
Ռուսական «Профиль» ամսագրում 2022 թ. հունիսին հրապարակվել էր «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն, միջազգայնագետ Տիմոֆեյ Բորդաչյովի հոդվածը, որը նվիրված է Մեծ Բրիտանիայի՝ մեր օրերում ունեցած աշխարհաքաղաքական դերին և դիրքավորմանը։ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականի ֆոնին այն ունի նոր արդիականություն։ «Հայկական ալիք»-ի խմբագրությունը ներկայացնում է դրա հայերեն թարգմանությունը
Եթե աշխարհում գոյություն ունի պետություն, որի ինքնին գոյությունը հանճարի և չարագործության պուշկինյան երկընտրանքի պատկերավոր օրինակ է, ապա դա, իհարկե, Բրիտանիան է։ Նրա առաջնորդների էքսցենտրիկությունը և կլոունադան միայն ընդգծում են, թե որքան ամուր պետականություն և տաղանդավոր ժողովուրդ է կանգնած մայրցամաքային Եվրոպայի չափանիշներով անպատշաճ այս ամբողջ քաղաքական կրկեսի հետևում։ Այս հենքի շնորհիվ՝ այնպիսի կերպարներ, ինչպիսիք են Բենջամին Դիզրայելին, Ուինսթոն Չերչիլը, կամ մեր ժամանակակից Բորիս Ջոնսոնը, ձեռք են բերում պատմական չափերի պետական գործիչների կարևորություն։
Ինչ-որ իմաստով Բրիտանիան, իրոք, իրենից ներկայացնում է էգոիստ պետության արքետիպ՝ Լևիաթան (օրինաչափ է, որ քաղաքական փիլիոսոփայության համանուն երևելի ստեղծագործությունը պատկանում է անգլիացի Թոմաս Հոբսի գրչին)։ Դժվար է միջազգային քաղաքականության մեջ գտնել տերություն, որը այսքան չարիք է բերել մնացած մարդկությանը։ Նրա ամբողջ պատմությունը պատերազմների ու դավադրությունների անվերջանալի շարք է, որոնք հետապնդում են մեկ նպատակ՝ անձնական օգուտի ստացում։ Սակայն նույն այդ պատմությունը տալիս է ապշեցուցիչ հնարանքների, ստեղծարարության և ամենահուսահատ արկածախնդրությունների ընդունակ լինելու օրինակներ։
Գաղութային կայսրություն, որը իր ընդարձակման ճանապարհին կործանել է ոչ միայն մի քանի հզոր հնագույն քաղաքակրթություններ, այլև միանգամայն կայացած ժողովրդական դեմոկրատիաներ, ինչպիսիք են Հարավային Աֆրիկայի բուրական հանրապետությունները, Ռուսաստանի և առհասարակ մայրցամաքային Եվրոպայի հավերժական և անհաշտ թշնամի, որը ձգտում է քաոս ստեղծել ամենուրեք, որտեղ չի տարածվում բրիտանական թագի իշխանությունը․ Անգլիայի և անգլիացիների մեղքերի թվարկումը կարելի է անվերջ շարունակել։ Սակայն միևնույն ժամանակ հենց բրիտանացիներին են պատկանում տեխնիկական և, որ ամենակարևորն է, հասարակական մտքի այն ձեռքբերումների ահռելի մասը, որոնք առաջ են մղում մարդկությանը։
Հավանաբար, հենց այդ պատճառով Բրիտանիային հաջողվել է ջրից գրեթե չոր դուրս գալ բոլոր բարդ իրավիճակներից, որոնց հետ անխուսափելիորեն բախվում է երկար ժամանակ բացառապես էգոիստական վարքագիծ ցուցաբերող պետությունը։ Այդ պատմական փորձի վրա է հիմնած բրիտանական էլիտայի վարքագծային մոդելը, որը, գերմանացի մի հրապարակախոսի դիտարկմամբ, ընդունակ է ասելու և անելու ցանկացած անհեթեթություն՝ մնալով վստահ, քանի որ նրան ամեն բան կներվի։ Թեպետ, վիճելի է՝ այդպես է, թե՝ ոչ․ վերջին 100 տարվա ընթացքում երբեմնի համաշխարհային կասրություն Բրիտանիան վստահորեն շարժվում էր «Ատլանտիկայում Սինգապուր» դառնալու ուղղությամբ։ Սակայն բաց հարց է այն, թե որքանով է անխուսափելի նման հեռանկարը արդեն մեր սերնդի ժամանակ։
Մանավանդ, որ վերջին մի քանի տարվա ընթացքում բրիտանական իշխանությունները շատ բան են արել միջագային կարգերի խարխուլ կառուցվածքից կառչելու և իրենց համար դիրքեր ապահովելու համար, որոնք թույլ կտան հետագայում ևս դեր խաղալ համաշխարհային քաղաքականության մեջ։ Եվրամիությունից դուրս գալը, ինչը ցնցեց այդ եզակի միավորման հիմքերը, դարձավ այս ուղղությամբ առաջին վճռական քայլը։ ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակցի կարգավիճակը Բրիտանիան համարեց շատ ավելի հեռանկարային տարբերակ, քան զարգացող Գերմանիայի ստվերում գտնվող «միասնական Եվրոպայի» մյուս երկրների շարքում զբաղեցրած տեղը։
Աշխարհում, որտեղ գերիշխում է գերտերությունների մրցակցությունը, իսկ միջազգային կազմակերպությունները անկում են ապրում, Ռ․ Քիփլինգի «Ջունգլիների գրքում» բորենի Տաբակիի խաղացած դերը՝ առյուծին ուղեկցելը, իսկապես դառնում է գայթակղիչ այլընտրանք։
Լոնդոնում հասկանում են, որ նոր, քաոսային աշխարհակարգում Բրիտանիան չի կարող ձեռք բերել ինքնուրույն համաշխարհային կարևորություն։ Սակայն երկրի նոր դիրքը ակնհայտորեն օգնում է մնալ ջրի երեսին և ցանկացած դեպքում ավելի հետաքրքիր և ուրախ կյանքով ապրել։ Այդ մասին կարող ենք դատել առնվազն ըստ այն հանգամանքի, որ մոլորակի ամենատարբեր անկյուններում և կարևորագույն համաշխարհային խնդիրների քննարկման ժամանակ Լոնդոնի ձայնը սկսել է մի քանի անգամ ավելի բարձր հնչել։ Դա մասամբ տեղի է ունենում, քանի որ ԱՄՆ-ն իր ամենամոտ դաշնակցին ներգրավում է իսկապես կարևոր ռազմավարական խնդիրների լուծմանը, ինչպես դա պատահեց անցած տարի AUKUS ռազմատեխնիկական դաշինքի ստեղծման դեպքում։
Սակայն ոչ պակաս չափով նաև այն պատճառով, որ բրիտանացիները պահպանել են սեփական օրակարգը ստեղծելու, առաջարկելու և պարտադրելու կարողությունը։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կորցնելով կայսերական մասշտաբը, իսկ հիմա էլ իրեն զրկելով Եվրամիության տնտեսական և կազմակերպչական ռեսուրսներից՝ այս պետությունը չի տիրապետում ռեսուրսների, որոնք բավարար են քաղաքական ներկայություն ցուցադրելուց ավելին իրականացնելու համար։
Այս պատճառով ստիպված են ռիսկի դիմել․ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենակարևոր համաշխարհային նախագիծը դարձավ Ուկրաինայում Ռուսաստանի դեմ միջնորդավորված պատերազմը։ Այս արկածախնդրական քաղաքականության մարմնավորումը դարձավ վարչապետ Բորիս Ջոնսոնը, ով պահպանեց իր պաշտոնը առնվազն ևս մի քանի ամիս։ Այն, թե որքան կատաղորեն է Լոնդոնը փորձում գրոհել մեզ (Ռուսաստանի – «Հայկական ալիքի» խմբգ.) վրա, ցույց է տալիս, որ նա չի կարող իրեն թույլ տալ և չի էլ ցանկանում խաղաղ կյանք ԱՄՆ հովանավորության ներքո։ Իսկ այստեղ խաղը զարգանում է այնպես, որ թույլ է տալիս հավակնել իսկապես լուրջ ռազմավարական օգուտների։
Ուկրաինական պետության մոտալուտ անհետացումը կարող է հանգեցնել նրան, որ Ռուսաստանի թշնամի Արևելյան Եվրոպան կհայտնվի ճակատամերձ գոտում։ Այդ պայմաններում բրիտանական վճռականությունը և ԱՄՆ-ի վրա հենվելը շատ ավելի գրավիչ կլինեն, քան գերմանական զսպվածությունը և ինքնուրույն Եվրոպա կառուցելու փորձերը։ Խաղադրույքը այն բանի վրա, որ ուժերի նոր հարաբերակցությունը հիմնված կլինի Ռուսաստանի հետ անհաղթահարելի պառակտման վրա, ունի համաշխարհային չափեր։ Եվ շատ հավանական է, որ Բրիտանիայի համար ունի վճռական նշանակություն։ Որովհետև այդ ռազմավարության պարտության և մայրցամաքային պետությունների հետ Մոսկվայի հաշտեցման դեպքում բրիտանացիները ստիպված կլինեն, «պոչը հետ քաշելով», վերադառնալ «եվրոպական ընտանիք»՝ թույլ տալով գերմանական արծվին ամուր բռնել սեփական վզակոթը ճանկավոր թաթով։