Հունիսի 20-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում` խորհրդարանի շենքի առջև տեղի է ունեցել հանրահավաք` ի աջակցություն Վրաստանի ԵՄ ինտեգրման: Հանրահավաքի խորագիրն է եղել «Դեպի տուն` Եվրոպա»:
Հունիսի 17-ին Եվրոպական հանձնաժողովը տրամադրեց երաշխիքներ Մոլդովային և Ուկրաինային` ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ, իսկ Վրաստանին առաջադրեց 12 կետերից բաղկացած նախապայմանների ցանկ, որոնց ապահովման դեպքում միայն երկիրը կարող է ինտեգրվել Եվրամիություն:
Սա հիմք ծառայեց, որպեսզի Վրաստանում վերսկսվեն ակցիաները` ի աջակցություն եվրոինտեգրմանը: Իսկ հունիսի 23-24 անցկացվելու է ԵՄ գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվելու է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցը: Հանրահավաքի կազմակերպիչների շարքում է ընդդիմադիր «Ամոթ» քաղաքացիական շարժումը: Ըստ կազմակերպիչների` ակցիայի նպատակն է լսելի դարձնել Վրաստանի ձայնը Եվրոպայի համար, իսկ կառավարությանը` հասկացնել, որ վերջինիս գործունեությունն է մինչ այժմ խոչընդոտել Վրաստանի եվրոինտեգրմանը:
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 3-ին Վրաստանը ներկայացրել էր ԵՄ անդամակցության իր դիմումը: Մարտի 7-ին Եվրամիության խորհուրդը դիմել է Հանձնաժողովին, որպեսզի վերջինս ներկայացնի իր կարծիքը այս դիմումի վերաբերյալ։ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել այս որոշմանը Վերսալում կայացած առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ:
Հաշվի առնելով Վրաստանի երկարամյա ձգտումը դեպի ԵՄ` երկիրը վաղուց պետք է ստացած լիներ թեկնածուի կարգավիճակ, մինչդեռ Ուկրաինան և Մոլդովան առաջ ընկան այդ հարցում: 2003 թ.-ի «Վարդերի հեղափոխություն»-ից ի վեր երկիրը հաստակ ընտրել է իր քաղաքական վեկտորը` Արևմուտք: Վրաստան-ԵՄ հարաբերություններն առավել խորացվել են 2014 թ. հունիսին ստորագրված Ասոցացման համաձայնագրով (AA), որը ներառում է նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտին (DCFTA): Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2016 թ.-ի հուլիսի 1-ից: Այսօր Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Կատարի տնտեական ֆորումի ժամանակ, կարծես ակնարկելով, որ կարգավիճակ չտրամադրելու պատճառներն այլ են, ասել է. «Եթե համեմատեք Վրաստանի կատարողականը, մեր բարեփոխումները, եթե դա լիներ արժանիքների վրա հիմնված մոտեցում, իհարկե, Վրաստանը կլիներ առաջին երկիրը, որին կշնորհվեր թեկնածուի կարգավիճակ։ Ինչո՞ւ։ Շատ կոնկրետ արդյունքների պատճառով, մեր երկրի ցուցաբերած արդյունքների»:
Սրանից արվելիք երկու կարևոր հետևություններն են`
- Հետխորհրդային երկրներից ամենաառաջինը գունավոր հեղափոխության ալիքի տակ հայտնված և եվրոպական ինտեգրացիայի ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկած Վրաստանը մինչ օրս չի կարողանում ստանալ նույնիսկ անդմակցության թեկնածուի կարգավիճակ: Սա ազդանշան է գունավոր հեղափոխության զոհ դարձած բոլոր հետխորհդային երկրներին, որ նրանք Արևմուտքի համար ոչ ավելին են, քան հակառուսական ազդեցության գոտիներ: Այս դեպքում Ուկրաինային և Մոլդովային թեկնածուի կարգավիճակի տրամադրումը, կարելի է ասել, կապված է բացառապես աշխարհաքաղաքական առաջնահերթությամբ, այլ ոչ թե այս երկրների՝ արձանագրած լուրջ փոփոխությունների, որոնք պահանջում է ԵՄ-ն։
- Նման գոտիների ստեղծման նպատակով են անցկացվել գունավոր հեղափոխություններ Հարավսլավիայում ( «Բուլդոզերային հեղափոխություն» 2000 թ.), Ուկրաինայում («Նարնջագույն հեղափոխություն» 2004 թ., «Եվրամայդան», 2014 թ.), Վրաստանում («Վարդերի հեղափոխություն», 2003 թ.), Ղրղզստանում («Կակաչների հեղափություն», 2005 թ.): Տեխնոլոգիաներով դրանց նման է և մեկ շարքում կարելի է դասել նաև Հայաստանի հեղափոխությունը («Թավշյա հեղափոխություն», 2018 թ.): Եթե ուշադրություն դարձնենք աշխարհագրությանը (Արլ. Եվրոպա, Անդրկովկաս, Կենտրոնական Ասիա), բոլոր այս երկրները գտնվում են այնպիսի հանգուցային կետերում, որոնք ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար և ինքնին շղթա են կազմում ՌԴ-ի շուրջ: