երրորդ կողմի, այդ թվում ՝ Հայաստանի Հանրապետության հետ։
Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է։ Ադրբեջանի համար Ղարաբաղյան հարցը դուրս է եկել միջազգային օրակարգից։ Պատահական չէ, որ Բրյուսելի, Մոսկվայի, Պրահայի, Սոչիի հանդիպումներում ընդունված փաստաթղթերում Ղարաբաղի մասին հիշատակում չկա։
Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության հարցը կլուծվի Ադրբեջանի սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Նրանց համար հատուկ արտոնություններ չեն նախատեսվում։ Ինչպես արդեն ասացի, այս հարցը ոչ մի կապ չունի Հայաստանի և այլ երկրների հետ։
Հենց այս կոնտեքստով է Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման հարցը քննարկվել ինչպես Բրյուսելի բանակցություններում, այնպես էլ անցյալ տարվա սեպտեմբերին Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։
Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային որևէ մեխանիզմի ստեղծման մասին խոսք լինել չի կարող, մենք երբեք դրան չենք համաձայնել։ Այս առումով Հայաստանի հայտարարություններում ոչ մի տրամաբանություն չկա, դրանք ուղղված են արհեստական լարվածության ստեղծմանը»:
Հիշեցնենք, որ ընդամենը օրեր առաջ ադրբեջանական կողմի ագրեսիայի հետևանքով Արցախում ունեցանք 3 զոհ և 1 վիրավոր: Նման դեպքերը, գազամատակարարման անջատումները և ադրբեջանական կողմից իրականացվող ագրեսիվ և հայատյաց քաղաքականության այլ դրսևորումներ կարմիր ազդանշան և ապացույցն են այն բանի, թե ինչպես կվարվի Ադրբեջանը Արցախում բնակվող հայերի հետ, եթե Արցախն ամբողջությամբ հայտնվի Ադրբեջանի կազմում:
Իսկ Արցախում բնակվող «հայերի իրավունքների և անվտանգության» վերաբերյալ դե-ֆակտո իշխանությունների անատամ թեզերը հերթական անգամ բախվեցին ադրբեջանական ծավալապաշտությանը և պարզապես փշուր-փշուր եղան: Սարսափելի է նույնիսկ պատկերացնել, թե ինչ իրավիճակում կհայտնվի արցախահայությունը դեպքերի նման զարգացման պարագայում, երբ մի կողմից ՀՀ դե-ֆակտո իշխանությունների քաղաքական ապիկարությունն ու թրքամետությունն է, մյուս կողմից` Ադրբեջանի ագրեսիվ, հայատյաց քաղաքականությունը: