Էսսե

«Նվաճման» ներքո մատուցված տապալումները

30 / 12 / 2022

Անցնող տարին լի էր նաև մանիպուլյատիվ բնույթի քայլերով` կատարված դե-ֆակտո իշխանությունների կողմից: Շատ էին քայլերը և հայտարարությունները, որոնք փորձում էին մատուցվել նվաճման կամ հաջողության քողի ներքո: Իսկ քողի տակ, փաստացի, հերթական տապալումն էր և հերթական ապազգային քայլը:

Այսպես hուլիսի 1-ին, երբ ՀՀ դե-ֆակտո վարչապետն այցելել էր Գլխավոր դատախազություն և մասնակցել Հայաստանի Հանրապետության դատախազության ստեղծման 104-ամյակին և Դատախազության աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, իր ելույթում նշել էր. «Մեր բանտերի կիսադատարկ լինելը, անկեղծ պիտի ասեմ, համարում եմ քաղաքական շատ կարևոր ձեռքբերում մեր կառավարության համար»:

Սակայն բախտի քմահաճույքով, այդ ենթադրյալ «ձեռքբերման» մասին հայտարարության հենց նախորդ օրը՝ հունիսի 30-ին, «Արմավիր» ՔԿՀ-ում 84 օր տևած հացադուլից մահացել էր քաղաքացի Ա. Մ․-ն։ Ավելի ուշ` հուլիսի 15-ին՝ դատարանի դահլիճում ուշագնաց լինելուց հետո մահացավ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը: Վերջինս ենթարկվում էր հետապնդման շինծու, քաղաքական ենթատեքստ պարունակող դատական գործով, որով մեղադրվում էր իբր ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու մեջ:

Նմանատիպ շինծու մեղադրանքներն ու դատական գործերը մեկն են այն համաշարում, որում ՀՀ դե-ֆակտո իշխանությունները նպատակաուղղված բանտարկում, կտտանքների են ենթարկում` նաև մահվան ելքով կամ վտարում են ցանկացած հայի, ով փորձում է ընդդիմանալ դե-ֆակտո իշխանություննների օրակարգին:

Հիշեցնենք նաև, որ սույն թվականի ապրիլ-մայիս ամսիներին մեկնարկած «Դիմադրության» շարժման շրջանակներում ևս շատացել էին ձերբակալության և քաղաքական հետապնդման դեպքերը: Այսպես, դեռ հունիսի 6-ին ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը կատարել էր գրառում իր ֆեյսբուքյան էջում, որում նշում էր, որ օրվա դրությամբ Հայաստանում կան մոտ 50 քաղբանտարկյալներ` ներառյալ միչև շարժումը կալանավորվածները։

Մահացող քաղբանտարկյալների հաշվին դատարկվող խցերն ու անմիջապես նոր քաղբանտարկյալներով դրանց համալրումը «ձեռքբերում» համարելը բավականին կասկածելի ենթատեքստ է պարունակում: 

Այսպիսով, 2022-ի համար մեկ «նվաճում»-ը կարելի է համարել քաղաքական հետապնդումների աննախադեպ աճը ՀՀ-ում:

Դե իհարկե տարին չէր կարող չնշանավորվել տնտեսական «նվաճումներով»: Խոսքը, այսպես կոչված, «թանկ դոլարի» քաղաքականության մասին է: Սա սկիզբ առավ, երբ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին Հայաստան տեղափոխվեցին մեծ թվով ռուսաստանցիներ, որոնց գերակշիռ հատվածը տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի աշխատակիցներ էին: Սա, անշուշտ, բերեց տնտեսական մեծ ակտիվություն և արտարժույթի մեծ ներհոսք։ Սակայն եթե տարվա սկզբին դոլլարը բավականին թանկ էր, ապա ամսեամիս աստիճանաբար անկում ապրեց, ինչը հանգեցրեց դրամի էական արժևորման և դրանից բխող մի շարք խնդիրների, որ վերաբերվում են հայ տնտեսվարողներին։ Հատկապես ծանր իրավիճակում են հայտնվել արտահանող տնտեսությունները, որոնք միջազգային շուկայում հայտնվում են մրցակցությունից դուրս և կրում հավելյալ ծախսեր։

Հայտնի է, որ այս տարվա ընթացքում դոլլարի կուրսը դրամի նկատմամբ նվազել է մոտ 20%-ով։ Այս երևույթը տնտեսագիտության մեջ անվանում են նաև «հոլանդական հիվանդություն», երբ արտասահմանյան արժույթի մեծ ներհոսք է տեղի ունենում դեպի երկիր, որի հաշվին արժևորվում է տվյալ երկրի ազգային արժույթը, և դրա հաշվին արտահանման արժեքը բարձրանում է: Արդյունքում, արտահանող բիզնեսները դառնում են ոչ մրցունակ։ Այս երևույթն այժմ նկարագրում է այն իրավիճակը, որում հայտնվել են հայրենական արտադրողները, այդ թվում՝ մի շարք ՏՏ ընկերություններ։ Ոչ մրցունակությունն ամենակարևոր խնդիրներից է, որին բախվում են հայրենական արտադրողները, որոնք իրենց արտադրանքն ու ծառայություններն են փորձում վաճառել միջազգային շուկայում։

Դե-ֆակտո իշխանությունները գլուխ են գովում, որ այս քայլով կարողացել են կասեցնել թանկացումները, նվազեցրել են արտաքին պարտքը, սակայն սա միայն առաջին հայացքից: Եթե արտարժույթով դիտարկենք ներկրվող ապրանքների գները, ապա կնկատենք, որ թանկացումներ, այնուամենայնիվ, եղել են, և դե-ֆակտո իշխանությունները միանգամայն արհեստական միջոցներով են զսպել գնաճը: Բնականաբար, որքան երկարաձգվի այս իրավիճակը, այնքան ծանր են լինելու հետևանքները հայրենական տնտեսության համար, քանի որ դոլարի փոխարժեքը վաղ թե ուշ բալանսավորվելու է, և սա բերելու է իր հետ տնտեսական խորը ճգնաժամ:

Փաստացի, այս ժամանակավոր տնտեսական նվաճման կողքին ունենք առավել խորքային խնդիր, որի պատճառով տնտեսությունը կարող է բախվել մեծ ճգնաժամի:

Վերջին և զրնգուն ակորդը «նվաճումների» շարքում կազմում են օրենսդրական «բարեփոխումները»: Խոսքը մասնավորապես 2 օրինագծերի մասին է, որոնք պատրաստելու են Հայաստանը տոտալ թրքացմանը:

Առաջինը ոստիկանության կողմից ներկայացված այն նախագիծն է, համաձայն որի Հայաստանի տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և սպորտի բնագավառներում նշանակալի ավանդ ունեցած օտարերկրացիները՝ անկախ ազգային, էթնիկ պատկանելիությունից կարող են ստանալ ՀՀ քաղաքացիություն։ Իսկ արժեքը բավականին մատչելի է` ընդամենը 150.000 դոլար:

Առաջին հայացքից տնտեսությանը զարկ տալուն և նշանակալի ավանդի համար քաղաքացիություն ստանալու պարզեցման պատրվակի ներքո թաքնված է Հայաստանի Հանրապետության անձնագրի և հետևաբար ընտրելու և սեփականություն՝ հող ձեռք բերելու իրավունքի վաճառքը, որի գնորդներն առանց որևէ խոչնդոտի կարող են լինել նաև թշնամական երկրներից։ Այս հանգամանքը, հավանաբար, հաշվի չէր առնվել դե-ֆակտո իշխանությունների կողմից:

Ապա, դեկտեմբերի 8-ին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական մի խումբ դե-ֆակտո պատգամավորներ նախաձեռնել են փոփոխություններ «Ռազմամարզական գործունեության մասին» օրենքում: Մասնավորապես, նոր փոփոխությունների համաձայն, արգելվում է «հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասսայական խտրականության խոսք կամ վերաբերմունք»:

Առաջին հայացքից անմեղ թվացող այս «առաջադիմական» քայլը, սակայն, մի կարևոր հանգամանք է նախանշում. այն, որ նույն ռասսայական խտրականության արգելքը տարածվում է նաև Հայաստանի թշնամիների, մասնավորապես` թուրքերի և ադրբեջանցիների վրա: Հարց է առաջանում. ո՞րն է այդ ռազմական կազմակերպությունների գործունեության իմաստը, եթե առաջնահերթ հենց նրանք չպետք է սովորեցնեն թշնամուն ոչնչացնել և հոգեբանորեն պատրաստ լինել դրան ցանկացած պահի: Իսկ մեր թշնամիները դադարե՞լ են մեր նկատմամբ ատելություն գեներացնելն ու ռասսայական խտրականություն կիրառելը… Բնականաբար` ոչ: Ավելին, հայատյացությունը ինչպես և կար, այնպես էլ շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչը: Ինչպե՞ս է պատրաստվում Հայաստանը դիմագրավել այս մարտահրավերին, երբ ՀՀ-ում այսուհետ գործելու են անատամ ռազմական կազմակերպություններ, որոնք ճիշտ է սովորեցնում են զենքից օգտվելու կանոնները, բայց այ թե ում դեմ պետք է այդ զենքը կիրառվի, զարմանալիորեն, չեն նշում: Ի դեպ, եթե նկատեցիք, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի շինծու մեղադրանքի մեջ նման տարրերի կիրառման նախադեպ արդեն եղել է:

Այսպես, դե-ֆակտո խունտան հարմարեցնում է ՀՀ օրենսդրական դաշտը Հայաստանի թրքացմանը, որը կսկսվի այսպես աննկատ, առաջին հայացքից «անմեղ» քայլերով, իսկ հետևանքները կլինեն ծանր բոլորիս համար:

Դե-ֆակտո իշխանականներն, իհարկե, չեն համաձայնվի մեզ հետ` պնդելով, որ իրենք տիտականական աշխատանք են կատարել Հայաստանը փոքր-ինչ ավելի բարեկեցիկ դարձնելու և բարեփոխումներ կատարելու ուղղությամբ: Մենք, թերևս, ուրախ ենք, որ նրանք չեն համաձայնվի մեզ հետ, այլապես դա կլիներ մեր տապալումը: Իսկ այն, որ նմանատիպ «բարեփոխումներն» ու «նվաճումները» միայն նպաստում են օր առաջ հայկական պետականության վախճանի մոտենալուն, վեր է կասկածից:

Սյուզան Նաջարյան

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *