Հարցազրույց

«Պայքարն այլընտրանք չունի»

06 / 03 / 2023

Շուտով կլրանա Արցախի շրջափակման 3 ամիսը: Արցախցիները շարունակում են պայքարել` չնայած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների անգործությանը և ռեսուրսների պակասին: Պայքարում է նաև հայրենական բիզնեսը` փորձելով սահմանափակումներից ստանալ հնարավորությունների նոր պատուհան: Հաջողությունների և դժվարությունների մասին զրուցել ենք «gg» ընկերության հիմնադիր Խաչատուր Գրիգորյանի հետ:

Դուք շրջափակման սկզբից գտնվում եք Արցախում: Մի փոքր կպատմե՞ք՝ ինչպիսի՞ն է կյանքը շրջափակման մեջ, ի՞նչ վիճակում է հասարակությունը, ինչպիսի՞ն է հասարակական տրամադրությունը:

Շրջել եմ Արցախ աշխարհի քաղաքներով և շէներով, ձեռք եմ բերել նոր ընկերներ, բարեկամներ, ինչի համար շատ երջանիկ եմ: Նաև մի կուճիր յուրացրել եմ Արցախյան քաղցր բարբառը: Աչքովս տեսել և զգացել եմ մարդկանց հույզերը, նվիրվածությունը, անձնազոհությունը: Այս ամենը հասկացված լինելու, գնահատման կարիք ունի: Եթե ուզում եք Ձեզ երջանիկ հայ զգաք արժի առաջին իսկ հնարավորության դեպքում գալ Արցախ:

Արցախի հայությունը տեղից էլ կուռ, միասնական հանրություն է: Այս նոր փորձությունն ավելի ամուր է դարձնում մեզ: Իմ տրամադրությունը բարձր է, իսկ մարդկանց հետ շփվելուց հետո այն էլ ավելի է բարձրանում: Արցախում կա թիմային ոգի, որն ուժեղ հիմք է մեծ բան կառուցելու համար: Կրկին պետք է նշեմ, որ երջանիկ եմ ազգիս հետ լինելու համար: Մենք մեծ ընտանիք ենք, ինչը հատուկ ջերմություն է հաղորդում:

Շուտով կլրանա շրջափակման 3 ամիսը: Ինչպիսի՞նն են դարձել կենսական պայմաններն Արցախում: Ինչի՞ կարիք կա:

Եղանակը տաքացել է, ինչն ավտոմատ կենցաղային պայմաններից կախումը մի փոքր նվազեցնումէ: Գազի մատակարարումն առկա է, կա բենզինի խնդիր, ինչի պատճառով շատ ավտոմեքենաներ դարձել են անպիտան: Էլեկտրաէներգիան օրվա կտրվածքով մի քանի ժամ չի լինում, ինչին թերևս մարդիկ արդեն սովորել են, բայց դա ամեն դեպքում որոշակի անհարմարություններ է ստեղծում թե՛ կենցաղի թե՛ արտադրական պրոցեսների համար: Բազմաթիվ գործարարներ ամեն օր տուժում են այս իրավիճակից, հետևաբար զգալի կորուստ է կրում տնտեսությունը: Կենցաղային խնդիրները տարատեսակ են, բայց շատ ավելի կարևոր է խնդրի լուծման եղանակը գտնելը: Ամեն դեպքում Արցախը ցույց է տալիս, թե ինչպես պետք է դիմակայել փորձություններին:

Հայաստանում շատ չեն ազգային բրենդները, որոնք գործում են կամ մասնաճյուղ ունենԱրցախում: «gg» ընկերությունն Արցախում ունի մասնաճյուղ: Ձեր տեսանկյունից ի՞նչ դժվարություններ է ստեղծել շրջափակումը բիզնեսի համար:

Այո՛, մունք օնինք Մըծ Թիմ Արցախում, ինչը մեր հպարտությունն է: Մեր ստեղծած ենթակառուցվածը կարևոր դեր է խաղացել վերջին ամիսներին: ՋիՋին՝ որպես ցանցային տրանսպորտային ընկերություն, լուծել և լուծում է տեղափոխման խնդիր մեր օգտվողների համար՝ զուգահեռ ապահովելով զբաղվածություն մեր գործընկերներին: Մեծ բաները ստեղծվում ենդժվարությունների միջով անցնելով: Մեր թիմը հաջողությամբ հաղթահարում է ստեղծված խոչընդոտները:

Իսկ ընդհանուր առմամբ և՛ բիզնեսի ոլորտում, և՛ առհասարակ ավելի լայն համատեքստում սահմանափակումներից զատ շրջափակումը տալի՞ս է արդյոք ինչ-որ հնարավորություններ: Կարո՞ղ ենք այս ամենի մեջ գտնել որևէ դրական կետ:

Ստեղծված իրավիճակը տեղով հնարավորություն է: Հաջողակ մարդը տարբերվում է նրանով, որամեն մի իրավիճակի մեջ տեսնում է ստեղծվածհնարավորությունները: Թիմն ուժեղացնելու և համալրելու համար հարմար պահ է: Երևանում տեղակայված ընկերությունները թերագնահատում են հայկական մյուս քաղաքների պոտենցիալը: Երևանյան շուկան գերհագեցած է տարատեսակ մեծ և փոքր ընկերություններով, իսկ Ստեփանակերտում, Տաշիրում, Գորիսում, Կապանում,Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում, Դիլիջանում, բոլոր հայկական մեծ ու փոքր քաղաքներում և շէներում հրաշալի մարդիկ են ապրում, ովքեր կարող են Ձեր թիմի մաս դառնալ: Կարևոր է, որ նրանք մնան իրենց հարազատ բնակավայրերում, որոնք այդ պարագայում կծաղկեն և կզարգանան լրիվ այլ տեմպերով:

Ի՞նչ խորհուրդ կտաք Արցախում և Հայաստանում ապրող հայությանը:

Մունք պետք է պատրաստ լինենք երկարատև պայքարի: Մունք պետք է սովորենք, որ կյանքը պայքար է: Լավ ապրելու համար պետք է շատ պայքարել, այլ ուղի ուղղակի չկա: Ոչ մեկ մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծելու, ամեն մեկս ավելի մեծ պատասխանատվություն պետք է վերցնենք մեր ուսերին: Մենք մի ազգ ենք, մեկ ընտանիք, իրար ավելի շատ պետք է սիրենք և հարգենք:
Միևնույն ժամանակ մոլորյալներին պետք է փորձել դարձի բերել մեր օրինակով: Պայքարն այլընտրանք չունի: Կա՛մ պայքարում ես հանուն մեր ազգի, թիմի, ընտանիքի, կա՛մ լուռ մասնակցում ես մեր տան քանդման աշխատանքներին: Երրորդ տարբերակ չկա:

Դիմում եմ հայ մարդուն. գտի՛ր հարցերիդ պատասխանները քո սրտում: Մի՛ վախեցիր, մենք թույլ չենք: Միասին մենք ուժե՛ղ ենք: Իմ ընտրությունը պայքարել և հաղթելն է: Իսկ քո՞նը:

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը

Related Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *