Համաշխարհային գործընթացների և հատկապես` ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին օրակարգային է դարձել տարածաշրջանային երկրների՝ հացահատիկով ապահովման խնդիրը։ Ինչպես հայտնի է, այս երկու երկրներն էլ համաշխարհային շուկայում հացահատիկի խոշոր մատակարարներից են։ Պատերազմական գործողությունները, սակայն, առաջ են բերել մի շարք խնդիրներ` խոչնդոտելով ազատ արտահանումը։ Դա իր հերթին հանգեցրել է այլ խնդիրների` գների բարձրացման և պարենի ապահովության խնդրի սրացմանը։ Հիշեցնենք, որ 2020 թ.-ի դրությամբ Ռուսաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը հացահատիկ արտահանող թոփ 10 երկրների ցանկում։ Ծավալը կազմում է մոտ ≈ 37 մլն տ։ Ուկրաինան զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը` ≈ 19 մլն տ արտահանման ծավալով[1]։
Ռուսաստանի հացահատիկի միության վերլուծական բաժնի տնօրեն Ելենա Տյուրինան մամուլում արված հայտարարությունում նշել է, որ նվազել են նաև Ռուսաստանից արտահանված հացահատիկի գնորդների ակտիվությունը։ Դա նաև պայմանավորված է սևծովյան նավահանգիստների ռիսկային իրավիճակով տվյալ պահին։ Անդրադառնալով հացահատիկի գներին՝ նշենք, որ 2022 թ.-ի մայիսի դրությամբ Եվրոպայում գրանցվել է 5․6%-անոց գնաճ[2]։ Ցորենի գների կտրուկ աճը պայմանավորված է նաև Հնդկաստանի կողմից հայտարարված հացահատիկի արտահանման արգելքով, որը պայմանավորված է մի քանի առաջատար արտահանող երկրներում բերքի վիճակի հետ կապված մտահոգությունների, ինչպես նաև ռազմական գործողությունների պատճառով Ուկրաինայում արտադրության հեռանկարների նվազմամբ։
Իսկ ի՞նչ դիրք է զբաղեցնում Հայաստանն այս խճանկարում։ 2020 թ.-ի դրությամբ Հայաստանհացահատիկ է ներմուծվել շուրջ 9 երկրներից, որոնց մեջ գերակշիռ դիրք է զբաղեցնում ՌԴ։ ՌԴ-ից ներմուծման ծավալը դեպի Հայաստան ներկրվող հացահատիկի ծավալի 96․92%-ն է[3]։
Այսպիսով՝ ՀՀ-ն մեծապես կախված է ՌԴ-ից ներմուծվող հացահատիկից, և ցանկացած հապաղում և խոչնդոտ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել Հայաստանում։ Դա արդեն նկատելի է հայաստանյան շուկայի վրա։ Այսպես, սոցցանցային օգտատերերից հավաքագրված տեղեկությունները վկայում են մայրաքաղաքում հացի գների թանկացման մասին։ Մեկ այլ ուշագրավ փաստ է, որ Ռուսաստանը փորձում է խստորեն վերահսկել հացահատիկի արտահանումն արդեն ԵԱՏՄ մակարդակով` վախենալով վերաարտահանումից։ Ռուսաստանը ցանկանում է, որ միության բոլոր անդամները սահմանեն հացահատիկի արտահանման քվոտաներ և մաքսատուրքեր։ Ի պատասխան այս պահանջի՝ Բելառուսի կողմից ցորենի արտահանման ամբողջական արգելք է մտցվել, իսկ Հայաստանն ու Ղրղզստանը դեռևս որոշման կայացման փուլում են։ Դեմ է արտահայտվել Ղազախստանը, որը շահագրգռված է արտահանման զարգացմամբ։ Այսպիսով, բարձր է հավանականությունը, որ Ռուսաստանը կարող է երկարաձգել ԵԱՏՄ մատակարարումների սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մինչև հունիսի 30-ը։
Հաշվի առնելով վերոգրյալը բացարձակապես հիմնավոր չէ դե-ֆակտո իշխանությունների կողմից թմբկահարվող այն թեզը, թե իբր «Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել, [քանզի] պաշարները լրացված են»[4]։
[1] Food and Agriculture Organization of the Unites States, FAOSTAT, Countries by commodity, https://www.fao.org/faostat/en/#rankings/countries_by_commodity_exports (հղվել է 07.06.2022 թ․)։
[2] Food and Agriculture Organization of the Unites States, FAO Food Price Index, https://www.fao.org/worldfoodsituation/foodpricesindex/en/ (հղվել է 07.06.2022 թ․)։
[3] Ներմուծման վիճակագրություն, https://www.petekamutner.am/Content.aspx?itn=csCIImportStatistics (հղվել է 07.06.2022 թ․)։
[4] Հայաստանում հացահատիկի ու շաքարավազի դեֆիցիտ չի կարող լինել. պաշարները լրացված են, 11.03.2022 թ․, https://www.armtimes.com/hy/article/232770 (հղվել է 07.06.2022 թ․)։