Նորություններ

ՀՀ ԶՈւ-ի կազմալուծումը գլոբալ ռազմականացման ֆոնին

02 / 09 / 2022

2020 թվականի 44-օրյա պատերազմում երկիրը պարտության տանելուց հետո Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հռչակեցին «խաղաղության դարաշրջանի» սկիզբը, որն ուղեկցվում է Բաքվից ուժի կիրառման սպառնալիքներով և վերջնագրերով։

Հատկանշական է, որ 2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանը 20%-ով ավելացրել է իր ռազմական բյուջեն, լրացնում է կորուստները և նոր զորամասեր է կառուցում Հայաստանի ու Արցախի սահմաններին։ Թուրքիան ռազմական գործողություններ է իրականացնում իր սահմաններից դուրս, մասնավորապես՝ Սիրիայում և Իրաքում։

Նախկինում հանդարտ Եվրոպայում ևս անվտանգության խնդիրներն առաջին պլան են մղվել։ Եվրոպան գնալով ավելի է ռազմականացվում, ինչպես մանրամասն ներկայացված է «Հայկական նախագծի» զեկույցում:

Հիշեցնենք որոշ եվրոպական պետությունների պլանները ռազմական ոլորտում. 2022 թվականի մարտի 18-ին Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ստորագրել է բանակի թվաքանակն ավելացնելու մասին օրենք։ Փաստաթղթի համաձայն՝ Լեհաստանի զինված ուժերի թիվը 150 հազարից կկրկնապատկվի մինչև 300 հազար։ Պաշտպանական ծախսերը նույնպես այս տարի ՀՆԱ-ի 2,2%-ից հաջորդ տարի կհասնեն 3%-ի:

Մայիսի 31-ին Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է. «Գերմանիան շուտով կունենա Եվրոպայում ՆԱՏՕ-ի կազմում ամենամեծ ավանդական բանակը»: Իսկ մայիսի 30-ին հայտնի դարձավ, որ կառավարությունն ու Գերմանիայի Պահպանողական կուսակցությունը պայմանավորվել են 100 միլիարդ եվրո հատկացնել երկրի զինված ուժերի արդիականացման համար։ Նշվել է, որ գործարքը թույլ կտա Բեռլինին «միջինում մի քանի տարվա ընթացքում» հասնել ՆԱՏՕ-ի երկրների համար անհրաժեշտ ցուցանիշին, որով պաշտպանական ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 2%-ը։ Վերջին ութ տարիների ընթացքում Գերմանիայի պաշտպանական ծախսերը եղել են ՀՆԱ-ի 1,1-1,5%-ի սահմաններում: Այս պահին Գերմանիայի զինված ուժերի զինծառայողների թիվը կազմում է 182 հազար։ Գերմանիան զինված ուժերի թվով զիջում է Թուրքիային (550 հազար) և Ֆրանսիային (205 հազար զինվորական): Եթե ​​խոսքը Թուրքիայի զինված ուժերին քանակապես գերազանցելու մասին է, ապա Գերմանիան եռապատկելու է զինվորականների թիվը։

Ինչ վերաբերում է Ֆրանսիային, ապա հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 1-ին խոստացել է ֆրանսիական բանակը տեխնիկական առումով առաջինը դարձնել Եվրոպայում։

«Ուժեղ բանակը մեր ռազմավարության առանցքային կետն է… Մենք ունենք 2019-2024 թվականների սպառազինության ծրագիր, որը թույլ կտա մեզ վերականգնել մեր հնարավորությունները, ինչպես նաև հարմարվել աշխարհում ներկայիս իրավիճակին, ինչը թույլ կտա դարձնել ֆրանսիական բանակը առաջին բանակը Եվրոպայում»,– ասել է Մակրոնը՝ ելույթ ունենալով Ֆրանսիայի դեսպանների համաժողովի բացմանը։

Ավելի վաղ Մակրոնը պաշտպանության նախարարությանը կոչ էր արել վերանայել 2019-2025 թվականների ռազմական ծրագրավորման օրենքը՝ հաշվի առնելով կոնֆլիկտն Ուկրաինայում։ Նա նշել էր, որ Ֆրանսիան «մտել է պատերազմական տնտեսության ռեժիմ»։

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 26-ին ԵՄ արտաքին գործերի և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելն ասել է, որ «իրերի բնական կարգը պատերազմն է», և ոչ խաղաղությունը, ինչպես կարծում էին նախկինում։

Համընդհանուր ռազմականացման ֆոնին Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները մտածում են, թե ինչպես ավելի թուլացնեն բանակը։ Մասնավորապես, դե-ֆակտո վարչապետն ասել է, որ նախատեսում է կրճատել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը և այն փոխարինել մի քանի զինվորական հավաքներով, իսկ դե-ֆակտո կառավարությունը խորհրդարան է ներկայացրել հակասոցիալական օրենք, ըստ որի՝ հարուստները կկարողանան գումարով ազատվել ծառայությունից և այլն։ Այս բոլոր միջոցները ոչ թե տանում են դեպի խաղաղության դարաշրջան, այլ հրահրում են Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված նոր պահանջներ և ագրեսիաներ։

 

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *