Հայաստանի կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ չի հիշում, որ 2020 թ․-ի դեկտեմբերին Սյունիքի մարզից տարածքներ են զիջվել թշնամուն։ Այնուհետև հավելեց, որ չի հիշում, որովհետև նման բան ընդհանրապես տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ 2022 թ․-ի հունվարի 11-ին ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հերթական անգամ հայտարարել էր, որ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում հայ զինվորներն իրենց զբաղեցրած դիրքերից հետ են քաշվել ոչ թե բանավոր, այլ գրավոր փաստաթղթի հիման վրա, որը ՀՀ դե-ֆակոտ վարչապետի հրահանգով ստորագրել է պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։ Գ․ Մանուկյանն իր ելույթում նշել էր․«Մի քանի շաբաթ առաջ բազմաթիվ հարցումների հիման վրա պարզ դարձավ, որ, հակառակ իշխանությունների մեկ տարվա պնդմանը, Սյունիքում ՀՀ ԶՈՒ-ն հետ է քաշվել, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը թշնամուն է հանձնվել ոչ թե ինչ-որ բանավոր պայմանավորվածությունների, հանգամանքների պարտադրանքով, այլ դավադիր հուշագրի հիման վրա»։
Արդեն նիստի ավարտից հետո խորհրդարանում լրագրողները Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ինչ փաստաթղթի մասին է խոսքը։ «Այս մասին պարոն Մանուկյանն արդեն որերորդ անգամ խոսում է։ Որևէ մեկն այդ ամենը չի հերքում, պարոն Մանուկյանն էլ հստակ ասաց»,- նշել է Արման Սարգսյանը:
Այսպիսով՝ ՀՀ դե-ֆակտո իշխանություններն իրենք են խոստովանել, որ գրավոր պայմանավորվածությամբ սյունիքյան տարածքներ են հանձնել թշնամուն, իսկ կադաստրի կոմիտեի նախագահը, անտեղյակ դրանից, հերքում է երկրի քաղաքական ղեկավարության հաստատածը։