«-Ախր, գիտեի, որ դրանք ազգ չեն, ապրելու իրավունք չունեն,-կերկերաց Էնվերի ձայնը,-սնկի նման ինչքան գլուխները կտրում ես, էնքան բազմանում են։ Ես քո հախից կգամ Յաղուբ Տյուրյա (Հակոբ Մելքումյան-խմբ․),- ցասումով ոռնաց նա,-քեզ իմ ձեռքերով ցցի կնստեցնեմ»։
Սակայն իրականությունը եղավ ոչ այնպես, ինչպես նախատեսում էր Էնվերը։ Մելքումյանն ինքը ոչնչացրեց ոճրագործին։
Վրիժառու Հակոբ Մելքումյանը (Մելքումով) ծնունդով Արցախից էր՝ Խերխան գյուղից։ Գրող Հայկ Հայրպետյանի հետ զրույցներում Հակոբ Մելքումյանը պատմել է․ «Էնվերը բասմաչների շարքային հրամանատար չէր: Գերմանիայում ստացած ռազմական կրթությունը, իմպերիալիստական պատերազմի մարտական փորձը և, վերջապես, իր զորքի քանակական գերազանցությունը նրան վտանգավոր հակառակորդ էր դարձնում: Նրա դրոշի տակ 17000 ընտիր հեծյալներ էին, իսկ ես ունեի 1500 հեծյալ և 800 հետևակային: Հակառակորդի քանակական գերազանցության գործոնը չեզոքացնելու համար վճռեցի անակնկալ հարձակվել լուսաբացին: Մշուշի քողով ծածկված մենք աննկատ ընդհուպ մոտեցանք հակառակորդին: Հենց այդ ժամանակ շտաբից ծրար հասցրին: Ճակատի հրամանատարը գրում էր. «Մոսկվան` ի դեմս Լենինի և Տրոցկու, պնդում է Էնվերին կենդանի բռնել: Պատասխանատվությունը դնում ենք հրամանատար Մելքումովի վրա»: Ծրարը վերադարձրի և զգուշացրի. «Դուք ինձ չեք գտել»: Տեղնուտեղը կանչեցի հետախուզության հրամանատար Սարուխանովին և հայերեն ասացի. «Էնվերն ինձ պետք է միայն մեռած»: Իմ հրամանով հրետանին կրակ բացեց: Կոտորածը դաժան էր: Թշնամին չդիմացավ: Էնվերն առանց խալաթի և ոտաբոբիկ փախավ լեռները: «Չես փախչի, արյունարբու, քո խղճին իմ ժողովրդի արյունն է»,- երդվեցի ես: 25 վերստ մենք նրան հետապնդում էինք, հասանք Չեգեն ղշլաղի փողոցները: Մենք սպանեցինք ոչ թե իսլամի բանակների գլխավոր հրամանատարին, այլ պարզապես դահիճ Էնվերին: Նրա անձնական կնիքը՝ «Իսլամի բոլոր զորքերի գերագույն գլխավոր հրամանատար, խալիֆի փեսա և Մուհամեդի տեղապահ», այսպես էր ստորագրում Էնվերը, վերցրի ես, իսկ անձնական Ղուրանը և ոսկեզօծ խալաթը հանձնեցի իշխանություններին: Հատուցումս անխուսափելի էր»։
Թուրքն ի՞նչ է անում, երբ չի կարողանում հաղթել թշնամուն։ Դիմում է խարդավանքի, նենգադավության։ Նույնն Էնվերն արեց մինչ հերոսի ձեռքով սպանվելը։ Նստեց, իր ձեռքով գրեց.
«Հեծյալ բրիգադի հրամանատար Մելքումովին.
Անչափ գոհ եմ քո մատուցած ծառայություններից, շարունակիր բթացնել ռուս հրամանատարների զգոնությունը։ Քո հետագա առաջադրանքները գրաբերս բանավոր կհայտնի։
Իսլամական զորքերի գլխավոր հրամանատար՝ Էնվեր»։
Նա երկտողը քառատակ ծալեց, կանչեց մի դեհկանի, հանձնարարեց.
-Այս նամակը Յաղուբ Տյուրյային կտանես, բայց այնպես կանես, որ քեզ բռնեն, խուզարկեն, գտնեն։ Մի՛ վախենա, բան չեն անի։
Զորամիավորման հատուկ բաժնի աշխատակիցները, երբ շտաբում օտար դեհկանի տեսան ու իմացան, որ ուզում է անձամբ բրիգադի հրամանատարի հետ հանդիպել, կասկածեցին։ Մեկուսացրին, հայտնաբերեցին նամակը, գլխավոր հրամանատարին՝ Կակուրինին հանձնեցին։ Նա կարդաց, գլուխն օրորեց՝ Մելքումովից դավաճանություն չէր սպասում: Տաշքենդ՝ ռազմաճակատի հեղափոխական խորհրդին ուղարկեց։ Մի քանի օր անց զորամասերի հրամանատարների խորհրդակցություն հրավիրվեց.
-Բավական է սիրաշահենք Էնվերին,-հոնքերի տակից խիստ Մելքումյանին նայելով` ասաց նա,-պետք է հուլիսի 18-ից լեռնանցքներում հենակետեր ստեղծել, աննկատ շրջափակել զորաբանակն ու ոչնչացնել։
-Այսօր հուլիսի 14-ն է, ինչո՞ւ չորս օր սպասենք,-տեղից ձայնեց Մելքումյանը,-բացի դրանից Էնվերի ոհմակը պետք է վերացնել ոչ թե շրջափակումով ու դարանակալումով, այլ շեշտակի հարձակումով։
-Ես մերժում եմ ձեր առաջարկը, ընկե՛ր Մելքումով,-ցուցափայտը քարտեզակալին շրխկացրեց գլխավոր հրամանատարը։
Մելքումյանն անակնկալի եկավ:
-Ինչո՞ւ։
-Որովհետև ձեզ չեմ վստահում։
Տաշքենդից հատուկ եկել, խորհրդակցությանը մասնակցում էր ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը։ Կակուրինի վերջին խոսքերը լսելով` նա աննկատ դուրս եկավ սենյակից, իսկ քիչ անց կապավորը ներս մտավ, զեկուցեց.
-Հանրապետության զինված ուժերի գլխավոր հրամանատարը՝ Սերգեյ Սերգեևիչ Կամենևը հեռակապի մոտ է հրավիրում ընկեր Մելքումովին։
-Ո՞ւմ,-տեղից ցատկեց Կակուրինը։
-Յակով Արկադևիչին,-հանգիստ պատասխանեց կապավորը։
Յաղուբ Տյուրյանը (Հակոբ Մելքումյան) գաղտնի բաժին մտավ։ Հեռակապը նույն ակնթարթին չխկչխկաց. «Հրամայում եմ Ձեզ վաղը ևեթ՝ հուլիսի 15-ին, Ձեր բրիգադի գնդերով, Ձեր ընդհանուր հրամանատարությամբ վճռական հարձակման անցնել, ոչնչացնել Էնվեր փաշայի ոճրախմբերը»։
Ռազմահեղափոխական խորհրդի անդամ Բատուրինը Մելքումյանցի թիկունքից կարդում էր հաղորդագրությունը։ Երբ հեռակապը լռեց, ձեռքը ուսին դրեց, ժպտաց.
-Դե՛, քեզ տեսնեմ, Արարատի արծիվ, ինձ ամոթով չթողնես․․։
Վերջիվերջո, 1922 թ.-ի օգոստոսի 4-ին ոճրագործ Էնվեր փաշան սպանվեց Հակոբ Մելքումյանի ձեռքով:
… Հակոբ Մելքումյանն այդ ժամանակ Թուրքեստանի ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալն էր, ամառային արձակուրդին էր սպասում, որ կնոջը՝ Ֆրանուլին, զավակներին՝ Էդիկին ու Էլյային Ղարաբաղ տանի… Եվ այնուամենայնիվ վրա հասան Էնվերի մշակած դավադրության հետևանքները:
1940 թ. ապրիլին «Ռազմա-ֆաշիստական դավադրությանը» մասնակցելու մեղադրանքով դատապարտվել է գնդակահարության՝ Միջինասիական ռազմական օկրուգի զինվորական տրիբունալի կողմից։ Վերջում, այնուամենայնիվ, հաշվի առան, որ Կարմիր դրոշի չորս շքանշան ունի, գնդակահարության պատիժը փոխարինվեց 15 տարվա ազատազրկմանբ և 5 տարով քաղաքացիական իրավունքներից զրկմանբ։ 1954 թ. ազատ է արձակվել և 1955-ին` ռեաբիլիտացվել։
Հեղ.` Մարիամ Մարգարյան