Նորություններ

Թուրքական ծավալապաշտությունն այս անգամ Էգեյանում

25 / 07 / 2022

«Ազգայնականության վտանգավոր աճը բավականին նկատելի է Թուրքիայի կառավարական և ընդդիմադիր շրջանակների հռետորաբանության մեջ` ուղղված Հունաստանին: Իսկ այժմ այն հղի է վտանգներով տարածում գտնելու նաև ողջ թուրքական հասարակության մեջ»,- այսպիսի կարծիք է հայտնել Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը` «Kathimerini» պարբերականին տված հարցազրույցում, որը լույս է տեսել հուլիսի 24-ին[1]:

Հարցազրույցում նախարարն անդրադարձել է մի շարք հարցերի` ռուս-հունական, հույն-թուրքական հարաբերություններին, ԱՄՆ-ի հետ համագործակցությանն ու Հունաստանի արտաքին քաղաքականությանը: Այս կետերից հատկապես ուշագրավ է հույն-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Ն. Դենդիասի արված մեկնաբանությունները, որոնք կներկայացնենք ստորև:

Անդրադառնալով Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի վերջերս ցուցադրած քարտեզին, որտեղ Էգեյան ծովի հունական կղզիները, այդ թվում` Կրետե կղզին պատկերված են որպես թուրքական տարածքներ, նախարարն ասել է. «Արտաքին գործերի նախարարությունն ու, իհարկե, (Հունաստանի) վարչապետն (Կիրիակոս Միցոտակիսը) արդեն արտահայտել են տեսակետ Բահչելիի քարտեզի վերաբերյալ: Այլ հանգամանքներում մենք կկոչեինք սա երևակայական և զվարճալի: Բայց գերիշխող այս մթնոլորտի կոնտեքստում սա դառնում է մտահոգիչ և վտանգավոր` հատկապես, երբ արվում է (թուրքական) կառավարական կոալիցիայի գործընկերոջ կողմից: Նա գործում է հարևան երկրում ազգայնական հռետորաբանության սրացման շրջանակներում, որն ուղղված է մեր երկրի դեմ: Հռետորաբանության, որը չի սահմանափակվում կառավարական շրջանակների մի մասով, այլ, ըստ ամենայնի, փոխառվում է նաև ընդդիմության կողմից: Մեր գնահատմամբ, այս հռետորաբանությունը փոխկապակցված է 2023 թ.-ի ընտրությունների նախօրեին Թուրքիայի ներսում առաջացող բևեռացման հետ»:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Բահչելին այցելել է արմատական ​​թուրք ազգայնականների «Գորշ գայլեր» խմբավորման շտաբ, որտեղ նրան ներկայացրել են Էգեյան ծովի քարտեզով մի տախտակ, որտեղ կարմիր գույնով ներկայացված են հունական կղզիները՝ որպես Թուրքիայի մաս։ Բահչելին այս քարտեզով հրապարակային լուսանկար է արել։ Այս դեպքն արժանացել է հունական դիվանագիտական ներկայացուցչությունների խստիվ դատապարտմանը` որպես ագրեսիայի ակտ:

Շարունակելով թեման` նախարարը հավելել է. «Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ խնդիրը հույն-թուրքական հարաբերություններում հարևան երկրի նախագահն է, և եթե նա հեռանա ասպարեզից, ապա մարտահրավերները հրաշքով կանհետանան: Խնդիրը անձնական չէ և չի եղել: Ազգայնականության աճն այժմ սպառնում է տարածվել նաև թուրքական հասարակության մեջ, որի մեծամասնությունը բարյացակամորեն է տրամադրված եղել մեր երկրի նկատմամբ: Սա ոչ այնքան վաղեմի փոփոխություն է, որն իր արտացոլումն է գտել նաև հետազոտություններում»:

«Չնայած մթնոլորտի փոփոխությանը, որի ականատեսն ենք մենք, ես կարծում եմ, որ թուրքական հանրության մեծ մասն առաջվա պես անհամբերությամբ սպասում է եվրոպական ապագայի (իր երկրի համար)»,- շարունակել  է Դենդիասը: «Սակայն այժմյան պայմաններում չկա հնարավորություն երկկողմ հարաբերությունների էական բարելավման համար: Միևնույն ժամանակ, թուրքական ռևիզիոնիզմը մշտապես նոր տեսություններ է հորինում։ Դիրքորոշումները, որոնք ի սկզբանե ներկայացվել են որպես ծայրահեղ և զվարճալի, աստիճանաբար դառնում է թուրքական պետության պաշտոնական դոկտրինի մաս։ Այդպիսիք են, օրինակ, «Կապույտ հայրենիքը» (կղզիների պատկանելության թուրքական դոկտրինան, մայրցամաքային շելֆի և Էգեյան ծովի ջրային ավազանի  հսկայական մասի վերաբերյալ)», կապը (հունական) կղզիների ինքնիշխանության և ապառազմականացման միջև: Սակայն դրական է այն փաստը, որ նույնիսկ մեր  ամենաթերահավատ դաշնակիցներն ու գործընկերներն ընդունում են թուրքական պահանջների անհեթեթությունն ու անընդունելիությունը: Ես տեսնում եմ դա ամեն անգամ, երբ ցույց եմ տալիս վիճելի քարտեզն իմ գործընկերներին, որոնք գիտակցում են թուրքական դիրքորոշման անհեթեթությունը»:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել թուրքական պաշտոնյաների այն հայտարարությունները, որոնցում վերջիններս մեղադրում են Հունաստանին երկերեսանիության մեջ, քանի որ Թուրքիայի ռազմաօդային ուժերը սովորական են վերաբերում հունական ռազմական ավիացիայի թռիչքներին Թուրքիայի տարածքով, նախարարն ասել է. «Թուրքական սադրանքներն անցնում են ոչ միայն միջազգային նորմերի սահմաններն, այլև տրամաբանության: Մշտապես գործելով հանգիստ և վճռական` վերջերս մենք ակտիվացրել ենք դաշնակիցներին, գործընկերներին և միջազգային հանրությանն իրազեկելու մեր արշավը: Քանի որ արդեն շոշափել ենք օդային տարածքի խախտման և (ինքնաթիռների) թռիչքների թեման, եկե՛ք խոսենք թվերով: Մինչ հունիսի 30-ը (այս տարվա սկզբից) թուրքական ռազմաօդային ուժերը կատարել են (հունական օդային տարածքի) 3954 խախտում և 136 թռիչք Հունաստանի տարածքով: Այլ մեկնաբանության կարիք չկա»:

Նախարարն ընդգծել է, որ Հունաստանն անկեղծորեն ցանկանում է Անկարայի հետ հաղորդակցության բաց ուղիներ ունենալ։ «Մենք շարունակում ենք ակնկալել կառուցողական երկխոսություն, մենք կարծում ենք, որ լուծում կա, և դա հնարավոր է: Սակայն այս լուծմանը հասնելու համար Թուրքիան պետք է դադարեցնի միջազգային իրավունքի և ծովային իրավունքի հիմնարար նորմերի խախտումը։ Մենք ոչ մի անիրատեսական բան չենք խնդրում։ Մենք խնդրում ենք Թուրքիային կյանքի կոչել այն սկզբունքներն ու արժեքները, որոնք պետք է հարգվեն բոլոր պետությունների կողմից, որոնք ստորագրել են ՄԱԿ-ի կանոնադրությունը, ՆԱՏՕ-ի պայմանագիրը և հույս ունեն միանալ ԵՄ-ին»,- ասել է Ն. Դենդիասը։

Հունաստանի ԱԳ նախարարի խոսքերը ևս մեկ անգամ ապացուցում են, որ թուրքական ծավալապաշտական քաղաքականությունը դավադրապաշտության ժանրից չէ և որ այն սպառնում է Թուրքիային հարևան բոլոր պետություններին: Հայաստանը ևս զերծ չէ այս վտանգից և ոչ վաղեմի անցյալում զգացել է կրկին թուրքական ցեղասպան և զավթողական քաղաքականության հետևանքները 44-օրյա պատերազմի ընթացքում, որի ժամանակ ՀՀ դե-ֆակտո վարչապետը չխորշեց նշել, որ Թուրքիան վերադարձել է տարածաշրջան` շարունակելու ցեղասպան քաղաքականությունը[2]: Սակայն այսօր վերջինս շտապում է «առանց նախապայմանների» մերձենալ Թուրքիայի հետ: Հունաստանի օրինակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ թուրքական կողմը ներկայացնում է նախապայմաններ անխտիր կերպով բոլորին, սակայն ոչ բոլոր պետություններն են պատրաստ զոհաբերելու իրենց կենսական շահերը` թուրքական պահանջները բավարարելու համար:

 

[1] Ο Ν. Δένδιας στην «Κ»: Ελπίζω σε βελτίωση μετά τις εκλογές στην Τουρκία, https://www.kathimerini.gr/opinion/interviews/561970189/o-n-dendias-stin-k-elpizo-se-veltiosi-meta-tis-ekloges-stin-toyrkia/ (հղվել է 25.07.2022 թ.).

[2] Վարչապետ․ Թուրքիան վերադարձել է ցեղասպանությունը շարունակելու, https://hayaliq.com/erdoganpashinyanphonecall/(հղվել է 25.07.2022 թ.):

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *